ՑԻՏՈՄԵԳԱԼՈՎԻՐՈՒՍ

ՑԻՏՈՄԵԳԱԼՈՎԻՐՈՒՍ

Կան արյան այնպիսի վիրուսներ, որոնք լուրջ վտանգ են հանդիսանում մարդու առողջության, ինչպես նաև վերարտադրողականության համար: Ի՞նչ է ցիտոմեգալովիրուսը, ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում և ինչպե՞ս խուսափել այս վիրուսից. այս և նմանօրինակ հարցերի շուրջ զրուցեցինք «Առողջ և ներդաշնակ ընտանիք» հ/կ նախագահ, «Մալաթիա» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի  ղեկավար,  բգթ  Իննա Պերսոյանի  հետ:

Ցիտոմեգալովիրուսը լուրջ սպառնալիք է ապագա մոր համար։

Ըստ վիճակագրական տվյալների՝ ԱՄՆ-ում նորածինների 1-2%-ի մոտ հայտնաբերվում է ցիտոմեգալովիրուս. մինչև մեկ տարեկան երեխաների վարակվածությունը կազմում է 10-20%, մինչև 35 տարեկանը՝ 40%, մինչև 50 տարեկանը՝ 80%։ Վարակի աղբյուրը քրոնիկական վիրուսակիրներն են։ Ռիսկի խմբի մեջ մտնում են 5-6 տարեկան երեխաները, 16-30 տարեկան չափահասները, ինչպես նաև անալսեռական հարաբերություն ունեցողները։

-Ի՞նչ է ցիտոմեգալովիրուսը:

-Ցիտոմեգալովիրուսը (CMV) հերպես վիրուսների ընտանիքին է պատկանում: Վարակվելուց հետո այն մնում է հիվանդի օրգանիզմում ողջ կյանքի ընթացքում: Կայուն է խոնավ պայմաններում: Վիրուսը վտանգավոր է նրանով, որ կարող է առաջացնել  նաև ցիտոմեգալիա հիվանդությունը: Այս վիրուսը պատկանում է տենդաբշտիկի վիրուսի խմբին: Ցիտոմեգալովիրուսը, ինչպես նաև հերպեսը և տոկսոպլազմոսը, կարող են ամբողջ կյանքում առկա լինել ցանկացած մարդու օրգանիզմում, սակայն երբեք իրենց ներկայության մասին  ոչ  մի  ազդանշան  չտալ:

-Ի՞նչ ճանապարհներով է տարածվում ցիտոմեգալովիրուսը:

-Վիրուսը օրգանիզմում կարող է հայտնվել տարբեր ճանապարհներով: Տարբերվում են ցիտոմեգալովիրուսի ձեռքբերովի և բնածին կլինիկական ձևերը: Վարակման  ուղիները տարբեր են` համբույրից մինչև սեռական հարաբերություններ: Վիրուսը  հիմնականում պարունակվում է կենսաբանական հեղուկներում՝ թքի, արյան, մեզի, մայրական կաթի, սերմնահեղուկի և անգամ արգանդի վզիկի մեջ: Երեխաները ընկալունակ են վարակի օդակաթիլային ճանապարհով փոխանցման նկատմամբ՝ վարակվելով իրենց ծնողներից կամ այլ երեխաներից: Չափահասների մոտ ավելի բնորոշ է վարակի սեռական ճանապարհով փոխանցումը: Երեխան կարող է ծնվել ցիտոմեգալովիրուսով վարակված կամ այն ձեռք բերել մայրական կաթի միջոցով: CMV-ի ուղղահայաց փոխանցումը (մորից պտղին) տեղի է ունենում ընկերքի միջոցով կամ  ծննդաբերության ժամանակ:

Ձեռքբերովի ցիտոմեգալովիուսի ամենից հաճախակի կլինիկական դրսևորումներից են էկզոցերվիցիտը, էնդոցերվիցիտը և արգանդի վզիկի էրոզիան:

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները,  ցիտոմեգալովիրուսով վարակվածության հաճախականացումը բացատրվում է զանազան արտաքին և ներքին գործոնների ազդեցության տակ օրգանիզմում առաջացող իմունոդեֆիցիտով և վիրուսի ակտիվացմամբ, ինչպես նաև ազատ սեռական վարքագծի դրսևորմամբ:

-Որո՞նք են ցիտոմեգալովիրուսի ախտանշանները:

-Եթե վիրուսը գտնվում է պասիվ վիճակում, ապա այն ոչ մի կերպ չի արտահայտվում, իսկ եթե այն ակտիվ վիճակում է, ապա հնարավոր է անձի մոտ նկատվի ընդհանուր թուլություն, գլխացավ, ջերմության բարձրացում, մկանային ցավեր և այլն:

-Ցիտոմեգալովիրուսի օրգանիզմ մուտք գործելուն հաջորդո՞ւմ են արդյոք օրգանիզմի իմունային համակարգի փոփոխություններ:

-Ինկուբացիոն շրջանը տատանվում է 15 օրից մինչև 3 ամիս: CMV-ի նկատմամբ իմունիտետը դանդաղ զարգացող և անկայուն է, որի պատճառով հնարավոր է էկզոգեն վիրուսով ռեինֆեկցիա կամ լատենտ վարակի վերաակտիվացում: Օրգանիզմի պաշտպանողական ռեակցիան դրսևորվում է առաջին հերթին CMV-ի նկատմամբ հատուկ հակամարմինների առաջացմամբ, որոնք պատկանում են IgM և IgG դասերին: CMV-ի նկատմամբ IgG դասի հակամարմինների առկայությունը վկայում է ընթացիկ կամ անցյալում կրած ցիտոմեգալովիրուսային վարակի մասին:

Իմունիտետի ընկճման պայմաններում CMV վարակն, այնուամենայնիվ, կարող է ստանալ լուրջ վտանգավոր բնույթ, քանի որ ախտաբանական գործընթացները կարող են ընդգրկել ցանկացած օրգան-համակարգերը: Հնարավոր է հեպատիտի, թոքաբորբի, էզոֆագիտի, գաստրիտի, կոլիտի, ռետինիտի, տարածուն էնցեֆալոպաթիաների, տենդի, լեյկոպենիայի զարգացում, իսկ ծանր ընթացքի դեպքում՝ նաև մահացու ելք:

amsagir 13 ejer

– Կարծիք կա, որ այս վարակի դեպքում շատ են վիժումները: Արդյո՞ք այն կարող է նաև անպտղություն առաջացնել:

-Ցիտոմեգալովիրուսով հիվանդների մոտ հղիությունը, որն ընթանում է ֆիզիլոգիական իմունոդեպրեսիվ վիճակով, հաճախ ինքնաբերաբար ընդհատվում է: Նկատվում է նաև պտղի ներարգանդային մահ, սակայն անպտղություն չի առաջացնում: Ցիտոմեգալովիրուսը լուրջ սպառնալիք է ապագա մոր համար: Ոչ մի կերպ չարտացոլվելով իր կրողի առողջության վրա՝ այս վիրուսը կարող է ազդել պտղի զարգացման վրա: Հղիության ժամանակ նկատվում է օրգանիզմի դիմադրողականության անկում, հենց այս պատճառով էլ վիրուսը գլուխ է բարձրացնում հղիության ընթացքում: Հղիության ընթացքում գոյություն ունի 50% հավանականություն, որ վիրուսը կանցի պտղին: Պետք է  նշել, որ այն կարող է հանգեցնել  այնպիսի լուրջ խնդիրների, ինչպիսիք են միկրոցեֆալիան (փոքրգլխություն), հիդրոցեֆալիան (գլխուղեղի ջրակալում), տեսողության, լսողության, նյարդային համակարգի խանգարումները, կարող է նաև պտղի մահվան պատճառ դառնալ: Սա հատկապես վտանգավոր է հղիության 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում:

Վարակի ախտածնության ամենակարևոր առանձնահատկությունը իմունոդեպրեսիայի առաջացումն է: Ցիտոմեգալովիրուսով ախտահարված կանանց մոտ առանց նկատելի կլինիկական դրսևորումների հայտնաբերվում է մանկաբարձական անամնեզի բարդացում (ինքնաբեր վիժում, վաղաժամ ընդհատումներ, չզարգացող հղիություն, մեռելածնություն, արատներով նորածինների ծնունդ, ծնվելուց հետո նորածնի մոտ թոքաբորբ, սեպսիս և նորածնային մահ):

Բարեբախտաբար ներարգանդային վարակը նույնիսկ հղի կնոջ վարակի սուր փուլի դեպքում կազմում է փոքր տոկոս` 0,5 – 1,5 % (հաճախ պտղի վարակը բոլոր այս դեպքերում կլինիկորեն չի արտահայտվում):

Մոր առաջնային վարակի դեպքում պտղի վարակման ռիսկը կազմում է 30–40%,  որից 85-95% դեպքերում պտղի մոտ նկատվում է գաղտնի, իսկ 5-15% դեպքերում արտահայտված ընթացք: Պտղի ներարգանդային գաղտնընթաց վարակի դեպքում կարող են նկատվել ուշ բարդություններ:

Սակայն անկանխատեսելի վարակը միշտ չէ, որ նման կերպ է գործում օրգանիզմում: Վիճակագրական տվյալները հաստատում են, որ միայն 0.1% կանանց մոտ է ցիտոմեգալովիրուսն ակտիվանում և «հարձակվում» պտղի վրա: Շատ ավելի վտանգավոր է իրավիճակը, երբ այս վիրուսը թափանցում է կնոջ օրգանիզմ հղիության վաղ շրջանում (12-16 շաբաթ): Նման դեպքում պտղի՝ վիրուսով վարակվելու հավանականությունը մեծանում է 10%-ով:

-Ինչպե՞ս է տեղի ունենում պտղի վարակումը:

-Պտղի՝ ցիտոմեգալովիրուսով վարակվելը կարող է տեղի ունենալ տարբեր եղանակներով, այդ թվում.

  1. Բեղմնավորման ընթացքում, քանի որ այդ վիրուսը առկա է սերմնաբջիջների մեջ:
  2. Հղիության ընթացքում ինֆեկցիան կարող է թափանցել ընկերք:
  3. 3.Հաճախ վիրուսը ապագա երեխայի օրգանիզմ թափանցում է արգանդից՝ պտղի մեմբրաններով:
  4. Ծննդաբերության ժամանակ, երբ երեխան անցնում է ծննդաբերական ուղիներով:
  5. Արդեն ծնված առողջ երեխան կարող է վարակվել ցիտոմեգալովիրուսով մայրական կաթից:

– Մոր վարակվելուց հետո ի՞նչ ազդեցություններ կարող է այն թողնել երեխայի զարգացման վրա:

-Ցիտոմեգալովերուսով վարակվելուց հետո վարակի զարգացման ուղիները տարբեր են լինում, ավելի հաճախակի հանդիպող զարգացման տարբերակներն են.

  1. Վարակը զարգանում է առանց նախանշանների և չի արտացոլվում երեխայի առողջության վրա: Նման դեպքում երեխան դառնում է վարակի պասիվ կրող և շարունակելու է հանգիստ ապրել և նորմալ զարգանալ՝ երբևէ չիմանալով իր օրգանիզմում առկա ցիտոմեգալովիրուսի առկայության մասին:
  2. Երեխան, չունենալով արատներ, շարունակում է մեծանալ և զարգանալ նորմալ կերպով, սակայն մի փոքր հետ է մնում իր տարեկիցներից:
  3. Մայրական օրգանիզմի ներսում վարակի զարգացումը հանգեցնում է պտղի մահին, որը պատահում է հիմնականում հղիության վաղ շրջանում՝ մինչև 12 շաբաթական հղիությունը:
  4. Ողջ մնացած պտուղը ծնվում է արդեն իսկ ցիտոմեգալովիրուսով, որն արտահայտվում է մի շարք արատների զարգացմամբ, ինչպիսիք են՝ հեպատիտ, կենտրոնական նյարդային համակարգի և ուղեղի ախտահարում և այլ հիվանդություններ:
  5. Որոշ դեպքերում վիրուսի վնասակար ազդեցությունն ի հայտ է գալիս 2-4 տարեկան երեխայի մոտ: Նման դեպքում երեխայի մոտ կարող է առաջանալ հոգեշարժային խանգարումներ, մտավոր հետամնացություն, խոսքի զարգացման ուշացում, խլություն և կուրություն:

amsagir 13 ejer2

-Կա՞ն արդյոք բուժման ուղիներ: Արդյո՞ք այն լիարժեք հնարավոր է բուժել:

– Ներկայում CMV-ի դեմ պատվաստանյութ չի հայտնաբերվել, սակայն ժամանակին հայտնաբերումը և դեղորայքային բուժումը թույլ են տալիս վարակը պահել «քնած» վիճակում՝ բարձրացնելով հղիության անշեղ ընթացքի և առողջ երեխայի ծննդի հավանականությունը: Կարելի է վիրուսին ապաակտիվացնել, քանի որ ոչ ակտիվ վիճակում վիրուսն օրգանիզմին վնաս տալ չի կարող: Դրա համար պետք է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:

Բուժման շրջանում շատ կարևոր է ճիշտ  սնվելը, սննդի հիգիենան պահպանելը: Հուզական լարվածությունից ևս տուժում է օրգանիզմի դիմադրողականությունը:

Եթե ցանկանում եք բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, ցանկալի է շատ  բանջարեղեն ու միրգ օգտագործել, սակայն ցիտոմեգալովիրուսի դեմ պայքարելու համար միայն մրգերն ու բանջարեղենը քիչ են, ուստի հարկավոր է նաև  դեղորայքային միջամտություն: Սա հատկապես կարևոր է ապագա մայրերի համար,  չէ՞ որ առողջ մայրիկը լույս աշխարհ է բերում  առողջ բալիկ: Կանանց խորհուրդ է տրվում հղիանալուց առաջ համապատասխան անալիզներ հանձնել և ցիտոմեգալովիրուսը հայնաբերելու դեպքում բուժվել մինչ հղիանալը:

TORCH-հետազոտություն պետք է իրականացնել հղիությունից 2-3 ամիս առաջ՝ համապատասխան բուժական և կանխարգելիչ միջոցառումները կազմակերպելու, ինչպես նաև հղիության ժամանակ իրականացված հետազոտությունների արդյունքների հետ համեմատելու համար: Եթե օրգանիզմում հայտնաբերում են ցիտոմեգալովիրուս, ապա 2-3 շաբաթ շարունակ հետազոտություններ են կատարում, հետևում պտղի զարգացմանը և միջոցներ ձեռնարկում՝ իմունիտետը բարձրացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է դեղորայքային բուժանը, ապա նշանակում են ներերակային թերապիա, որի միջոցով փորձ է արվում կանխել երեխայի արատներով ծնվելու հավանականությունը: Սակայն պետք է իմանալ, որ վիրուսի ռեակտիվացման դեպքում նման թերապիան չի կարող պաշտպանել պտղին վիրուսի կործանարար ազդեցությունից: Այդ թերապիայի նպատակը ավելի շուտ վիրուսի ակտիվանալը կանխելն է:

-Ցիտոմեգալովիրուսը կարո՞ղ է Ալցհեյմերի հիվանդություն առաջացնել:

-«Live Science»-ը գրում է, որ ուղիղ կապ կա հիվանդության նշանների և վիրուսի նկատմամբ իմունային պատասխանի միջև: Ռաշի համալսարանի մասնագետները փորձաքննության են ենթարկել մի խումբ մարդկանց արյունն ու ողնուղեղային հեղուկը: Նրանք բոլորը Ալցհեյմերի հիվանդության նշաններ են ունեցել  և մահացել են: 37 մարդու մոտ եղել են վիրուսի հակամարմիններ, իսկ 22-ի մոտ չեն եղել: Վիրուսը վնասում է գլխուղեղն ու ողնուղեղը: Հնարավոր է, որ վիրուսի դեմ պատվաստումը հրաշալի կանխարգելիչ միջոց դառնա նաև Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարում:

Նյութը՝ Գայանե Ալավերդյանի