Եղանակային փոփոխությունների ազդեցությունը տրամադրության և ինքնազգացողության վրա

Եղանակային փոփոխությունների ազդեցությունը տրամադրության և ինքնազգացողության վրա

Սեզոնային և հատկապես եղանակային փոփոխությունները բավականին հաճախ անդրադառնում են ոչ միայն մեր հագուստի, արտաքին տեսքի, այլ նաև հոգեբանական վիճակի, մասնավորապես տրամադրության վրա:  Սա սեզոնային փոփոխությամբ պայմանավորված սթրեսի հատուկ տեսակ է, որը ամենահաճախը հանդիպում է ձմռանը: «Սթրես» բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է լարվածություն, հոգնածություն լարում: Այն շրջանառության մեջ է մտել 19-րդ դարից սկսած: Այն կարելի է սահմանել այսպես. սթրեսը մարդու օրգանիզմի հոգեկան և ֆիզիկական լարումն է, որը առաջանում է արտաքին կամ ներքին գործոնների՝ սթրեսորների ազդեցությունից: Արտահայտվում է հոգնածությամբ, հետաքրքության և  էներգիայի անկումով, քաշի ավելացումով կամ ախորժակի փոփոխությունով, կենտրոնացման խանգարումով, երբեմն նույնիսկ ուղեկցում է ֆիզիկապես ավելի  ծանր լինելու զգացողությամբ և ծանրաշարժությամբ:  Այս կարգավիճակից խուսափելու մի քանի տարբերակ ենք առաջարկում Ձեզ.

Արևի տակ զբոսանք. Իհարկե ձմռան ամիսները օրվա տևողությունը զգալիորեն կրճատվում է և մութն ավելի շուտ է ընկնում: Սակայն, եթե փորձեք ցերեկը 12-ին մոտ գտնվել արևի ճառագայտների տակ, հոգեբանորեն ավելի դրական էմոցիաներ կունենաք:

Վիտամին Դ. Ձմռան միսների արևի ճառագայթներից բավականաչափ վիտամին Դ չեք կարող ստանալ, ուստի հավելյալ կաթիլների միջոցով վիտամին դ-ի դիֆիցիտի լրացումը խրախուսվում է: Ներկայումս գիտնականներն ու բժիշկները շատ են կարևորում դրա դերը օրգանիզմում:

Ֆիզիկական ակտիվություն. Մարզասրահ այցելելը կամ նույնիսկ տանը մարզվելը կանոնավոր կերպով նպաստում է օրգանիզմում էնդորֆինի արտադրմանը, որն էլ և ձեզ տրամադրության բարձրացում կապահովի

Լռություն. Հատկացրեք ինքներդ ձեզ օրական մի որոշ ժամանակ լռելու և դրականի վրա կենտրոնանալու համար: Խորհուրդ է տրվում ամենօր կանոնավոր կերպով, որոշ ժամանակով հրաժարվել սոցիալական կայքերից և հեռախոսային զանգերից: Լռության ժամը կարելի է անցկացնել նաև հանդարտ և մեղմ երաժշտության ներքո:

Ճիշտ սննդակարգ. Երբ դուք տխուր եք կամ լարված ու նյարդային, սննդի մեջ սկսում եք ներառել ոչ առողջարար և կալորիականությամբ բարձր մթերքներ: Սակայն դուք ձեր մարմնի համար պետք է անեք ճիշտ հակառակը, ճաշացանկում ներառելով բանջարեղեններ և թարմ մրգեր: