Կորոնարոգրաֆիա եւ ստենտավորում. բացառիկ կադրեր

Կորոնարոգրաֆիա եւ ստենտավորում. բացառիկ կադրեր

«Natali Pharm Մալաթիա» բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան Միքայել Ադամյանը NEWS.am Medicine-ի նկարահանող խմբի ներկայությամբ իրականացրեց երկու վիրահատություն՝ կորոնարոգրաֆիա եւ ստենտավորում։ Որ հիվանդը շտապ ստենտավորման կարիք ունի, պարզ դարձավ հենց կորոնարոգրաֆիայի ժամանակ։

Ինչպես պարզաբանեց բժիշկը, կորոնարոգրաֆիան  սիրտը սնուցող անոթների՝ զարկերակների հետազոտման եղանակ է, որը  ցույց է տալիս պսակաձև (կորոնար) զարկերակների վիճակն ու ախտահարումների առկայությունը:  Այս հետազոտության հիման վրա էլ կատարվում է հիվանդի հետագա վարման մարտավարության ընտրություն: Հնարավոր է երեք տարբերակ. հիվանդների մի մասը առողջ է լինում կամ ունենում է դեղորայքային բուժման կարիք,  մյուս մասը ստենտավորման կարիք է ունենում եւ մեկ այլ դեպքում էլ անհրաժեշտ է լինում սրտի բաց վիրահատության:

25 26 27 28 29 30

Կորոնարոգրաֆիան ինվազիվ մեթոդ է, որի ժամանակ աճուկային շրջանից ազդրային զարկերակից կամ ձեռքից՝ ճաճանչային զարկերակից հատուկ կաթետերով հասնում են սիրտը սնուցող զարկերակներին, որից հետո կոնտրաստային նյութ են ներարկում եւ ռենտգեն հսկողության տակ գնահատում են զարկերակների վիճակը:

Կոնտրաստային նյութը ներարկելուց հետո բժիշկը գնահատեց հիվանդի վիճակը.

ocenka1

«Այն, ինչը դուք հիմա տեսնում եք էկրանի վրա մուգ ցանցի նման, սիրտը սնուցող զարկերակներն են, որոնք մենք նկարում ենք տարբեր դիտանկյուններից՝ ամբողջական պատկեր ստանալու համար։ Տվյալ հիվանդի մոտ առկա է սրտի կողմնային պատը սնուցող զարկերակի 99%  նեղացում թրոմբի առկայությամբ: Այս նեղացումը տվյալ հիվանդի համար համարվում է ինֆարկտածին, եւ մենք շտապ կարգավիճակով պետք է ստենտավորենք այս զարկերակը, որպեսզի հիվանդի մոտ չզարգանա սրտամկանի սուր ինֆարկտ», – ասաց նա, հավելելով, որ հիվանդի բախտը բերել է՝ ստենտավորման միջոցով հնարավորություն կա կանխել ինֆարկտի զարգացումը, այլ ոչ թե բուժել նրա հետեւանքները:

ocenka

Հետագա գործողությունները հետեւյալն էին՝ նախ բժիշկները շտապ կապվեցին ապահովագրական ընկերության հետ ստենտավորումը կատարելու համաձայնություն ստանալու համար, քանի որ հիվանդը քաղծառայող էր։ Համաձայնությունը ստանալուց հետո կատարվեց շտապ ստենտավորում։

Ստենտավորումից առաջ ներարկվեց հատուկ դեղ, որը եւ լայնացնում է անոթը, եւ լուծում է տվյալ հատվածի թրոմբը։

Ստենտը, ինչպես բացատրեց բժիշկը, բալոնի վրա նստեցված, մետաղական ցանց է, որը  ուղղորդիչ լարի միջոցով հասցվում է դեպի անոթի խցանված մասը, տեղադրվում է զարկերակի մեջ, այնուհետեւ լայնացվում է։

stnt

Ահա վերջնական պատկերը վիրահատությունից հետո՝ անոթը լրիվ բացված է, նեղացած հատվածը այլեւս գոյություն չունի։

Աղբյուրը՝ NEWS.am Medicine