ՄԻԱՅՆ ՆՎԻՐՈՒՄԻ ՇՆՈՐՀԻՎ է ԲԺԻՇԿԸ ՀԱՍՆՈՒՄ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ

ՄԻԱՅՆ ՆՎԻՐՈՒՄԻ ՇՆՈՐՀԻՎ է ԲԺԻՇԿԸ ՀԱՍՆՈՒՄ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ

5046

Բարության և մարդասիրության, բժշկությունը որպես մասնագիտություն, գիտություն և արվեստ դիտարկումների, բժիշկ-հիվանդ հարաբերությունների, «ԱՍՏՂԻԿ» բժշկական կենտրոնում ( «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդն է ) իր ղեկավարած ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի գործունեության շուրջ է զրույցը «ԱՍՏՂԻԿ» բ/կ վիրաբուժության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Ալեքսանի ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ։

 -Սիրով։ Ծնվել եմ Երևանում 1953 թվականին։ 1970 թվականին մայրաքաղաքի N 83 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆա­կուլտետ։ 1976-77 թթ. սովորել եմ ինտերնատուրայում։ 1977 թ. աշխատանքի անցա Հրազդանի շրջանային հիվան­դանոցում, որպես բժիշկ-վիրաբույժ։ Աշխատում էի կրկնակի պատասխանատվության զգացումով. նախ, որպես երի­տասարդ մասնագետ ձգտում էի ինքնահաստատման և երկրորդ՝ Հրազդանը հայրիկիս ծննդավայրն էր, և բարի անուն վաստակելն ուղղակի պատվի հարց էր ինձ համար։

1981-1986 թթ. բժշկական ինստիտուտի ՄՍՍ (մանկաբուժական ստոմատոլոգիա-սանիտարական) ֆա­կուլտետների ամբիոնում ավագ լաբորանտ էի։ 1986 թվականից աշխատում եմ «Մալաթիա» հիվանդանոցում, իսկ 2001 թվականից ղեկավարում եմ ԵՊԲՀ թիվ 2 ամբիոնը, «ԱՍՏՂԻԿ» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբու­ժության բաժանմունքը։ Կենտրոնի փոխտնօրենն եմ վիրաբուժության գծով։

1987 թվականին պաշտպանել եմ թեկնածուական թեզ և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի, 2000-ին՝ բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2003-ին՝ պրոֆեսորի գիտական կոչում։

 -Հարգելի պրոֆեսոր, որո՞նք են Ձեր ղեկավարած բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունները։

-Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում, նորագույն սարքավորումներով հագեցած վիրահատարաններում՝ բաց և լապարասկոպիկ եղանակներով իրականացվում են ժամանակակից բոլոր վիրահատությունները. ստամոքսի, 12-մատնյա աղիի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի, պարանոցի, լյարդի (կիստաների հեռացում, լյարդի մասնահատում և այլն), լեղապարկի և լեղուղիների (քարեր լեղապարկում և լեղուղիներում, լեղածորանի նեղացում և այլն), որովայնի առաջնային պատի, հետվիրահատական և գիգանտ ճողվածքների վիրահատություններ՝ ալոպլաստիկա (սինթետիկ բարձրորակ ցանցով), աուտոպլաստիկա (սեփական հյուսվածքներով և մաշկային ցողունով)։ Բաժան­մունքում աշխատող բարձր որակավորում ունեցող մասնագետները կատարում են բարորակ և չարորակ գոյացու­թյունների հեռացում, վիրահատություններ՝ հաստ և բարակ աղիների, թութքի և խուղակների դեպքում։ Կատարվում են նաև վիրահատություններ՝ էնդոկրին վիրաբուժության ժամանակակից մոտեցումներով (վահանաձև գեղձի հիվանդություններ, խպիպ և այլն)։

-Ինչո՞ւ որպես մասնագիտություն ընտրեցիք բժշկությունը։ Ուղղորդե՞լ են արդյոք Ձեզ։

-Մայրս՝ Արշալույս Համբարձումյանը, մանկաբույժ էր։ Երկար տարիներ ղեկավարել է թիվ 17 պոլիկլինիկայի մանկական բա-ժանմունքը։ Դեռ վաղ տարիքից ականատես էի բազմաթիվ դեպքերի, երբ մեր բարեկամներն ու հարևանները, օրվա ամենա­տարբեր ժամերին մեր տուն էին բերում իրենց հիվանդ երեխաներին, խնդրում էին միջոց գտնել նրանց բուժելու համար։ Շատ էի հուզվում, երբ տեսնում էի, թե ինչպիսի հոգատարությամբ է բժշկուհի մայրս մոտենում փոքրիկներին։ Իմ ծնողի՝ մարդու ցավը հասկանալու, զգալու և բուժելու պատրաստակամությունն էլ ինձ ուղղորդեց մասնագիտության ընտրության հարցում։

-Ովք՞եր են Ձեր ծնողները։ Որտեղի՞ց են Ձեր արմատները։

-Հայրս՝ Ալեքսան Բարսեղյանը, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկ էր։ Բարի և համեստ մարդու համբավ ուներ, հան­րապետությունում մեծ հարգանք վայելող մասնագետ էր։ Նա մեծ ու ամուր ընտանիքի զավակ էր, ուներ 7 եղբայր և 3 քույր։ Հայ­րիկիս նախնիները Արևելյան Հայաստան, Հրազդանի տարածաշրջանում գտնվող Մաքրավան գյուղ (ներկայումս այն Հրազդան քաղաքի թաղամասերից է) են տեղափոխվել Արևմտյան Հայաստանի Մուշ գավառից։

Մայրական կողմից արմատներս Գավառից են։ Մայրս՝ Արշալույսը, նույնպես մեծացել է մեծ ու համերաշխ, ավանդական հայ­կական ընտանիքում։ Մայրիկս, իր երեք եղբայրներն ու քույրը համախմբվածության և համերաշխության օրինակ են եղել հարա­զատների և բարեկամների համար։ Հոգևոր նույն արժեքներն են կարևորվել նաև մեր ընտանիքում։ Ծնողներս իրենց երեք զա­վակներին՝ ինձ, եղբորս՝ մասնագիտությամբ բժիշկ, ատամնաբույժ Գագիկին և ինժեներ-կիբեռնետիկ քրոջս՝ Մելանյային, դաս­տիարակել են բարությունից և մարդասիրությունից բխող սկզբունքներով։

-Բժիշկ և ինժեներ. այս երկու մասնագիտությունների «գիծը» շարունակվո՞ւմ է Ձեր ընտանիքում։  

-Այո, այն պահպանվում և շարունակվում է նաև մեր ընտանիքում։ Կինս՝ Նաիրա Նալբանդյանը, բժշկուհի է, աշխատում է Սր­տաբանության գիտահետազոտական ինստիտուտում, թեև պետք է նշեմ, որ վիրաբույժի կին լինելը նույնպես մասնագիտություն է (ժպտում է)։ Նաիրան հաջողությամբ համատեղում է այդ երկու մասնագիտությունները, և ներդաշնակ է դարձնում մեր ընտանիքի առօրյան։ Մասնագիտության ընտրության հարցում մենք մեր զավակներին չենք ուղղորդել։ Դուստրս՝ Տաթևիկը, ընտրել է ծնողների ճանապարհը։ Նա ատամնաբույժ է, որպես ասիստենտ աշխատում է ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի ամբիոնում։ Որդիս՝ Տիգրանը, ուսանող է, սովորում է Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի ինդուստրիալ էկոնոմիկայի ֆակուլտետում։

-Բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում, գիտությո՞ւն է, թե՞ արվեստ։

-Ե՛վ մասնագիտություն է, և՛ գիտություն, և՛ արվեստ։ Այն նաև ի վերուստ տրված կոչում է, անմնացորդ նվիրում, որ պահան­ջում է հոգեկան ներուժ, անքուն գիշերներ, ինքնազոհություն։ Միայն նվիրումի շնորհիվ է բժիշկը հասնում ցանկալի արդյունքի և կատարում մարդուն ցավից ազատելու, նրան բուժելու և կյանք վերադարձնելու իր առաքելությունը։

-Բժշկի անցած ճանապարհը, փորձը, նրան որոշ առումով նաև հոգեբան են դարձնում։ Ի՞նչ եք կարծում, բժիշկ-հիվանդ հարաբերությունները որքանո՞վ են ազդում հիվանդի ապաքինման, բուժման ընթացքի վրա։

-Անշուշտ բուժման հաջող ընթացքը պայմանավորված է նաև բժիշկ-հիվանդ հարաբերությունների ճիշտ կառուցմամբ, որ ենթադրում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Բժշկի մասնագիտական կարողությունների հանդեպ ունեցած հավատը, անձնական համակրանքը կարող են ոգևորել հիվանդին, հուսադրել նրան։ Նույնիսկ բժշկի հետ առաջին զրույցից, խորհրդատվու­թյունից հետո նա կարող է թեթևություն զգալ։ Յուրաքանչյուր հիվանդ իր ներաշխարհն ունի, հոգեկերտվածքը։ Որպեսզի բուժումը հաջող ընթացք ունենա, հարկավոր է յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում ցույց տալ։

-Դուք կյանքի և մահվան պայքարի բազմաթիվ դեպքերի ականատես եք եղել։ Ըստ Ձեզ, ե՞րբ է հաղթում կյանքը։

-Մարդու օրգանիզմը ստեղծված է ապրելու համար։ Իմ պրակտիկայում ականատես եմ եղել անբացատրելի դեպքերի, նաև հրաշքների, երբ անհուսալի ծանր հիվանդությունից, անելանելի իրավիճակից մարդը դուրս է եկել, պայքարել է հիվանդության դեմ և ապաքինվել։ Կարծում եմ կյանքի ցանկացած դրսևորում պահպանելու ձգտումը հենց կյանքի հաղթանակի գրավականն է։

-Ո՞րն է Ձեր ամենակարևոր ձեռքբերումը։

-Ամենամեծ ձեռքբերումը մարդկանց սերն ու հարգանքն է, իսկ ամենամեծ պարգևը՝ հիվանդի առողջությունը։

 -Օրվա ընթացքում Դուք տեսնում, զգում եք ուրիշի ցավը, խիստ լարված աշխատանքային գրաֆիկ ունեք, ինչպե՞ս եք կազմակերպում հանգիստը, վերականգնում վատնած էներգիան։

-Մի փոքր ուղղում. բժիշկը միայն մարդու ցավը չի տեսնում, տեսնում է նաև փրկված կյանքեր, երախտագիտությամբ լի աչքեր, լսում է ջերմ խոսքեր, որոնք ուժ են հաղորդում, ուրախություն և բերկրանք պարգևում։ Իսկ հանգստանում եմ, երբ տանն եմ, երբ զավակներիս, թոռնիկներիս, ընկերներիս և հարազատներիս հետ եմ։

-Հեշտությա՞մբ եք հավատում մարդկանց։

-Տարիներ առաջ, երբ 3-րդ կուրսի ուսանող էի, Ստեփանավանի հիվանդանոցում կատարեցի առաջին վիրահատությունը։ Ուսուցիչներս վստահեցին ինձ, և ես հուսախաբ չարեցի նրանց։ Վիրահատությունը հաջող անցավ։ Պետք է հավատալ և վստահել մարդուն, այդ դեպքում նա անպայման կարդարացնի իրեն։

-Եթե աշխարհը փոխելու հնարավորություն ունենայիք, ինչի՞ց կսկսեիք։

-Չէի փոխի։ Կյանքը չի կարող գեղեցիկ և հետաքրքիր լինել, եթե չլինեն՝ լավն ու վատը, չարն ու բարին, արևն ու անձրևը։ Բնու­թյան օրենքները հնարավոր չէ փոփոխությունների ենթարկել։ Եվ անհրաժեշտություն էլ չկա։

-Ձեր մաղթանքները մեր պարբերականի ընթերցողներին։

-Հարստացրեք Ձեր ներաշխարհը դրական հույզերով, զբաղվեք սպորտով, զերծ մնացեք վնասակար սովորություններից։ Ապրեք առողջ և երջանիկ եղեք։

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՄՍԱԳԻՐ