«Աստղիկ» ԲԿ-ի դիմածնոտային բաժանմունքի ղեկավարը՝ բազմաթիվ գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկների հեղինակ

«Աստղիկ» ԲԿ-ի դիմածնոտային բաժանմունքի ղեկավարը՝ բազմաթիվ գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկների հեղինակ

«Աստղիկ» ԲԿ-ի դիմածնոտային բաժանմունքը բազմաթիվ ծառայություններ է առաջարկում տարբեր ուղղություններով՝ դեմքի բորբոքային հիվանդությունների բուժում (ֆլեգմոնաներ, ադենոֆլեգմոնաներ, օստիոմիելիտ, քրոնիկ հայմորիտներ՝ ինչպես ատամնածին, այնպես էլ ոչ ատամնածին ), ուռուցքային հիվանդություններ՝ չարորակ ու բարորակ, դիմածնոտային տաբեր վնասվածքների բուժում, ռեկոնստրուկտիվ ու պլաստիկ վիրահատություններ: Այս մասին ասաց բաժանմունքի ղեկավար, բգդ, պրոֆեսոր  Յուրի Պողոսյանը, որը գլխավորել է բաժանմունքը մոտ մեկ ամիս առաջ: Նախկինում պրոֆեսորը գլխավորում էր «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը: Նա 48 գյուտի ու 20 ռացիոնալիզատորական առաջարկության, բազմաթիվ մենագրությունների ու հոդվածների, ինչպես նաեւ ուսումնական ձեռնարկների հեղինակ է:

Յուրի Պողոսյանի խոսքով՝ իր գլխավորած բաժանմունքում կատարում են նաեւ ծնոտի՝ ատամնային իմպլանտացիային նախապատրաստություն: «Վերջերս շատ են դիմում այնպիսի պացիենտներ, ում խնդիրները պայմանավորված են թմրամոլությամբ: Բենզինի հետ տարբեր խառնուրդների («կրոկոդիլ» թմրամիջոցի) օգտագործումը հանգեցնում է դիմածնոտային ոսկորների նեկրոզի, ու դրանք հեռացվում են վիրաբուժական ճանապարհով», – պատմեց նա:

Մեկնաբանելով այն փաստը, որ որոշ հիվանդություններ՝ օրինակ, հայմորիտը, բուժում են ինչպես դիմածնոտային ոլորտի մասնագետները, այնպես էլ ԼՕՌ բժիշկները, նա նշեց, որ դիմածնոտային մասնագետները զբաղվում են բոլոր այն օրգաններով, որոնք կան դեմքի վրա՝ ներառյալ քիթն ու խոռոչները, որոնք հիմնականում գտնվում են օտոռինոլարինգոլոգների գործունեության տիրույթում, ինչպես նաեւ ակնակապիճներով, որոնցով զբաղվում են հիմնականում ակնաբույժները: Հստակ տարբերակում այստեղ չկա, թե ասենք կոնկրետ այս դեպքը պետք է բուժի դիմածնոտային մասնագետը, իսկ այս մեկը՝ ԼՕՌ բժիշկը։ Նույնը վերաբերում է նաեւ ռինոպլաստիկային:

Օրինակ, ինքը՝ Յուրի Պողոսյանը, քթի ու ծնոտների ռեկոնստրուկտիվ ու պլաստիկ վիրահատություններ է անում՝ պակասող աճառն ու ոսկորները վերցնելով կողաճառերից կամ զստոսկրից: Թեպետ, ըստ տրամաբանության, աճառներով ու ոսկրերով պետք է զբաղվեն վնասվածքաբանները, իսկ քթով՝ ԼՕՌ բժիշկներն ու պալստիկ վիրաբույժները:

Յու. Պողոսյանը նշեց նաեւ, որ անում է դեմքի ու ծնոտի բոլոր հնարավոր վիրահատությունները՝ ինչպես աուտոոսկորների (պացիենտի սեփական ոսկորների), այմպես էլ ալլոգեն ոսկորների (ուրիշ մարդուց վերցրած) կամ քսենոգեն (կենդանական ծագման) ոսկորների օգտագործմամբ :

Մասնավորապես, նա պատմեց մի դեպքի մասին, երբ վերականգնել են մի տղամարդու ստորին ծնոտը, որը հեռացվել էր թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված օստեոնեկրոզի պատճառով: Պատրաստվել է հատուկ մետաղե իմպլանտ, իսկ անհրաժեշտ ոսկորը վերցվել է մեծ ոլոքից։ Այդ ոսկորին անհրաժեշտ ձեւն են հաղորդել, դրել են մետաղե կարկասի մեջ  եւ տեղադրել հեռացված ծնոտի տեղը: Քսենոգեն ոսկորից (խոզի) մատրիքս է նախապատրաստվել, որը տեղադրվել է մեծ ոլոքից վերցված ոսկորի փոխարեն: Մեկ այլ նմանատիպ վիրահատություն իրականացվել է ծնոտի ուռուցքի հեռացումից հետո:

Յու. Պողոսյանը նշեց, որ այս մեթոդը աշխարհում որեւէ տեղ չի օգտագործվում եւ իր հեղինակային մեթոդն է: Պրոֆեսորը նաեւ հայմորիտի վիրաբուժական բուժման իր մեթոդն ունի: Նրա խոսքով՝  շատ հաճախ վիրահատության ընթացքում հայմորյան խոռոչը մաքրելու եւ լորձը դուրս հանելու համար հեռացվում է ոսկորի մի մասը, հետագայում, սակայն, այդ ոսկորը հետ չի տեղադրվում: Արդյունքում այտի փափուկ հյուսվածքները կարող են ներաճել խոռոչի մեջ եւ քրոնիկ բորբոքման պատճառ դառնալ: Յուրի Պողոսյանն իր մեթոդն է մշակել, որի ժամանակ հեռացված ոսկորը վերադարձվում է իր տեղը: