Ինչպես տարեցները պաշտպանվեն սրտի կաթվածից

Ինչպես տարեցները պաշտպանվեն սրտի կաթվածից

Պատկառելի տարիքում չափավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը: Ընդ որում՝ երբեք ուշ չէ սկսել. շարժունակությունը դրականորեն է ազդում նույնիսկ 75-ն անց մարդկանց վրա, հավաստում են Tufts University-ի գիտնականները:

Հետազոտության ընթացքում նրանք 10 տարվա կտրվածքով վերահսկել են ավելի քան 4000 տարեց տղամարդկանց եւ կանանց առողջական վիճակը եւ դրա մեկնարկի սկզբում մասնակիցների միջին տարիքը 73 տարեկանն է եղել:

Գիտնականներն այդ ընթացքում գնահատել են տարեց մարդկանց ֆիզիկական ակտիվության տարբեր ասպեկտները՝ քայլքի տեմպը, զբոսանքի հեռավորությունը, դրա տեւողությունը, հաճախակիությունն ու պարբերականությունը: Հաշվի են առնվել նաեւ ֆիզիական ակտիվության այլ տեսակներ: Պարզվել է՝ որքան ակտիվ է եղել փորձի մասնակիցը, այնքան նրա մոտ ցածր է եղել սրտի եւ գլխուղեղի կաթվածի վտանգը:

Տարեց մարդիկ, ովքեր քայլել են 4,8 կմ/ժ արագությունից ավելի արագ, նրանց մոտ 50 տոկոսով ավելի նվազ է եղել սրտի իշեմիկ հիվանդության, 53 տոկոսով՝ ինսուլտի եւ 50 տոկոսով՝ սիրտ-անոթային ցանկացած այլ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը՝ նրանց համեմատությամբ, ովքեր քայլել են 3 կմ/ժ արագությունից ավելի դանդաղ:

Նրանք, ովքեր քաղաքում սովորական զբոսանքի ժամանակ ամեն օր միջինում անցել են 1,5 կմ, նրանց մոտ սրտի իշեմիկ հիվանդության վտանգը 36 տոկոսով ցածր է եղել, ինսուլտի վտանգը՝ 54 տոկոսով ցածր եւ սիրտ-անոթային ցանկացած այլ հիվանդության վտանգը՝ 47 տոկոսով ցածր:

Հետազոտության այն մասնակիցները, որոնք ակտիվ կյանք են վարել՝ զբաղվելով այգեգործությամբ, լողով, հեծանիվ վարելով, արշավներով, նույնպես ունեցել են ինսուլտով, սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու ավելի նվազ հավանականություն, քան նրանք, ովքեր ակտիվ կյանք չեն վարել:

Ստացված եզրահանգումները ճիշտ են եղել 75 տարեկան միջին տարիք ունեցող ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում:

«Տարեց մարդկանց մեր հետազոտությունը ցույց տվեց, որ նույնիսկ կյանքի վերջում չափավոր ֆիզիկական ակտիվությունը, ինչպիսին է քայլքը, նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը: Ակնհայտ է, որ եթե մարդը մեծացնում է ամենօրյա քայլքի արագությունը կամ տարածությունը, ապա սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունն էականորեն նվազում է: Բարեբախտաբար, քայլքը ակտիվության այնպիսի ձեւ է, որը հասանելի է շատ տարեցների», – եզրափակել են հետազոտողները: