ԱՇՆԱՆԸ ՍՐՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՑԻՍՏԻՏ

ԱՇՆԱՆԸ ՍՐՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՑԻՍՏԻՏ

Մասնագետները խորհորդ են տալիս չչարաշահել ժողովրդական միջոցներն ու հակաբիոտիկները

Ժողովրդի մեջ հայտնի են ցիստիտի բուժման բազմաթիվ մեթոդներ՝ սկսած կաթով լոգանքներից, մինչեւ տաք ձվածեղով կոմպրեսներ, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս այդ մեթոդներով շատ չգայթակղվել, ինչպես նաեւ ոչ մի դեպքում հակաբիոտիկներով ինքնաբուժմամբ չզբաղվել, քանի որ այդպիսի «բուժման» դեպքում միզուղիների պարզ վարակը կարող է բարդ քրոնիկ հիվանդության վերածվել:

Ինչպես նշում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուրոլոգ Վահան Բաբայանը՝ ամենատարբեր ժողովրդական մեթոդները, առաջին հայացքից, առողջությանը ոչ մի վտանգ չեն սպառնում, բայց դրանց հիմնական վտանգն այն է, որ վարակը թերի է բուժվում:

Տաք պրոցեդուրաները թեթեւացնում են ախտանշանները, բայց չեն բուժում բուն վարակը: Որոշ ժամանակ անց, այն նորից գլուխ է բարձրացնում եւ կարող է դառնալ քրոնիկ, իսկ այդ դեպքում դրա բուժումը խիստ կբարդանա:

Դա վերաբերում է հատկապես երիտասարդ կանանց, ովքեր ամուսնությունից անմիջապես հետո ունենում են պոստկոիտալ վարակներ, եւ եթե նրանք ախտանշանները ժողովրդական մեթոդներով են վերացնում՝ առանց ճիշտ բուժում ստանալու, ապա վարակները գլուխ են բարձրացնում հղիության ժամանակ եւ մեծանում է սուր պիելոնեֆրիտի առաջացման հավանականությունը:

Ինչպես հստակեցրել է բժիշկը, միզուղիների վարակները լինում են երկու տեսակ՝ ստորին եւ վերին միզուղիների վարակներ։ Վերին միզուղիների մեջ մտնում են երիկամներն ու միզածորանները, իսկ ստորին միզուղիների մեջ՝ միզապարկը եւ միզուկը, տղամարդկանց մոտ՝ նաեւ շագանակագեղձը։

-Միզուղիների վարակներն արդի բժշկության մեջ լուրջ խնդիր են եւ վերջին տասնամյակում շատ են տարածված բնակչության շրջանում, եւ դրանք իրենց պատճառներն ունեն։ Նախ՝ վնասակար սովորություններն են շատացել, երկրորդ՝ չկանխատեսված դեղորայքային բուժումը, – նշում է ուրոլոգը: