ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ՔԱՂՑ

ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ՔԱՂՑ

6922

Վիտամին բառը լատինական ծագում ունի, նշանակում է կյանք: Միայն ծագումից իսկ կարելի է ենթադրել, թե որքան կարևոր ու անփոխարինելի են վիտամինները: Դրանք կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ են, որոնք ապահովում են մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը: Քանի որ վիտամինների մեծ մասը չի սինթեզվում օրգանիզմում, տարվա որոշակի ժամանակահատվածում կարող է դիտվել«վիտամինային քաղց»: Հենց վիտամինային քաղցի մասին է մեր զրույցը մանկաբույժ Երվանդ Մանուկյանի հետ:

-Հայտնի է վիտամինային խանգարումների մի քանի տեսակ: Ո՞ր տեսակներն են առավել հաճախ հանդիպում երեխաների մոտ հատկապես գարնանը:

-Վիտամինային անբավարարությունը մանկան օրգանիզմում մեկ կամ մի քանի վիտամինների պակասն է, որը բերում է օրգանիզմում ընթացող կենսաբանական և նյութափոխանակության գործընթացների խանգարման: Գոյություն ունի վիտամինային անբավարարվածության երեք տեսակ` ավիտամինոզ (վիտամինի գրեթե լիարժեք բացակայություն), հիպովիտամինոզ (վիտամինի պակաս քանակություն օրգանիզմում) և, այսպես կոչված, վիտամինների մարգինալ, սահմանային անբավարարություն, որը չունի որևէ կլինիկական դրսևորում և բացահայտվում է միայն արյան հետազոտման արդյունքում: Վիտամինային անբավարարությունը լինում է նաև մոնո կամ պոլիվիտամինային, երբ գերակշռում է առանձին վերցրած այս կամ այն վիտամինի կամ մի քանի վիտամինների միաժամանակյա անբավարարություն: Ներկայումս առավել հաճախ հանդիպում են հիպովիտամինոզները և սահմանային անբավարարությունը:

-Իսկ որո՞նք են վիտամինային անբավարարության հիմնական պատճառները:

– Պատճառները տարբեր են, առաջին հերթին` ոչ ճիշտ սնվելու, սննդի ցածր որակի ու կենսաբանական ցածր արժեքի հետևանք են: Դրանք կարող են հանգեցնել մարսողական համակարգի հիվանդությունների, այդ թվում` սննդանյութերի ներծծման և օրգանիզմի կողմից յուրացման խանգարումների, ասել է թե աղիքների դիսբիոզի: Պատճառներից մեկն էլ դեղամիջոցների, հատկապես հակաբիոտիկների, քիմիապատրաստուկների չարաշահումն է: Նման դեպքերում առաջանում է վիտամինների բարձր պահանջարկ օրգանիզմի կողմից: Իրեն զգացնել է տալիս ֆիզիկական և մտավոր լարվածությունը, էկոլոգիական անբարենպաստ պայմանների հետևանք են դառնում օրգանիզմում ճիճվի և պարազիտների առկայությունը:

Ո՞րն է վիտամինային անբավարարության վճռական գործոնը երեխաների մոտ:

-Վիտամինային անբավարարության առաջացման մեջ վճռական դեր է կատարում սնունդը: Մարդը, ի տարբերություն կենսաբանական այլ տեսակների, «վերամշակում» է իր սնունդը` դրանով իսկ նվազեցնելով նրա կենսաբանական արժեքը: Ենթարկելով տեխնոլոգիական մշակման` մարդը ոչ միայն իջեցնում է սննդի կենսաբանական արժեքը, այլև հարստացնում է այն վնասակար հավելումներով` կոնսերվանտներով, որոնք խիստ վնասակար են օրգանիզմի համար: ԱՄՆ-ի Ջորջիայի համալսարանի գիտնականները մկների սննդի մեջ ավելացրել են մարդու սննդի մեջ մեծ կիրառություն ունեցող սննդային հավելումներ` կարբօքսիմեթիլ ցելյուլյոզա, պոլիսորբատ 80 և նատրիումի գլյուտամատ: Կարճ ժամանակ անց մկները զգալի ավելացրել են իրենց քաշը և ճարպակալել, իսկ 6 ամիս անց նրանց մի մասի մոտ առաջացել է անպտղություն: Սպիտակ ալյուրով պատրաստված մակարոնեղենը, հացը, փայլեցրած բրինձը, ռաֆինացված և դեզոդորացված բուսական յուղերը ոչ մի սննդային արժեք չեն ներկայացնում, միայն հագեցնում են քաղցն ու գիրացնում: Շաքարն առաջացնում է քաոս ենթաստամոքսային գեղձում և ածխաջրատային փոխանակության մյուս օրգաններում` բերելով նյութափոխանակության կոպիտ խախտումների: Երկարատև ջերմային մշակման ենթարկված բանջարեղենի կամ 250° C-ում տապակած սննդի մեջ օգտակարությունից ոչինչ չի մնում: Դրոժով պատրաստված հացը վատ է անդրադառնում աղիքների բնականոն միկրոֆլորայի վրա, արդյունքում` աղիք ների դիսբիոզները համատարած բնույթ են կրում, որն էլ իր հերթին արգելակում է վիտամինների յուրացումն օրգանիզմի կողմից:

Ի՞նչ նախանշաններով է հնարավոր պարզել, թե խանգարման որ տեսակն է ի հայտ եկել երեխայի մոտ:

-Ընդհանուր առմամբ վիտամինային անբավարարությանը բնորոշ են ինքնազգացողության վատացումը, մտավոր և ֆիզիկական աշխատունակության անկումը, իմուն համակարգի անլիարժեք կենսագործունեությունը, հաճախակի հիվանդանալը, ֆիզիկական և հոգեկան զարգացման անկումը, գունատությունը, ախորժակի բացակայությունը, թուլությունը, հիվանդագին վիճակների ձգձգումն ու առողջացման դանդաղումը: Օրգանիզմում վիտամին C-ի անբավարարությունը բերում է իմունիտետի անկման և լնդերի արյունահոսության, վիտամին A-ինը` մաշկի չորության,մաշկի, լորձաթաղանթների պատնեշային կենսագործունեության և տեսողության անկման, B խմբի վիտամինների անբավարարությունը բերում է դյուրագրգռության, երկաթի և յոդի անբավարարությունը` մազաթափության, կալցիումի անբավարարությունը` եղունգների փխրունության, կալիումի և մագնեզիումի պակասը` անքնության, դյուրագրգռության, մկանային դիստոնիաների, վիտամին E-ի անբավա րարությունը` էրիտրոցիտների քայքայման, իսկ նորածինների մոտ` աչքի ցանցաթաղանթի ծանր ախտահարման, վիտամին D-ի անբավարարությունը` ոսկրամկանային համակարգի ձևախեղումների և ռախիտի, նյարդային համակարգի ախտահարման, ֆոլաթթվի և վիտամին B 12-ինը` սակավարյունության, վիտամին կալիումի անբավարարությունը` արյան մակարդելիության խանգարումների և արյունահոսության …

Ի՞նչ եղանակով է հնարավոր պարզել երեխայի օրգանիզմում որևէ վիտամինի պակասը:

Հնարավոր է պարզել միայն լաբորատոր հետազոտություների /արյան և մեզի մեջ վիտամինների խտության որոշում/ միջոցով: Որոշակի տեղեկություն կարող է տալ երեխայի սննդակարգում այս կամ այն սննդատեսակի բացակայությունը: Ինչպես ցանկացած առողջական խնդրի, այնպես էլ վիտամինային անբավարարության լուծումը պետք է լինի համալիր, այսինքն` ոչ միայն պետք է լրացվի պակասող վիտամինների քանակը, այլև պետք է փորձել վերացնել անբավարարություն առաջացնող պատճառը` դիսբիոզը:

-Հնարավո՞ր է արդյոք երեխայի համար ցանկալի սննդի միջոցով կողմնորոշվել, թե ինչ վիտամինի պակաս ունի փոքրիկը:

-Ախտորոշել հնարավոր չէ, բայց կողմնորոշվել կարելի է, միայն թե պետք է և կարևոր է գնահատել ոչ միայն վիտամինների, այլև մյուս նուտրիենտների անբավարարությունը, որոնք ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն: Այսպես, հակումը բանանի նկատմամբ վկայում է օրգանիզմում կալիումի անբավարարության մասին, թթու և աղի ուտելիքների նկատմամբ` նատրիումի անբավարարության մասին, սեխի նկատմամբ` վիտամին Ա-ի, պանրի նկատմամբ` կալցիումի և ֆոսֆորի, կաթի նկատմամբ` կալցիումի, տրիպտոֆան, լիզին և լեյցին ամինաթթուների անբավարարության մասին, քաղցրի նկատմամբ`քրոմի, շոկոլադի նկատմամբ` մագնեզիումի, թթու մրգերի նկատմամբ` վիտամին C-ի, ընդեղենի նկատմամբ` B վիտամինների, ծովամթերքի նկատմամբ` յոդի, կարագի նկատմաբ` վիտամին D-ի, սառը ըմպելիքների նկատմամբ` մանգանի անբավարարության մասին: Եթե երեխայի մոտ կա սառույց ուտելու ցանկություն, օրգանիզմում առկա է երկաթի պակաս, հող և կավիճ ուտելու ցանկություն` կալցիումի և վիտամին D-ի, թուղթ ուտելու ցանկություն` ֆտորի, լուցկու գլխիկը ծամելու ցանկություն` ծծումբի և ֆոսֆորի …

vitamin2

Առանց լրացուցիչ վիտամինային հաբերի կարելի՞ է լրացնել երեխայի օրգանիզմում առկա վիտամինային անբավարարությունը:

-Ժամանակակից մարդու աշխատանքային գործունեությունը, լարված կյանքը, կենցաղը և սնունդն ի վիճակի չեն լիարժեք բավարարել օրգանիզմի պահանջը: Ժամանակակից սնունդը չի կարող բավարարել օրգանիզմի վիտամինային պահանջը: Ներկայումս ազգաբնակչությունը ունենում է վիտամինների անբավարարություն ոչ միայն ձմեռ-գարուն շրջանում, այլև ամբողջ տարվա ընթացքում: Մարդը չի կարող օրգանիզմում կուտակել վիտամինների անհրաժեշտ պաշար` գարնանային շրջանը հաղթահարելու համար, քանի որ ընդունված վիտամինները ծախսվում են օրգանիզմի կենսագործունեության վրա, իսկ ավելցուկը հեռացվում է օրգանիզմից արտազատվող նյութերի միջոցով: Օրգանիզմը ինքնուրույն չի սինթեզում վիտամիններ, ուստի դրանք պետք է ստանա անընդմեջ: Վիտամինային անբավարարության ռիսկային են համարվում վաղ մանկական տարիքի և ինտենսիվ աճի շրջանում գտնվող, սպորտով զբաղվող երեխաները, ինչպես նաև հիվանդ, թերսնվող, տեխնոլոգիական մշակման ենթարկված սնունդ երկարատև ստացող երեխաները: Վիտամինային անբավարարությունը գաղտնի և որակական քաղց է, երբ օրգանիզմը կուշտ է, բայց թերսնված: Այս դեպքում անհրաժեշտ է հնարավորինս լրացնել սննդի որակական թերարժեքությունը ոչ միայն վիտամիններով, այլև օրգանիզմի լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ մյուս նուտրենտներով: Նույնիսկ մեկ նուտրենտի բացակայությունը վատ է անդրադառնում աճող օրգանիզմի կենսագործունության վրա:

 Կարելի՞ է արդյոք ինքնուրույն վիտամինային համալիր պատրաստուկներ տալ:

-Հիմնականում անհրաժեշտ է լինում լրացնել օրգանիզմի բազմա վիտամինային անբավարարությունը հենց բազմավիտամինային համալիր պատրաստուկների միջոցով: Նախապատվությունը պետք է տալ այն համալիր պատրաստուկին, որի մեջ գերակշռում է օրգանիզմում բացակայող վիտամինը: Դա կարող է անել նաև ծնողը, բայց բժշկի մասնագիտական խորհրդով: Շատ կարևոր է վիտամիններ տալուց առաջ նախապես երեխայի օրգանիզմը մաքրել հնարավոր ճիճուներից, այլապես վիտամիններով կսնուցենք նաև նրանց: Եվ դա պետք է անել ոչ միայն արդյունավետ, այլև անվտանգ դեղամիջոցով: