Ուրոլոգը տղամարդու բժիշկ չէ. կանանց «անհարմար» խնդիրների լուծումը` «Աստղիկ» ԲԿ-ում

Ուրոլոգը տղամարդու բժիշկ չէ. կանանց «անհարմար» խնդիրների լուծումը` «Աստղիկ» ԲԿ-ում

Ուրոլոգիան զբաղվում է ոչ միայն տղամարդկանց խնդիրներով, ինչպես, չգիտես ինչու, ընդունված է կարծել մեր հասարակությունում: Կանայք եւս երիկամներ ու միզապարկ ունեն, որոնց պաթոլոգիաները բուժում են ուրոլոգները,  սակայն ամենատարածված կանացի խնդրով մեզ մոտ կանայք ուրոլոգներին գրեթե չեն դիմում, այսինքն՝ նրանք ընդհանրապես այդ հարցով բժշկի չեն դիմում, թեպետ խոսքը լուրջ խնդրի` անմիզապահության մասին է: Հայ կանանց շրջանում այդ խնդրի լուծման ամենատարածված ձեւն այն մտերիմներից թաքցնելն է, սակայն հիգիենայի պարագաների (հաճախ ինչ որ լաթերի) անընդհատ օգտագործումը հազիվ թե վրիպում է նրանց աչքից:

«Աստղիկ» ԲԿ-ի ուրոլոգիական ծառայության պետ Արմեն Ավոյանի կարծիքով, դրա հիմնական պատճառը տեղեկացվածության պակասն է: Կանայք,  ինչպես նաեւ նրանց ամուսիններն ու երեխաները, պարզապես չգիտեն, որ այս խնդիրը շատ արագ ու հեշտ լուծելի է սուբուրետրալ ժապավենների միջոցով:

«ԱՀԿ տվյալներով՝ 45-50 տարեկան կանանց քառորդ մասը տառապում է սթրեսային անմիզապահությամբ, երբ ծիծաղը, փռշտալը կամ կտրուկ շարժումները կարող են հանգեցնել մեզի արտահոսքին», – նշեց նա՝ համոզմունք հայտնելով, որ դժվար թե Հայաստանում վիճակագրությունն այլ լինի: Սակայն,եթե Գերմանիայում այս խնդրի բուժման համար դիմած կանանց հերթեր են գոյանում, ապա Հայաստանում այն սովորաբար արհամարհում են: «Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ կանայք պարզապես չգիտեն, որ այս հարցը շատ արագ լուծվում է մեկ օրվա ընթացքում: Ժապավենը տեղադրվում է տեղային ցավազրկմամբ, երեկոյան կինը տուն է գնում, իսկ առավոտյան կարող է զբաղվել իր առօրյա գործերով», – նշեց բժիշկը:

Իհարկե, այս ծառայությունն էժան չէ. ժապավենը, որը պատրաստված է հատուկ նյութից, որը չի վանվում օրգանիզմի կողմից որպես օտարածին մարմին, արժե մոտ 800-900 դոլար, սակայն առավոտյան կնոջ հայացքը, երբ նա գիտակցում է, որ ազատվել է այս խնդրից, ուրոլոգի կարծիքով, այդքան արժե:

Ինչպես պարզաբանեց ուրոլոգը՝ սթրեսային անմիզապահությունը զարգանում է, երբ մկանները կորցնում են էլաստիկությունը: Դա կարող է կապված լինել տարիքի, վնասվածքների, ծանր հղիության եւ այլ հանգամանքների հետ: «Երբ թուլանում է կոնքային դիաֆրագման, հարթվում է միզուկի ու միզապարկի միջեւ անկյունը, որը նորմալ վիճակում պետք է սուր լինի, եւ ցանկացած ճնշման դեպքում մեզն արտահոսում է», – նշեց նա՝ հավելելով, որ տեղարդվող ժապավենը միզուկի համար հենարան է հանդիսանում, եւ ճնշման մեծացման դեպքում թույլ չի տալիս, որպեսզի անկյունը հարթվի:

Ինչ վերաբերում է տղամարդկանց ուրոլոգիական պրոցեդուրաների «ստանդարտ տեսականուն», ապա  դրանք եւս իրականացվում են «Աստղիկ» ԲԿ-ում, ընդ որում՝ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի տրանսուրետրալ ռեզեկցիան արվում է Storz ընկերության երկբեւեռ էնդոսկոպի միջոցով:

«Վիրահատությունները նաեւ լապարոսկոպիկ մեթոդով են արվում, մասնավորապես՝ վարիկոցէլէկտոմիա, ինչպես նաեւ երիկամային կիստաներ ու երիկամների հեռացում: Ես ինքս կցանկանայի, որ մենք ավելի շատ նման վիրահատություններ անեինք, քանի որ սա ուրոլոգիայի այն ոլորտն է, որը Հայաստանում պետք է լավ հիմքերի վրա դրվի», – նշեց բժիշկը:

Արմեն Ավոյանը նաեւ կիսվեց ապագայի ծրագրերով: Շատ շուտով «Աստղիկ» ԲԿ-ն կհամալրվի նորագույն լիտոտրիպտորով միզաքարերի դիստանցիոն լիտոտրիպսիայի համար: Մասնագետի խոսքով՝ դա շատ թանկարժեք ու բացառիկ սարքավորում է՝ միակը տարածաշրջանում: