Որ դեպքերում է խորհուրդ տրվում վենէկտոմիան՝ վարիկոզ երակների հեռացումը

Որ դեպքերում է խորհուրդ տրվում վենէկտոմիան՝ վարիկոզ երակների հեռացումը

4556

Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունն առավել տարածված անոթային հիվանդություն է, որը հանդիպում է կանանց 40 տոկոսի եւ տղամարդկանց 20 տոկոսի մոտ: Ժողովրդի շրջանում այն հիմնականում ընկալվում է որպես կոսմետիկ խնդիր, սակայն դա այդպես չէ: Մակերեսային երակների վարիկոզը հղի է տրոֆիկ խոցերի վտանգով, ինչպես նաեւ կարող է տրոմբոֆլեբիտի զարգացման պատճառ դառնալ: Այդ պատճառով հիվանդությանը պետք է լուրջ վերաբերվել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի անոթային վիրաբույժ Արա Ավետիսյանն ասաց, որ ոտքի երակների վարիկոզ լայնացումը հաճախ հանդիպում է կանանց մոտ: Դա պայմանավորված է հղիությամբ, տարիքով եւ հորմոնալ փոփոխություններով: Տղամարդկանց մոտ վարիկոզ լայնացումը կարող է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետեւանք լինել: Բացի այդ, հիվանդության պատճառ է դառնում երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալը եւ նստակյաց աշխատանքը:

Բանն այն է, որ վերոնշյալ պատճառները հանգեցնում են բարձր երակային ճնշման, իսկ դա հանգեցնում է երակների փականների քայքայման, ինչն էլ բերում է արյան հոսքի դանդաղելուն եւ երակների լայնացմանը:

Մասնագետի խոսքով՝ վարիկոզ լայնացումը, որպես կանոն, տեսանելի է լինում, բայց երբեմն խոշորամարմին մարդկանց մոտ դա կարող է այդքան էլ նկատելի չլինել: Կամ ընդհակառակը, նիհար մարդկանց երակները կարող են շատ արտահայտիչ լինել, բայց նրանք առողջ լինեն: Այդ պատճառով կասկածներ ունենալու դեպքում դիմեք բժշկի եւ դուպլեքս հետազոտություն անցեք:

Հիվանդության հիմնական նախանշանները, վիզուալ էֆեկտից բացի, կարող են լինել ոտքերում ծանրությունը, քորը, անհարմարավետությունը, շուտ հոգնելը: Հիվանդության ավելի ուշ փուլերում ոտքերի վրա կարող են խոցեր հայտնվել:

Խորանիստ երակների թրոմբոզի դեպքում հնարավոր է թրոմբը պոկվի եւ խցանի թոքային զարկերակը: Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան 50 տոկոս դեպքերում հանգեցնում է մահվան: Հնարավոր է նաեւ ինֆարկտ-պնեւմոնիայի առաջացում, որը նույնպես դժվար է բուժվում:

Այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս վարիկոզին չվերաբերվել միայն որպես գեղագիտական դեֆեկտի եւ ժամանակին դիմել բժշկի: Վաղ փուլում հնարավոր է պահպանողական բուժում՝ արյունը ջրիկացնող դեղերով եւ վենոտոնիկներով: Վաղ փուլերում, երբ երակի ցողունը վնասված չէ, կիրառվում է նաեւ քիչ ինվազիվ մեթոդ՝ սկլերոթերապիա: Պրոցեդուրայի ժամանակ ուլտրաձայնային հետազոտության հսկողությամբ անոթի լուսանցքի մեջ հատուկ փրփուրից դեղ են ներարկում, որը հանգցնում է պատերի սոսնձման, իսկ հետո՝ ներծծման: Այդպիսով՝ սխալ աշխատող անոթը դադարում է գործել, իսկ գեղագետիտական դեֆեկտը վերանում է:

Ցողունը վնասվելու եւ ենթամաշկային մեծ ու փոքր երակի օստիալ փականների անբավարարության դեպքում արվում է կամ կոմբինացված վենէկտոմիա կամ լազերային աբլյացիա:

Վիրաբուժական միջամտության՝ վենէկտոմիայի դեպքում վնասված երակներն ուղղակի հեռացնում են: Դա բաց վիրահատություն է, սակայն այն բարդերի շարքը չի դասվում: Ընդ որում, կարեւոր է նշել, որ ենթամաշկային երակների հեռացումը չի խանգարում արյան հոսքին եւ անվտանգ է օրգանիզմի համար: Մակերեսային երակների միջոցով նորմայում հոսում է միայն արյան 15 տոկոսը: Մնացած բեռը վերցնում են ոտքերի խորանիստ երակները: Վենէկտոմիայից հետո մակերեսային երակների գործառույթն այդ անոթները առանց որեւէ դժվարության փոխհատուցում են:

Արա Ավետիսյանը նշեց, որ մինչեւ տարեվերջ «Աստղիկ» ԲԿ-ում ակցիա է ընթանում. Վենէկտոմիան կես գնով են անում: Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է երկրի բնակչության քիչ վճարունակ զանգվածների շրջանում խնդրի տարածված լինելու կապակցությամբ: