Կարպալ թունելի համախտանիշ
Կարպալ թունելի համախտանիշն իրենից ներկայացնում է ախտանիշների հանրագումար, որոնք առաջանում են դաստակային խողովակում (թունելում) վերին վերջույթի նյարդերից մեկի՝ միջային նյարդի տեղային ճնշմամբ։ Կարող է լինել միակողմանի՝ հիմնականում ախտահարելով գերակշռող (դոմինանտ) կողմի ձեռքը։ Սակայն հանդիպում է նաև երկկողմանի դաստակային թունելի համախտանիշ, հատկապես՝ էնդոկրին և հոդային հիվանդությունների ֆոնին։ Դաստակային թունելով անցնում են մատների ծալիչների 9 ջլերը և միջային նյարդը։ Միջային նյարդը, դուրս գալով դաստակային թունելից, բաժանվում է մի քանի շարժիչ և զգացող ճյուղերի՝ նյարդավորելով.
- թենարի (բթամատի հիմի) մկանները,
- I և II որդանման մկանները,
- բթամատի, ցուցամատի, միջնամատի ափային մաշկը և մատնեմատի ափային մաշկի ճաճանչային կողմը (դրսային երեքուկես մատները),
- բթամատի, ցուցամատի, միջնամատի ծայրերի թիկնային մաշկը։
Պատճառներ
Դաստակային թունելի համախտանիշը բազմապատճառային հիվանդություն է։
Պատճառներից կարելի է թվարկել.
- Անատոմիական տեղաշարժեր.
- Թունելի չափսերի փոքրացում (դաստակի ոսկրերի հոդախախտ, դաստակային կապանի հաստացում)։
- Թունելի պարունակության մեծացում (ուռուցքներ՝ նևրինոմա, լիպոմա, օստեոմա, գանգլիոն; մկանների անոմալ փորիկներ; ճաճանչոսկրի հետկոտրվածքային ոսկրակոշտուկ; հետվնասվածքային օստեոֆիտներ; հեմատոմա)։
- Ֆիզիոլոգիական գործոններ.
- Նևրոպաթիաներ (շաքարային դիաբետ, ալկոհոլիզմ)։
- Բորբոքային պրոցեսներ (ջլաբորբ, ռևմատոիդ արթրիտ, օստեոարթրոզ)։
- Ջրային հաշվեկշռի խանգարում (հորմոնալ տեղաշարժեր (հղիություն, դաշտանադադար, հորմոնալ բուժում, ճարպակալում)։
- Դաստակի որոշակի դիրք և սովորույթային գործողություններ (մասնագիտական, կենցաղային, սպորտային)
- Երկարատև աշխատանք համակարգչով կամ սմարթֆոնով։
- Ճաճանչ-դաստակային հոդի հաճախակի կրկնվող ծալում-տարածում։
- Դաստակի կրկնվող պտուտականման շարժումներ։
- Մատների շարժումներ տարածած դաստակով։
- Ծանրության կրում տարածած դաստակով։
- Դաստակի անշարժացում գիպսակապով ծալման և ծղիկային շեղման դիրքում։
Կլինիկական պատկեր
Հաճախ հիվանդները գանգատվում են դաստակի ցավերից, ձեռքի թուլությունից (ձեռքից առարկաները կարծես «վայր են ընկնում»), ափի շրջանի ու I-III մատների ծակծկոցներից ու թմրածությունից։ Տիպիկ գանգատը ձեռքում ցավի սաստկացումն է, ծակծկոցները և ծանրության զգացումը հատկապես գիշերային ժամերին, որոնք ստիպում են հիվանդին արթնանալ, ձեռքն իջեցնել, թափահարել ու մատներն ինտենսիվորեն ծալել-տարածել։ Աշխատանքի ժամանակ, հատկապես, եթե այն պահանջում է ճաճանչ-դաստակային հոդի կրկնվող շարժումներ, ախտանիշները սովորաբար սաստկանում են։ Ոչ հազվագյուտ դիտվում է ցավի ճառագայթում դեպի բազկի, ուսագոտու շրջան։
Ըստ զարգացման շրջանների ախտանիշներն ի հայտ են գալիս հետևյալ կերպ.[11]
- Վաղ շրջան.
- գիշերային ցավեր,
- ծակծկոցներ (պարէսթեզիա) I-III մատներում,
- դիրքային թմրածություն։
- Միջին շրջան.
- թուլություն,
- ուռածության զգացում։
- Ուշ շրջան.
- զգացողության թուլացում,
- I-III մատների մաշկի քրտնարտադրության (սուդոմոտոր) փոփոխություններ և մատնահետքերի հարթեցում,
- թենարի ապաճում (ատրոֆիա),
- բթամատի կարևոր շարժումների կորուստ։
- I միջմատնային տարածության նեղացում։

Ախտորոշում
- Զգացողության թեստեր
- Հրահրիչ (պրովոկացիոն) թեստեր.
- Էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ. Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա
Բուժում
Որքան վաղ է կատարվում ախտորոշումը, այնքան ավելի է մեծանում ոչ վիրահատական (կոնսերվատիվ) եղանակով բուժվելու և լիարժեք ապաքինվելու հավանականությունը։ Եթե վաղ շրջաններում նշանակվում է կոնսերվատիվ բուժում, ապա ուշ շրջանում անհրաժեշտ է լինում վիրահատական բուժում։
Կոնսերվատիվ (ոչ վիրահատական)
- Ճաճանչ-դաստակային հոդի օրթեզավորում («հանգստի օրթեզ»)։
- Կարպալ թունելի մեջ ստերոիդի ներարկում։ Ներարկումների անարդյունավետության դեպքում խորհուրդ է տրվում վիրահատություն։
- Ֆիզիոթերապիա՝ երբեմն վաղ և միջին շրջաններում կարող է արդյունավետ լինել նաև ուլտրաձայնային բուժումը (ֆոնոֆորեզ)։
- Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ։
- Վիտամինաթերապիա. միջնակ նյարդի սնուցումը բարելավելու համար երբեմն նշանակում են նաև B խմբի վիտամիններ, մասնավորապես վիտամին B6 (պիրիդօքսին)։
Վիրահատական
Վիրահատական միջամտությունը իրենից ներկայացնում է դաստակային լայնաձիգ կապանի հատում բաց կամ էնդոսկոպիկ եղանակով։ Էնդոսկոպիկ եղանակով բուժման առավելությունները՝
- նվազագույն տրավմատիզացիյա
- օպերացիոն դաշտի նվազագույն չափ
- վերքերի արագ ապաքինում
- հազիվ նկատելի սպի
Բաց Էնդոսկոպիկ