«Արեւային» Հայաստանի բնակիչների մոտ նկատվում է վիտամին D-ի խիստ պակաս. մասնագետ

«Արեւային» Հայաստանի բնակիչների մոտ նկատվում է վիտամին D-ի խիստ պակաս. մասնագետ

5054

12304

«Արեւային» Հայաստանի բնակիչների մոտ վերջին ժամանակներս նկատվում է վիտամին D-ի խիստ պակաս: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ նյարդաբանության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը:

Նրա խոսքով, 3000 մարդու տվյալների բազայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2/3-ի մոտ վիտամին D-ի մակարդակը աղետալի  ցածր է, իսկ 1/3-ի մոտ՝ շատ ցածր: Միայն 10 մարդու մոտ է գրանցվել նորմալ մակարդակ, այն էլ նրանք հիմնականում եկել էին այլ երկրներից, ուր ստացել էին վիտամին D-ով բուժման կուրս:

Ինչպես նշեց Հովհաննես Մանվելյանը, վիտամին D-ի պակասի պատճառը մի քանիսն են: Նախեւառաջ, չնայած, որ մեր երկիրը «արեւային» է, մենք շատ քիչ ժամանակ ենք անցկացնում արեւի տակ. առավոտյան գնում ենք աշխատանքի, երբ արեւ դեռ չկա, իսկ երեկոյան վերադառնում ենք, երբ այն արդեն մայր է մտել, եւ ինքներս էլ խուսափում ենք արեւի ուղիղ ճառագայթներից: Եւ ապա, օրգանիզմում վիտամին D-ի գոյացմանը խոչընդոտում է մեր սնունդը՝ ստերոիդների եւ հակաբիոտիկների մեծ պարունակության պատճառով, ինչպես նաեւ մի քանի ամենօրյա դեղեր: Այդ իսկ պատճառով վիտամին D-ի պակաս նկատվում է նաեւ գյուղական բնակչության մոտ, չնայած, որ ի տարբերություն քաղաքաբնակների, նրանք ավելի երկար ժամանակ են անցկացնում արեւի տակ: «Դա այսօր առողջապահական եւ ժողովրդագրական իրական խնդիր է Հայաստանի համար, եւ անհրաժեշտ է ներդնել վիտամին D-ի սկրինինգ»,- ասաց նա:

Ո՞րն է վիտամին D-ի դերը

Մեզ բոլորիս դասագրքերից հայտնի է, որ վիտամին D-ն սինթեզվում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ, այն չի մտնում օրգանիզմ սննդի հետ, եւ վիտամին D-ն անհրաժեշտ է, որպեսզի կալցիումը թափանցի ոսկորներ:

Սակայն, ինչպես նշեց Հովհաննես Մանվելյանը, իրականում վիտամին D-ի ֆունկցիաները շատ ավելի ընդգրկուն են, քանի որ վիտամին D-ի ազդեցությամբ ստեղծվում է ոչ միայն մեր ոսկրային հյուսվածքը, այլեւ նրա առկայությամբ սինթեզվում են արական հորմոնները, ինչպես նաեւ՝ քնի հորմոնը՝ մելատոնինը: «Այսինքն, վիտամին D-ի հորմոնալ դերը խիստ անտեսված է»,- նշեց նա:

Վիտամին D-ի պակասից առաջանում են նաեւ ցավային ախտանիշներ, քրոնիկ ցավ, քրոնիկ հոգնածություն: Վիտամին D-ի պակասը մեծ դեր ունի նաեւ նյարդաբանության մեջ: «Գոյություն ունի ստույգ ապացուցված կապ նեյրոախտաբանական հիվանդությունների եւ վիտամին D-ի պակասի միջեւ: Ապացուցված է, որ ցրված սկլեռոզով հիվանդների մոտ վիտամին D-ի ցածր քանակությունը կարող է հրահրել հերթական սրացումը: Ալցհեյմերի հիվանդությամբ եւ Պարկինսոնով հիվանդների մոտ գրանցվում են վիտամին D-ի խիստ ցածր ցուցիչներ: Արդեն կան գիտական ապացույցներ առ այն, որ վիտամին D-ն նպաստում է այդ հիվանդությունների ժամանակ գլխուղեղում կուտակվող սպիտակուցների՝, բետա-ամիլոդիների լուծմանը: Հետեւաբար, պարզապես չափելով վիտամին D-ն եւ վերականգնելով նրա քանակությունը՝ կարելի է զգալիորեն բարելավել ինչպես հիվանդի վիճակը, այնպես էլ տարբեր հիվանդությունների կանխարգելումը»,- նշեց բժիշկը:

Վիտամին D-ի մակարդակը չափել կարելի է՝ երակից արյուն հանձնելով համապատասխան լաբորատորիաներում: Վիտամինի մակարդակը հսկելու համար հարկավոր է վարել առողջ ապրելակերպ, հաճախ զբոսնել արեւի տակ եւ կանոնավորել սննդակարգը՝ ընդգրկելվ վիտամին D-ի յուրացումն ապահովող առողջ մթերքներ: Սուր պակասի դեպքում անհրաժեշտ է լրացնել վիտամին D-ի բացը՝ ընդունելով դեղորայք, բայց միայն խստորեն հետեւելով բժշկի նշանակած չափաբաժնին:

Հովհաննես Մանվելյանը ավելացրեց, որ վիտամին D-ի պակասը դիտարկելով միայն որպես օստեոպորոզի պատճառ, մենք նեղացնում ենք խնդիրը: «Ընդ որում մենք բուժում ենք օստեպորոզը՝ ոչ թե վիտամին D-ն վերականգնելով, այլ ուրիշ պրեպարատների միջոցով: Այսինքն, այստեղ խախտվում է բժշկական արդարությունը, ոչ ոք չի ասում՝ վերականգնի վիտամին D-ի մակարդակը, եւ դու կամրացնես ոսկորներդ: Առաջարկվում է դեղերեի բոլորովին այլ սպեկտր: Մինչդեռ, եթե վիտամին D չկա, մյուս բոլոր դեղերն անզոր են ներմուծել կալցիում ոսկրային հյուսվածքի մեջ»,- ասաց նա:

Մասնավորապես, ինչպես նշեց բժիշկը, առանց վիտամին D-ի՝ ընդունում են կալցիում, իսկ նա ոսկորներ թափանցելու փոխարեն՝ պատում է անոթները. տեղի է ունենում աորտայի, երիկամային զարկերակների, գլխուղեղի անոթների կալցիֆիկացում:

«Մեր խորհուրդը բոլորին. հսկողության ներքո պահել վիտամին D-ի մակարդակը եւ այդպիսով ապահովել երկար տարիների առողջություն»,- ամփոփեց Հովհաննս Մանվելյանը: