Ի՞նչ է սոնոէլաստոգրաֆիան

Ի՞նչ է սոնոէլաստոգրաֆիան

11544

Էլաստոգրաֆիան գերձայնային դիագնոստիկայի առաջատար տեխնոլոգիաներից մեկն է, որը թույլ է տալիս որոշել հետազոտվող հյուսվածքների խտությունն ու կարծրությունը: Հյուսվածքը տարբեր գույներով գունավորելուց բացի` ժամանակակից ԳՁՀ-էլաստոգրաֆիան որոշում է նաեւ հյուսվածքի խտության քանակային ցուցիչը, եւ գոյություն ունի մշակված սանդղակ, ըստ որի` կարելի է պարզել  հետազոտվող գոյացության չարորակ լինելու հավանականությունը: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Աստղիկ» ԲԿ գերձայնային ծառայության ղեկավար, բժիշկ-ռադիլոգ, բգթ, դոցենտ Ռուզան Խոնդկարյանը:

Բժշկի խոսքով, նախկինում` սովորական ԳՁ-հետազոտությունների ժամանակ, օջախի կարծրության աստիճանը որոշվում էր աչքաչափով, եւ դա կրում էր սուբյեկտիվության տարր. դիագնոստիկան կախված էր սարքավորման հնարավորությունից, պացիենտի կազմվածքի առանձնահատկություններից եւ բժշկի փորձառությունից:

Ո՞ր դեպքերում է կատարվում սոնոէլաստոգրաֆիա

Ռուզան Խոնդկարյանի պարզաբանմամբ` այդ մեթոդը հիմնականում կիրառվում է` որոշելու հանգույցների խտությունը վահանաձեւ գեղձի հիվանդությունների ժամանակ, եւ նաեւ պարզելու ախտահարված լյարդի ֆիբրոզի աստիճանը, մասնավորապես վիրուսային հեպատիտների դեպքում։ Այն կիրառելի է նաեւ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման համար։

Վահանաձեւ գեղձ

Վահանաձեւ գեղձի հետազոտության ժամանակ սոնոէլաստոգրաֆիայի օգնությամբ որոշվում է հանգույցի հյուսվածքների խտությունը: Որքան բարձր է հյուսվածքի խտությունը, այնքան մեծ է հանգույցի չարորակության հավանականությունը: Ախտորոշման արդյունքը հաստատելու համար ԳՁՀ հսկողությամբ կատարվում է բարակասեղային պունկցիոն բիոպսիա, եւ հյուսվածքն ուղարկվում է բջջաբանական հետազոտության:

Բժշկի խոսքով, այժմ բժշկական աշխարհում տարբեր մոտեցումներ կան այն հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է վահանաձեւ գեղձի էլաստոգրաֆիան, եթե կարելի է միանգամից կատարել բիոպսիա: Շատերը կարծում են, որ պետք է անմիջապես դիմել բիոպսիայի` առանց լրացուցիչ հետազոտությունների: Ըստ բժիշկ Խոնդկարյանի, «Աստղիկ» ԲԿ փորձը ցույց է տալիս,  որ էլաստոգրաֆիան սովորական ԳՁՀ հետ միասին թույլ է տալիս խուսափելու ավելորդ տրավմատիզացիայից եւ կատարել միայն նպատակաուղղված ինվազիվ միջամտություններ, ինչը պացիենտին հնարավորություն է տալիս խուսափելու ավելորդ սթրեսից:

Հիվանդանոցում եղել են դեպքեր, երբ էլաստոգրաֆիան ցույց է տվել բարորակ գոյացություն, իսկ բջջաբանական հետազոտությունը՝ չարորակ։ Սակայն վիրահատությունն ու հետագա գիստոլոգիան ապացուցել են, որ գոյացությունը միանշանակ բարորակ էր։

Կրծքագեղձ

Ինչ որ վերաբերում էր վահանաձեւ գեղձին, վերաբերում է նաեւ կրծքագեղձին` միայն այն տարբերությամբ, որ վահանաձեւը հետազոտելիս սոնոէլաստոգրաֆիան «ոսկե կանոն» է, որը չունի այլընտրանքային տարբերակ: Իսկ կրծքագեղձի դեպքում այն ընտրության մեթոդ է, քանի որ այստեղ առաջնային դիագնոստիկայի միջոցը մամոգրաֆիան է:

Բայց ինչպես նշեց բժիշկը, լինում են դեպքեր, երբ մամոգրաֆիան քիչ ինֆորմատիվ մեթոդ է: Մասնավորապես, այդ մեթոդով չեն հետազոտում երիտասարդ կանանց, քանի որ մամոգրաֆիան ընկալունակ է կրծքի առավելապես ճարպային կառուցվածքի ժամանակ, իսկ երիտասարդ կանանց մոտ այն գեղձային է։ Նման դեպքերում օգնության է գալիս էլաստոգրաֆիան: Ռուզան Խոնդկարյանը պատմեց, որ ինքն ունեցել երիտասարդ կին պացիենտ` կրծքի շերտավոր ֆիբրոադենոմայով, որը վերածվում է չարորակ գոյացության, եւ էլաստոգրաֆիան օգնել է ժամանակին բացահայտել ուռուցքի այդ փոփոխությունները։ Կնոջը վիրահատել են, եւ հետագայում գիստոլոգիան հաստատել է ախտորոշումը:

Լյարդ

Բժիշկ Խոնդկարյանի համար սոնոէլաստոգրաֆիայի ամենահետաքրքիր կիրառությունը՝ լյարդի ախտահարումների դիագնոստիկան է: «Ես այդ մեթոդիկային պարզապես սիրահարված եմ»,- ասում է նա եւ բացատրում, որ սովորական ԳՁ-հետազոտությունների ժամանակ միշտ չէ հնարավոր բացահայտել պարենխիմայի ֆիբրոզ փոփոխությունները, հատկապես երբ կա լյարդի այտուց վիրուսային ախտահարման ֆոնին (մասնավորապես C հեպատիտի դեպքում)։ «Մենք բազմաթիվ դիտումներ ունենք, երբ ԳՁՀ համաձայն լյարդը փոփոխություններ չի ունեցել, իսկ էլաստոգրաֆիան բացահայտել է ֆիբրոզ կամ ցիռոզ», – ասում է նա։

Բժշկի խոսքով` լյարդի ֆիբրոզի աստիճանի որոշումն անհրաժեշտ է ճիշտ բուժում նշանակելու համար: Մասնավորապես, վիրուսային հեպատիտների ժամանակ ոչ միայն որոշվում է հիվանդության հարուցիչը, այլեւ ֆիբրոզի աստիճանը, եւ թերապիան ցուցվում է ըստ այդմ: Ռուզան Խոնդկարյանի խոսքով, լյարդն ունի ռեգեներատիվ լավ հատկություններ, եւ ֆիբրոզի վաղ հայտնաբերման դեպքում, այն կարելի է հաջողությամբ բուժել, եւ լյարդը կարող է բավականին լավ վերականգնվել:

«Լինում է նաեւ կարդիալ ցիռոզ սրտային հիվանդների մոտ, եւ ԳՁՀ-ի ժամանակ դժվար է աչքով որոշել` դա կանգալին լյա՞րդ է, ցիռո՞զ, թե՞ ֆիբռոզ, հատկապես երբ դեռ չկան պորտալ հիպերտենզիայի ախտանիշները: Կա նաեւ, այսպես կոչված, լյարդի ճարպային հեպատոզ: Երբ սկսեցին կատարել էլաստոգրաֆիա, պարզվեց, որ հիվանդությունների մի մասը, որ նախկինում ախտորոշվել էին իբրեւ ճարպային հեպատոզ, իրականում ֆիբրոզ էր», – ասաց բժիշկը:

NEWS.am Medicine