Լինել հմայիչ

Լինել հմայիչ

Մաշկի խնամքի և մաշկային խնդիրների լուծման համար կարելի է խնամքի կոսմետիկական միջոցներ գնել ցանկացած խանութից, սակայն որպեսզի մաշկը թարմ, առողջ և շողշողուն լինի բավական է և օգտվել հենց տվյալ եղանակի մրգերից ու հատապտուղներից կամ կենցաղում օգտագործվող նյութերից։ Սակայն նախևառաջ չպետք է մոռանալ, որ մաշկը կնոջ ապրելակերպի և հոգեկան վիճակի ճշգրիտ հայելին է, ուստի լավ մաշկ ունենալու համար պետք է խնամել նյարդերը, ճիշտ սնվել և բավականաչափ քնել։

Եթե օրգանիզմում վնասակար արգասիքներ և որոշ հորմոնալ խախտումներ չկան, մաշկն ինքնաբերաբար զուրկ կլինի բորբոքային պրոցեսներից, իսկ եթե հայտնվել են վերջերս, ապա սննդակարգի մեջ աշնան բարիքներ ներառելով՝ հատկապես սեխ և ձմերուկ, կարելի է հարցը լուծել։ Կարևոր է մաշկն ապահովել աշնան արևի շողերի ջերմությամբ (արևի ճառագայթներն աշնանը բարենպաստ ազդեցություն են թողնում մաշկի նյութափոխանակության վրա և բացասական ազդեցություն չունեն)։ Օրգանիզմը ներսից կարգավորելուն զուգընթաց կարելի է մաշկը խնամել դիմակների, մերսման և ջրային պրոցեդուրաների միջոցով։ Երբ կինը խնամված և առողջ է, ժպիտն ու բարձր ինքնագնահատականն ապահովված են։

Դիմակներ պատրաստելիս պետք է հիշել, որ

 

facial-glasgow• Բնական դիմակների ազդեցությունը գուցե միանգամից չի երևա, բայց պարբերաբար օգտագործելու դեպքում արդյունքները կայուն կլինեն։

• Բնական դիմակները պետք է օգտագործել շաբաթը 1-2 անգամ։

• Դիմակը պետք է դեմքին դնել պատրաստելուց անմիջապես հետո։

• Դիմակը դեմքին պետք է անշարժ պառկել և ոչ թե զբաղվել տնային գործերով։

• Դիմակը պետք է համապատասխանի մաշկի տեսակին և չպետք է ներառի աչքերի ու կոպերի շրջանը։

Ահա դիմակներ բոլոր տեսակի մաշկերի համար.

 

SolBlissMixedBerryPhoto600x600Մաքրող – 1 ձվի սպիտակուցը հարել 1ճ գդ շաքարավազով, ստացված զանգվածը 2 շերտով քսել մաշկին և մատների կտրուկ շարժումներով, բայց ոչ՝ ցավեցնելու աստիճան «թմբկահարել» մաշկը։ Դիմակը լիովին չորանալուց հետո դեմքը մաքրել գոլ, ապա՝ սառը ջրով։ Ճարպոտ կամ նորմալ մաշկը կարող եք մաքրել քիչ օճառած դեմքը կերակրի աղով շփելու միջոցով։

Հարթեցնող – 1 միջին չափի խաշած կարտոֆիլին ավելացնել 1-26 գդ գոլ կաթ և 1 ձվի դեղնուց։ Դեմքին պահել 20ր. Ապա լվանալ գոլ ջրով։

Թեփոտությունը վերացնող – 1 ձվի դեղնուցին հարելով ավելացնել 1թ գդ բուսական, ցանկալի է՝ դեղձի, նուշի կամ ձիթապտղի յուղ, ½ թ գդ ջուր և նույնքան կիտրոնի հյութ։ Քսել դեմքին 2-3 շերտով, 15ր անց մաքրել տաք ջրում թրջված բամբակով, ապա լվացվել սառը ջրով։

Փափկացնող – 10գ հացի խմորիչը բացել քիչ քանակի ջրով և մի փոքր կաթով (եթե մաշկը նորմալ կամ խառը տիպի է). մի փոքր ձիթապտղի յուղով (եթե մաշկը չոր է), մի փոքր 3 տոկոսանոց թթվածնային ջրով (եթե մաշկը ճարպոտ է կամ ծակոտկեն)։

Ավելի դյուրին է տոնուսավորող դիմակների պատրաստումը

Ընտրել ձեռքի տակ եղած ցանկացած միրգ, պարզապես ճզմել այն, ավելացնել 16 գդ վարսակի ալյուր, խառնել 1թ գդ մեղրի կամ թթվասերի հետ և քսել դեմքին։ Աշնանային մրգերից ու հատապտուղներից դեղձը, օրինակ, փափկեցնում և սնուցու է, խաղողը՝ թարմացնում մաշկի գույնը և այն զերծ պահում ազատ ռադիկալների առաջացումից, սեխը և պոմիդորը՝ վերացնում մաշկի պիգմենտային բծերը, չիչխանը՝ առաձգականություն և փափկություն հաղորդում։

Այնպես որ, ցանկացած կին կարող է ընտրել իր մաշկին առավել անհրաժեշտ միրգն ու միշտ գեղեցիկ լինել։

Խորհուրդ է տալիս կոսմետոլոգ Գայանե Սողոյանը

Ինչպե՞ս ապահովել մազերի առողջությունը աշնանը

 

maxresdefaultԱշնանը և գարնանը մազերը, ինչպես նաև եղունգները, շատ արագ են աճում։ Մազերի աճն ավելի խթանելու համար հարկավոր է դրանց ծայրերը պարբերաբար թարմացնել ու թույլ չտալ, որ դրանք ճյուղավորվեն։ Մազերն ունեն իրենց «բնավորությունը». եթե դրանք ճիշտ չեք խնամում, ասենք՝ արդուկում եք. հազվադեպ եք սնուցող դիմակներ դնում կամ սխալ եք սանրում, մազերը «նեղանում են»՝ վրեժ լուծելով մազաթափությամբ, խամրած գույնով, փայլատությամբ և դանդաղ աճով։

Պարբերաբար մերսեք Ձեր գլխամաշկը, հաճախակի մեղմ շարժումներով սանրեք մազերը մի քանի ուղություններով, ցանակալի է՝ բնափայտից պատրաստված սանրով։

Աշնան և ձմռան ամիսներին մազարմատները պաշտպանեք ցրտից, որը խիստ բացասական ներգործություն ունի թե՛ մազերի աճի. Թե՛ որակի վրա։ Տարվա ցուրտ եղանակներին գլխարկ օգտագործեք։ Աշնանային անձրևները մազերի համար անվտանգ են. հնդիկ կանայք նույնիսկ հավաքում են անձրևաջուրը և գլուխը լվանալուց հետո դրանով ցողում վարսերը։ Եթե ցանկանում եք սնուցել մազարմատները, պատրաստեք մայոնեզ մազերի համար՝ 1 ձվի դեղնուցին ավելացնելով 30գ ձիթապտղի կամ գերչակի յուղ։ Ստացած խառնուրդով մերսեք գլխամաշկը։ 20-25ր անց լվացեք տաք ջրով և մեղմ շամպույնով։

Մազաթափությունը դադարացնելու համար1ճ գդ կեչու տերևները 2ժ թրմեք 300մլ ջրում, քամեք և լվանալուց հետո շփեք գլխամաշկը։

Մազերին փայլ հաղորդող միջոց է 1-2 քերած գազարի և 1ճ գդ մեղրի խառնուրդը։ Ըստ ցանկության կարող եք ավելացնել 1 ձվի դեղնուց կամ բուսական յուղ։ Նույն նպատակով կարող եք 10-15 գլխիկ մեխակ մի ժամով ընկղմել 1 սուրճի բաժակի օղու մեջ և մերսել մազարմատները։

Ամրացնող և անկրկնելի փայլ հաղորդող հատկություն ունեն սխտորի և սոխի հիմքով բնական դիմակները, բայց քանի որ դրանց հոտը դժվար է անցկացնել, կառաջարկեմ այլ փորձված միջոց՝ կաթը թթվեցնել և ստացված կիսակաթնաշոռային – կիսաշիճուկային զանգվածով մերսել գլխամաշկն ու մազերը՝ ողջ երկայնքով։ Արդյունքը գոլ ջրով և թույլ շամպույնով լվանալուց հետո սպասեցնել չի տա։

Մազարմատները ամրացնող հատկություն ունի նաև սերկևիլի կորիզներից պատրաստված եփուկը, որով լվանալուց հետո ցողում են մազերը։ Ի դեպ, սերկևիլի ճյուղերից կամ տերևներից պատրաստված եփուկն էլ մազերին փայլուն, շագանակագույն երանգ է տալիս և կանխարգելում է մազերի սպիտակելը։

Խորհուրդ է տալիս վարսահարդար Գուհար Մամիկոնյանը

Նյութը՝ Նոնա Դավթյանի

«Ֆարմ Արմենիա» ամսագիր, համար 2

NO COMMENTS

Թողնել պատասախան