Ցուցարարներն առանց խոչընդոտի շտապ օգնության մեքենաների համար բացում էին ճանապարհը

Ցուցարարներն առանց խոչընդոտի շտապ օգնության մեքենաների համար բացում էին ճանապարհը

8958

Այն օրերին, երբ Երեւանում պարբերաբար փողոցներ էին փակվում, շտապ օգնության աշխատանքում խնդիրներ չեն եղել, քանի որ ցուցարարներն արագորեն բացել են այդ մեքենաների ճանապարհը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Աստղիկ» ԲԿ-ի Շտապ օգնության ծառայության ղեկավար Մանուկ Յազչյանը:

Ինչ վերաբերում է մայիսի 2-ին, երբ միաժամանակ փակ էին Երեւանի գրեթե բոլոր փողոցները, «Աստղիկ» ԲԿ-ի Շտապ օգնության մեքենաները տեղափոխել են ոչ միայն շտապ բուժօգնության կարիք ունեցողներին, այլեւ պլանային պարտադիր պրոցեդուրաների կարիք ունեցող հիվանդներին: Սովորաբար նման հիվանդներն ինքնուրույն են հիվանդանոց հասնում:

«Խաչմերուկներում շտապ օգնության մեքենաները ստուգում էին եւ, հավաստիանալով, որ դրանք իսկապես հիվանդների են տեղափոխում, բացում ճանապարհը»,- պատմեց ծառայության ղեկավարը՝ հավելելով, որ մայիսի 2-ին հիմնականում հիվանդանոց են տեղափոխել եւ տուն վերադարձրել հեմոդիալիզ ստացող հիվանդներին, որոնց համար հեմոդիալիզի յուրաքանչյուր  պրոցեդուրա կենսական անհրաժեշտություն է։ Եղել են դեպքեր, երբ իրենց մեքենաներով տեղափոխել են նաեւ այլ հիվանդանոցների՝ «Էրեբունի», «Արտմեդ» ԲԿ-ների հիվանդներին, մեկ հիվանդի էլ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից «Աստղիկ» են բերել:

Մանուկ Յազչյանի խոսքով՝ այդ օրը նաեւ հիվանդանոցից մի ծննդկանի են դուրս գրել. մորն ու նորածնին տուն են տարել շտապ օգնության մեքենայով: Եղել են վնասվածքներով, շաքարային դիաբետով հիվանդներ: Մայիսի 2-ին «Աստղիկ» ԲԿ-ի շտապ օգնության մեքենաները, ընդհանուր առմամբ, 27 կանչ են սպասարկել: «Մեծ մասը հեմոդիալիզ ստացող հիվանդներ էին»,- նշեց նա:

Նա նշեց նաեւ, որ «Աստղիկ» բուժկենտրոնի բժիշկները վերջին օրերին հետեւում էին փակ ճանապարհների մասին հաղորդագրություններին եւ ձգտում նախապես աշխատավայր հասնել: Մայիսի 2-ին մոտակայքում բնակվողներն աշխատանքի են գնացել ոտքով, իսկ մյուսները, այդ թվում ինքը՝ Մանուկ Յազչյանը, հիվանդանոց է եկել առավոտյան 8-ին: