«Աստղիկ» ԲԿ-ում մանկական սրտաբանական ծառայություն է բացվելու

«Աստղիկ» ԲԿ-ում մանկական սրտաբանական ծառայություն է բացվելու

1745

«Աստղիկ» ԲԿ-ում ծրագրում են բացել մանկական սրտաբանական ծառայություն։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հայտնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովը։ Նրա խոսքով՝ կազմակերպչական տեսակետից այն նման է լինելու «Նորք Մարաշ» կլինիկայի մանկական սրտաբանական ծառայությանը, որն արդեն երկարամյա աշխատանքի փորձ ունի։

Հիշեցնենք, որ Կարեն Կուրդովը «Աստղիկ» ԲԿ-ում արդեն ստեղծել է պերինատալ սրտաբանական ծառայություն, որը բացահայտում է պտղի սրտի արատները մոր արգանդում, իսկ հետո հսկողության տակ պահում այդ հղիներին։ Առաջիկա ծրագրերից է նաեւ սրտի բնածին կամ ձեռքբերովի արատներով վերարտադրողական տարիքի կանանց հսկողությունը։ Դրան զուգահեռ կլինիկայում ստեղծվելու է մանկական սրտաբանական ծառայություն, որը զարգացնելու են բժշկի երկու երիտասարդ աշակերտները՝ Յուրի Քոչարյանն ու Վիգեն Ավդալյանը։

Կարեն Կուրդովի խոսքով՝ մի քանի շատ կարեւոր հարցեր դեռ չլուծված են մնում, օրինակ, ինչպես է ֆինանսավորվելու այդ ծառայությունը։ «Իմ պատկերացմամբ՝ մինչեւ 18 տարեկան երեխաներին վճարովի հիմունքներով ծառայություն մատուցելը բացառվում է»,- ասել է նա։

Ծառայությունում մանկական սրտաբաններից բացի կլինեն նաեւ մշտական խորհրդականներ՝ առիթմոլոգ, նեոնատոլոգ, մանկաբարձ- գինեկոլոգ ու մանկաբույժ։ «Այս հարցում ամենակարեւոր խնդիրն այն է, որ սրտի արատով հիվանդը մեկ «տեր» կունենա՝ սրտաբանը»,- ասել է նա։ Բժիշկը հավելել է, որ բազմապրոֆիլ հիվանդանոցում նման ծառայության բացումը շատ առավելություններ է տալիս՝ միշտ կարելի է խորհրդատվության կանչել ցանկացած նեղ մասնագետի, բայց սրտի պաթոլոգիաներով հիվանդի համար գլխավոր բժիշկը՝ ջեներալիստը, սրտաբանն է լինելու։ Կուրդովը հույս ունի, որ երեք տարվա ընթացքում այս ծառայությունը կդառնա լիարժեք, նորմալ սրտաբանական ծառայություն։

Մանկական սրտաբան Յուրի Քոչարյանը, ով աշխատելու է «Աստղիկ» ԲԿ-ում, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մանկական սրտաբանական կլինիկայում իրականացվելու են սրտի հիվանդությունների ախտորոշում, տրվելու են ցուցումներ՝ սրտի արատների վիրահատական շտկման, ինտերվենցիոն բուժման համար, իրականացվելու է դեղորայքային բուժում, նախավիրահատական նախապատրաստում, նաեւ հետվիրահատական մշտական հսկողություն։ Նրա խոսքով՝ եթե հիվանդներին ցուցված լինի վիրահատություն, ապա այդ հարցը կքննարկվի կլինիկայի սրտի վիրաբույժների հետ՝ Մհեր Սուսանիի ղեկավարությամբ։ «Մեր առջեւ դրված առաջին նպատակն է կազմակերպել բուն ծառայությունը, կազմակերպել կլինիկան, որը զբաղվելու է այս հարցերով»,- ասել է նա։

Վիգեն Ավդալյանը հավելեց, որ ծառայությունն իրականացնելու է ամբողջական ախտորոշում, այդ թվում սրտի էխոկարդիոգրաֆիա, իսկ Կարեն Կուրդովը պարզաբանեց, որ մանկական սրտաբանության ոլորտում չկա սոնոգրաֆիստի առանձին մասնագիտացում  ու բոլոր մանկական սրտաբանները կարողանում են ինքնուրույն անել անհրաժեշտ հետազոտությունները, այդ թվում նաեւ՝ գործիքային, եւ մեկնաբանել ստացված արդյունքները։