Հեղինե Աբրահամյանին Աստղիկ բկ-ում սխալ ախտորոշում չի դրվել և սխալ բուժում չի...

Հեղինե Աբրահամյանին Աստղիկ բկ-ում սխալ ախտորոշում չի դրվել և սխալ բուժում չի իրականացվել

12607

Վերջերս համացանցում լրատվամիջոցները տարածել էին տեսանյութ, որտեղ երիտասարդ կինը դրամական օգնություն էր խնդրում՝ արտասահմանում բուժում ստանալու համար: Նյութը վերնագրված էր հետևյալ կերպ՝ «Աստղիկ» ԲԿ-ում սխալ ախտորոշման պատճառով մահվան և կյանքի արանքում հայտնված երկու երեխաների մայրը մեր օգնությունն է հայցում:

Նախ ցավում ենք, որ երիտասարդ կնոջ մոտ նման բարդ հիվանդություն է ախտորոշվել, բայց ի պատասխան հայտնում ենք, որ Աստղիկ բկ-ում սխալ ախտորոշում չի դրվել և սխալ բուժում չի իրականացվել:

Տեսանյութի հրապարակումից հետո Աստղիկ բկ-ում  գումարվեց կոնսիլիում Աստղիկ բկ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի, Նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ՀՀ վաստակավոր բժիշկ Անդրոնիկ Իշխանի Քալայջյանի, ընդհանուր նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի, Ախտորոշիչ բաժանմունքի ղեկավար Արտաշես Հարությունյանի գլխավորությամբ և Հեղինե Աբրահամյանին բուժող և հետազոտող բժիշկների մասնակցությամբ:

Քննարկվեց կլինիկական դեպքը, ըստ որի՝

35 ամյա Հեղինե Աբրահամյանը 2017 թ. Մայիսի 10-ին Աստղիկ բկ էր դիմել՝ գանգատվելով ողնաշարի պարանոցային հատվածի ցավերից, շարժումների սահմանափակումից և ձեռքերի ցավից: Անամնեզում այլ հիվանդություններ և ժառանգական հիվանդություններ  չի նշել:  Նույն օրը Աբրահամյան Հեղինեն Աստղիկ բկ-ում անցել է  պարանոցի և կրծքային հատվածի ռենտգեն հետազոտություն, ըստ որի նրա մոտ  ախտորոշվել է օստեոխոնդրոզ: Նյարդաբանը նշանակել է դեղորայքային բուժում՝ նշելով, որ եթե գանգատները շարունակվեն, կարիք կլինի անցնել ՄՌՏ հետազոտություն:

 Հիվանդը կրկին այցելել է Աստղիկ բժշկական կենտրոն հունիս ամսին՝ նույն գանգատներով, նրան խորհուրդ է տրվել կատարել ՄՌՏ հետազոտություն, սակայն վերջինս հրաժարվել է:

Դեկտեմբեր ամսին կրկին նույն գանգատներով հիվանդը դիմել է Աստղիկ բկ, որտեղ ևս մեկ անգամ նրան առաջարկել են անցնել ՄՌՏ հետազոտություն: Դեկտեմբերի 18-ին իրականացվել է պարանոցի և կրծքային հատվածի ՄՌՏ հետազոտություն՝ կոնտրաստ նյութով, որի արդյունքում ախտորոշվել է ողնուղեղի C2-Th7 հատվածում գոյացություն՝ առավել հավանական ներողնուղեղային  աստրոցիտոմա:

Նշենք, որ բոլոր զննումների ժամանակ հիվանդը չի ունեցել ողնուղեղի վնասման  համապատասխան կլինիկական նշաններ:

 Հաշվի առնելով ուռուցքի բարդ տեղակայումը՝  Աստղիկ բկ-ի նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ավետիս Կիրակոսյանը բացատրել է հիվանդին, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն՝ նախապես տեղեկացնելով հնարավոր հաշմանդամության շատ բարձր ռիսկի մասին: Սովորաբար տվյալ տեղակայման ուռուցքով  հիվանդները վիրահատվում են այն ժամանակ, երբ արդեն զարգացած է լինում խորը հաշմանդամություն, որը Հեղինեի մոտ առկա չէր այդ պահին:

Ճիշտ չէ, այն ինֆորմացիան, թե ՀՀ-ում տվյալ վիրահատությունը չի իրականացվում՝ համապատասխան տեխնիկայի պակասի պատճառով: Աստղիկ բկ-ի նեյրովիրաբուժության բաժամունքը հագեցված է տվյալ վիրահատությունն իրականանացնելու համար անհրաժեշտ բոլոր գործիքներով, իսկ նեյրովիրաբուժական կլինիկան գլխավորում է  Հանրապետության առաջատար մասնագետը՝ Անդրոնիկ Իշխանի Քալայջյանը:  Աստղիկ բկ-ում այդ վիրահատության իրականացումը  մի քանի անգամ ավելի  մատչելի է, քանի արտերկրում:

Աստղիկ բկ-ի մասնագետները հետազոտություններ իրականացնելիս և բուժում նշանակելիս  առաջնորդվում են միջազգային ընդունված  չափանիշերին համապատասխան: Ինչը արվել է նաև Հեղինե Աբրահամյանի դեպքում: