Երկու հիվանդ զարկերակ-երակային մալֆորմացիայով երեք օրվա ընթացքում. պատմում է նեյրովիրաբույժը

Երկու հիվանդ զարկերակ-երակային մալֆորմացիայով երեք օրվա ընթացքում. պատմում է նեյրովիրաբույժը

3042

Գլխուղեղի զարկերակ-երակային մալֆորմացիան (ԶԵՄ) խիստ հազվադեպ հիվանդություն է, բայց այնպես է պատահել, որ «Աստղիկ» բուժկենտրոնում երեք օրվա ընթացքում ընդունվել է այդ ախտորոշմամբ երկու հիվանդ: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Ավետիս Կիրակոսյանը:

Նա նշեց, որ բժշկական իր պրակտիկայի 18 տարիների ընթացքում գործ է ունեցել նման պաթոլոգիայով ընդամենը երեք հիվանդի հետ. երկուսը վիրահատվել են երկու օրվա տարբերությամբ հոկտեմբերի կեսերին:

Ինչպես պարզաբանեց բժիշկը, զարկերակ-երակային մալֆորմացիան անոթային պաթոլոգիա է, որն իրենից ներկայացնում է ախտածին անոթային կծիկ` կազմված սնուցող զարկերակից, անոթային ցանցից, դրենաժավորող երակից եւ միջերակային հյուսվածքից:

Մալֆորմացիան վտանգավոր է նրանով, որ մեծ չափերի դեպքում կարող է ճնշել շրջակա ուղեղային  հյուսվածքը: Բայց նրա հիմնական վտանգը արյունազեղումն է, ինչը կարող է ակնթարթորեն հանգեցնել մահացու ելքի:

Ավետիս Կիրակոսյանի խոսքով, զարկերակ-երակային մալֆորմացիայի հեռացումը նեյրովիրաբուժության մեջ դասվում է առավել բարդ վիրահատությունների շարքին, քանի որ ԶԵՄ-ի հեռացումը հղի է անկառավարելի արյունահոսության վտանգով: Բացի այդ, խնդիր է նաեւ այն, որ հնարավոր է առաջանան ուղեղի ինֆարկտի ընդգրկուն օջախներ:

«Բարեբախտաբար, երկու վիրահատություններն էլ հաջող են անցել, եւ հիվանդներն արդեն դուրս են գրվել»,- ասաց նա:

Նեյրովիրաբույժը նշեց, որ ԶԵՄ-ը, որպես կանոն, հանդիպում է 20-ից 40 տարեկան երիտասարդ մարդկանց մոտ: Պաթոլոգիայի ախտանիշներն են` ներգանգային արյունահոսություն եւ էպիլեպտիկ նոպա: Ախտորոշումը ներառում է գլխուղեղի ՀՏ`գլխուղեղի անոթների սելեկտիվ անգիոգրաֆիայի հետ միասին: