Չեմ հիշում, ինչքան ժամանակ էինք վիրահատում, ակնթարթի պես էր՝ բժիշկը սրտի դանակահարության...

Չեմ հիշում, ինչքան ժամանակ էինք վիրահատում, ակնթարթի պես էր՝ բժիշկը սրտի դանակահարության դեպքի մասին

2122

Սրտի շրջանում դանակով վիրավորված երիտասարդին հասցրել են «Աստղիկ» բուժկենտրոն փետրվարի 16-ի ուշ երեկոյան, տաքսիով։ Նրան ընդունարանից արագ տարել են վիրահատարան, կարել սիրտը, ամեն ինչ բառացիորեն րոպեներ է տեւել։ Եվ միայն մեկ օր հետո են բժիշկները գիտակցել, որ փրկել են տղայի կյանքը։ Այսօր նա գիտակցություն ունի, քայլում է, խոսում, միայն այդ օրվա իրադարձությունների մասին հիշել չի ուզում։ Իսկ բժիշկներն ասում են, որ նման վիրավորումով մարդիկ բավականին հազվադեպ են ողջ մնում՝ նրանք կամ արյան կորուստից են մահանում, կամ ինֆարկտից, սիրտը կարելուց հետո։

Բժշկական համալսարանի 25-ամյա ուսանող, Երեւանի Բագրատունյաց փողոցի դեղատան աշխատակցի դեպքում, իրենց դերն ունեն բոլոր մանրուքները։ Դեպքը տեղի է ունեցել դեղատանը, շտապ օգնությունը ուշանում էր, եւ տղային տաքսիով են տարել  «Աստղիկ» բուժկենտրոն, ինչը նրան փրկել է արյան մեծ կորուստից։ Ռեանիմատոլոգ Հովհաննես Գասպարյանը, որը այդ օրը հերթապահում էր, NEWS.am Medicine -ի թղթակցին պատմել է, որ հիվանդանոց ընդունվելիս՝ տղան դեռ գիտակցության մեջ էր, բայց շոկային վիճակում։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում գնահատել են նրա վիճակը, ապահովել մուտք դեպի երակ, դրել շնչապաչկ ու հասցրել վիրահատարան, որտեղ արդեն սպասում էին անեսթեզիոլոգն ու վիրաբույժը։

«Աստղիկ» բուժկենտրոնի անհետաձգելի բուժօգնության, վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Հայկ Անտոնյանը պատմել է, որ մեծ դեր է կատարել ընդունարանից մինչեւ վիրահատարան բուժօգնության ճիշտ կազմակերպումը։ Ընդունարանում գնահատել են հիվանդի վիճակը ABC համակարգով՝ գնահատել են շնչառական համակարգի ու արյան շրջանառության վիճակը, գիտակցության մակարդակը։ Ապահովել են մուտք դեպի երակ, արել մի շարք անալիզներ ու հիվանդին հասցրել վիրահատարան՝ այդ ամենը վեց րոպե է տեւել։ Հետո գործի է անցել անեսթեզիոլոգը։ Նրա դերն այստեղ շատ մեծ է, պարզաբանեց Հայկ Անտոնյանը. պետք էր արագ ինտուբացիա անել ու հիվանդին փոխանցել վիրաբույժներին։ Բանն այն է, որ արյան զեղման հետեւանքով սրտապարկում արյան կուտակման դեպքում սիրտը պարզապես դադարում է աշխատել, դրա համար էլ արյունը այնտեղից պետք է շատ արագ հեռացվի։ Գումարած՝ անեսթետիկ դեղամիջոցները սեդատիվ ներգործություն ունեն, նվազեցնում են արյան ճնշումը, որն առանց այդ էլ նվազում է արյան կորուստի ժամանակ՝ այնպես որ անեսթեզիոլոգը պետք է հստակ վերահսկի ճնշումը ու պահպանի այն հատուկ դեղամիջոցների օգնությամբ։ Անեսթեզիոլոգ Արմեն Անափիոսյանը այդ խնդիրը հաղթահարել է, գործի են անցել կարդիովիրաբույժները։

«Ես արդեն մտադիր էի գնալ, երբ ինձ հայտնեցին սրտի դանակահարությամբ հիվանդի մասին։ Մինչ ես փոխում էի հագուստս, անեսթեզիոլոգն արդեն նրան պատրաստել էր վիրահատության։ Ամեն ինչ րոպեներ տեւեց, շատ կարճ, տասը րոպեից մենք արդեն կարերն էինք դնում»,- պատմել է կարդիովիրաբույժ Մհեր Սուսանին, որն էլ հենց կարել էր վիրավորված սիրտը։

Նրա խոսքով «Աստղիկ» հիվանդանոցում ձեւավորված համակարգը ճիշտ է աշխատել ու հենց դա է երաշխավորել հիվանդի կյանքի փրկությունը։ Հապաղումը, բժշկի խոսքով, նաեւ անեսթեզիոլոգի սխալ գործողությունները կարող էին հանգեցնել հիվանդի ուղեղի կորստին ու այդ դեպքում վիրահատությունն անիմաստ կլիներ։ Բացի դրանից վիրավորումն այնպիսին էր, որ եթե կարերը մի միլիմետր աջ կամ ձախ դրվեին, կարող էին վնասել սրտանոթները, դա կդառնար ինֆարկտի պատճառ, եւ հիվանդը վիրահատությունից մեկ կամ երկու օր հետո կմահանար։

«Ճշգրիտ չեմ հիշում, թե ինչքան ժամանակ ենք անցկացրել վիրահատարանում, բայց ասես ակնթարթ լիներ»,- նշել է նա։

NEWS.am Medicine