«Աստղիկ» ԲԿ-ն նաեւ ուսումնական կլինիկայի գործառույթ է կատարում. հայտնի սրտային վիրաբույժ

«Աստղիկ» ԲԿ-ն նաեւ ուսումնական կլինիկայի գործառույթ է կատարում. հայտնի սրտային վիրաբույժ

4283

11734«Աստղիկ» բժշկական կենտրոնը, լինելով մասնավոր հիվանդանոց,  կատարում է նաեւ ուսումնական կլինիկայի դեր, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է  անվանի սրտային վիրաբույժ Մհեր Սուսանին, ով երկար ժամանակ աշխատել է «Նորք-Մարաշ» կլինիկայում, իսկ բոլորովին վերջերս պատրաստվում էր Հայաստանը լքել.  նրան աշխատանք էր առաջարկվել Դուբայում: Բայց մնաց, որովհետեւ «Աստղիկ» ԲԿ–ում աշխատելու մասնագիտական պայմաններ ստեղծվեցին։

Այսօր սրտային վիրաբույժը գոհ է «Աստղիկ» կլինիկայում աշխատանքային իր պայմաններից, ինչպես ինքն է նշում՝ արեւմտյան բարձրագույն ստանդարտներին համապատասխան: Նրան նաեւ հաճելիորեն զարմացրել է այն փաստը, որ իրեն հնարավորություն են տալիս վիրահատել ծանր, երբեմն անհույս հիվանդներին:

«Եթե արտասահմանում պետական հիվանդանոցներն ուսումնական հիվանդանոցներ են, այսինքն՝ դու կարող ես ամեն ինչ վիրահատել առանց հարցնելու, քանի որ նպատակդ նաեւ ուսումը զարգացնելն է, ապա սեփական հիվանդանոցներում դա շատ քիչ է լինում, քանի որ սեփականատերը մի բան է հետապնդում՝ լավ հիվանդ վիրահատի, շատ օգուտ ունենա»,- ասում է Մհեր Սուսանին։

Բժշկի խոսքով՝  «Աստղիկ» ԲԿ-ում իրեն շատ է զարմացրել այսպիսի մոտեցումը: Նորակառույց կլինիկայում աշխատանքը նոր-նոր սկսելիս նա ղեկավարությանը զգուշացրել է, որ սրտի վիրաբուժությունը մեծ շահույթ չի բերի:

«Մեր նախապայմանի ժամանակ ես ասացի, որ սրտի վիրահատությունը թանկ հաճույք է եւ շատ ծախսատար։ Ու կարող է շատ օգուտ չստանաս։ Մի սպասի, որ անունը շատ մեծ է. օգուտդ շատ մեծ կըլլա։ Կարող է քեզ միայն անուն բերի, բայց փող չբերի»,- ասել է նա, սակայն կլինիկայի ղեկավարությունը համաձայնել է այդ պայմաններով աշխատելուն: Եղել են մի շարք դեպքեր, երբ ընդունվել է ծանր հիվանդ, եւ պարզ չէր՝ կապրի՞ նա, եւ նրա հարազատները կկարողանա՞ն վճարել, Սուսանին ղեկավարությանը հարցրել է՝ ընդունե՞լ հիվանդին, թե՞ ոչ եւ ստացել է հետեւյալ պատասխանը.

«Դու դեռ հարցնո՞ւմ ես։ Եթե բարդ հիվանդ չպիտի վիրահատենք, ուրեմն այսքան լավ գործիք ինչո՞ւ ենք բերել»: «Այսինք հիվանդանոցը եւ որակ չի կորսնցնում, եւ հիվանդի խտրականություն չի դնում»,- ասում է նա:

Սուսանին նշում է, որ երբ հիվանդանոցը նոր էր կառուցվում, տնօրեն Ասատուր Ասատրյանն իրեն հարցրել է՝ ինչպիսի՞ն է այն պատկերացնում: Եվ նա պատասխանել է, որ պատկերացնում է որպես լավագույն արտասահմանյան կլինիկա. «Հինգաստղանի հոթել՝ գումարած բժշկություն, անանկ, որ հիվանդները գոհ հեռանան»: Նա ասում է, թե հիվանդը «չի տեսներ եւ չգիտե, ինչ կընես» վիրահատարանում, բայց նա բաժանմունքում տեսնում է սպասարկումը:

Մհեր Սուսանիի խոսքով՝ Հայաստանի պայմաններում այստեղ եվրոպական որակ է ստեղծված: Հիվանդներին հարցաթերթիկ է բաժանվում ոչ թե գովաբանելու, այլ հիվանդանոցում եղած խնդիրների մասին գրելու: Դրանք անանուն են, իսկ հարցաթերթիկներով արկղն առաջիկայում կբացվի:

Ինչ վերաբերում է բուժման որակին, ապա դա, ինչպես ասում է Մհեր Սուսանին, «մեր խղճին վրա է» եւ «մեր խիղճը բաց է»:

Սրտային վիրաբույժի փոխանցմամբ՝ վիրահատության համար անհրաժեշտ ամբողջ սարքավորումը գնվում է արտասահմանյան լավագույն արտադրողներից: Վիրահատության ժամանակ օգտագործվող սարքերի եւ նյութերի պիտակները դրվում են հիվանդի անկետայի մեջ, եւ նա սերիական համարով կարող է համացանցում ստուգել իսկապե՞ս իրեն տվյալ սարքավորումն է տեղադրվել:

Ըստ Մհեր Սուսանիի՝ «Աստղիկ» ԲԿ-ում հասել են ոսկե միջինին. բժշկի համար է հաճելի, քանի որ ինքը չի զգում, որ կթան կով է, պիտի աշխատի փող հասցնելու համար, նաեւ կլինիկայի համար է լավ, քանի որ ձեռք է բերում կենտրոնի անուն, որտեղ սրտի վիրահատությունը կատարվում է բարձր մակարդակով:

Բժիշկը հատուկ նշում է «Աստղիկ» ԲԿ-ի օդափոխության համակարգի մասին, որն ստեղծված է ըստ նորագույն տեխնոլոգիաների, եւ անընդհատ վիրահատարաններ է մատակարարում ֆիլտրված մաքուր օդ: Բոլոր կեղտոտ գործիքները եւ օգտագործված պարագաները վիրահատարանից ավտոնոմ  ճանապարհով են դուրս բերվում, եւ այդ ամենը քողարկված է հիվանդի եւ հիվանդանոցի այցելուների աչքերից:

Ապագայի ծրագրերի մասին խոսելիս Սուսանին հայտնեց, որ «Աստղիկ» ԲԿ-ում հունվարից կսկսի գործել մանկական սրտի վիրաբուժություն: Նա նաեւ նշեց, որ եթե երկրում օրգանների դոնորության օրենք ընդունվի, իրենց թիմը միանգամայն պատրաստ է սրտի փոխպատվաստում կատարելուն:

ss2

ss3

ss5

ss6

ss7