ԽՆԱՅԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԸ

ԽՆԱՅԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԸ

Գարուն-ամառ ժամանակահատվածի հմայքները վայելելու և կողմնակի տհաճ երևույթները կանխելու մասին ենք զրուցել ակնաբույժ Ժասմեն Հարությունյանի հետ.

Տիկին Հարությունյան, որո՞նք են գարուն-ամառ  ժամանակահատվածի եղանակային փոփոխություններին առավել բնորոշ աչքի հիվանդությունները:

-Գարնանը բնորոշ  են  տարբեր տեսակի ալերգիաների սրացումները, այդ թվում` աչքի: Առավել հաճախ դա ալերգիկ կոնյունկտիվիտն է, որն ըստ ընթացքի լինում է սուր, ենթասուր, քրոնիկ: Ալերգիկ կոնյունկտիվիտը` շաղկապենաբորբը, աչքի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություն է, որն արտահայտվում է աչքի լորձաթաղանթի բորբոքումով, այտուցով, քորի զգացողությամբ, լուսավախությամբ, առատ արցունքահոսությամբ, ինֆեկցիայի գումարման դեպքում՝ թարախային արտադրությամբ: Երբեմն հիվանդությունն այնքան է սրվում, որ կարող է խանգարել հիվանդին անգամ  քնել: Հազվադեպ չեն դեպքերը, երբ կոնյունկտիվիտն ուղեկցվում է ալերգիկ ռինիտով կամ ալերգիկ  դերմատիտով, երբ զուգահեռ բորբոքվում են քթի լորձաթաղանթն ու մաշկը: Սեզոնային կոնյունկտիվիտը հիմնականում արտահայտվում է գարնանը և առավել հայտնի է «գարնանային կատար» անվանումով: Հիվանդությունից տառապում են հիմնականում 3-17 տարեկանները: Ի դեպ` գարնանային կատարով տղաները 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան աղջիկները:

-Հիվանդությանն ի՞նչ  գործոններ են նպաստում :

-Ալերգիկ կոնյունկտիվիտն առաջանում և սրվում  է տարբեր պատճառներով: Գարնանը դա ծաղկող բուսականությունն է`  ծաղկափոշու կամ բարդիների  բմբուլների տեսքով: Կարևոր դեր է խաղում նաև մեր երկրի աշխարհագրական դիրքը: Բանն այն է, որ բարձր լեռնային գոտիներում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն ավելի շատ են, որոնք լրացուցիչ պատճառ  են  հանդիսանում հիվանդության սրացման համար: Հիվանդության ի հայտ գալուն  նպաստում են նաև քիմիական նյութերը, այդ թվում` դիմահարդարման միջոցները: Հանդիպում են նաև  դեղորայքային, հազվադեպ` սննդային հիմքով ալերգիկ կոնյունկտիվիտի դեպքեր: Նման դեպքերում պատճառի` ալերգենի բացահայտումը արագացնում է հիվանդության բուժումն ու կանխարգելումը, օրինակ` բացառել ալերգեն հանդիսացող դիմահարդարման  միջոցների կամ քիմիական նյութերի օգտագործումը հիվանդի կողմից: Եթե հիվանդության պատճառ են դարձել արևի ճառագայթները, հիվանդին խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան ակնոց և խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Սեզոնային ալերգիկ կոնյունկտիվիտի ժամանակ ալերգենի բացառումն ավելի բարդ է, քանի որ միշտ չէ, որ հնարավոր է մեկ կամ մի քանի ամսով փոխել բնակության վայրը, սակայն բուժման և կանխարգելման համար դեղամիջոցների լայն տեսականի կա: Ինչպես բոլոր հիվանդությունների դեպքում, ալերգիկ կոնյունկտիվիտի դեպքում ևս հարկավոր է հաշվի առնել ժառանգական նախատրամադրվածության գործոնը:

-Տիկին Հարությունյան, հիվանդության կայծակնային արագությամբ սրացումը մեղմող  կամ  կանխարգելող ի՞նչ  միջոցներ կան:

-Քաղաքից դուրս ալերգիկ կոնյունկտիվիտը երբեմն զարգանում է կայծակնային արագությամբ, քանի որ բուսականությունն այնտեղ ավելի առատ է, ծաղկափոշին` ավելի շատ, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն ավելի ուժեղ է: Ովքեր գիտեն իրենց ալերգիկ հակվածության մասին, պետք է «զինված» լինեն արևապաշտպան ակնոցով, իսկ եթե հստակ գիտեն, որ ունեն ալերգիկ կոնյունկտիվիտ, պետք է նախքան քաղաքից դուրս գալը մի քանի օր օգտագործեն  տեղային ազդեցության հակաալերգիկ դեղամիջոցներ` հիվանդության սրացումը կանխելու  կամ  տհաճ զգացողությունները նվազագույնի հասցնելու համար: Եվ իհարկե ալերգիկ կոնյունկտիվիտով տառապողներին միանշանակ խորհուրդ է տրվում իրենց հետ վերցնել բժշկի կողմից իրենց ցուցված դեղորայքը:

amsagir 15 COPY2-ժամանակակից  բժշկությունը կոնյունկտիվիտի բուժման ի՞նչ միջոցներ է առաջարկում :

-Եթե ալերգիկ կոնյունկտիվիտ ախտորոշումը հաստատվել է, անհրաժեշտ է բացառել կամ նվազագույնի հասցնել  ալերգենի առկայությունը: Որոշ` խիստ բարդացած դեպքերում բուժման գործընթացին պետք է  ներգրավել ալերգոլոգի:  Հաջորդ քայլը տեղային դեղամիջոցների  կիրառումն է` հակահիստամինային, կրոմոգլիկաթթվի,  բարդացած դեպքերում` ստերոիդների տեսքով:  Ցանկալի է կիրառել 2-րդ  կամ 3-րդ սերնդի հակահիստամինային դեղամիջոցներ, որոնք առավել անվտանգ են: Կողմնակի ազդեցությունների առումով առավել անվտանգ  են համարվում կրոմոգլիկաթթվի հիմքով դեղամիջոցները, քանի որ վերջիններիս օգտագործման պարագայում կողմնակի ազդեցությունները հասցված են նվազագույնի, ուստի դրանք կարողեն օգտագործվել առավել երկար ժամանակ` որպես կանխարգելիչ դեղամիջոց: Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, ինչը լայն տարածում ունի մեր ազգաբնակչության շրջանում: Գանգատների դեպքում  պետք է դիմել բժշկի, քանի որ կոնյունկտիվիտի բուժման միջոցները տարբեր են, հետևաբար  միայն հետազոտելուց հետո է հնարավոր նշանակել համապատասխան  բուժում:

-Վարակի՞չ է արդյոք կոնյունկտիվիտը:

-Կոնյունկտիվիտի համեմատաբար նոր տեսակ է համարվում գիգանտ պտկիկային ալերգիկ կոնյունկտիվիտը, որն առաջանում է կոնտակտային լինզաների ոչ ճիշտ գործածումից: Այս տեսակը հանդիպում է ոչ որակյալ կոնտակտային լինզաներ օգտագործողների մոտ, հատկապես եթե ոսպնյակի պարամետրերը ճիշտ չեն ընտրվել և քերում են շաղկապենին, կամ ոսպնյակները  ոչ ժամանակակից նյութերից են պատրաստված: Աչքի ալերգիկ խնդիրներից են նաև եղջերենու ալերգիկ ռեակցիաները, որոնք հիմնականում առաջանում են աչքին կաթեցված դեղերից կամ պատահաբար աչքի մեջ լցված քիմիական նյութերից:

Ալերգիկ կոնյունկտիվիտները վարակիչ չեն: Սակայն երբեմն, հատկապես երեխաների մոտ ալերգիկ կոնյունկտիվիտը վարակային բնույթ է կրում, քանի որ երեխաները հաճախ կեղտոտ ձեռքերով հպվում են աչքերին` դրանով իսկ երկարաձգելով կամ բարդացնելով հետագա բուժումը:  Դրանից խուսափելու համար առաջին իսկ գանգատի դեպքում հարկավոր է  մասնագետի կողմից ստանալ համապատասխան նշանակումներ և սկսել բուժումը: Եթե հիվանդի մոտ ալերգիկ կոնյուկտիվիտին զուգահեռ զարգացել է  նաև վարակային  կոնյունկտիվիտը, անհրաժեշտ է հիշել, որ այն կարող է շփման միջոցով փոխանցվել նաև այլ անձանց:

Դրանից խուսափելու համար հարկավոր է բացառել ձեռքսեղմումները, հիվանդի հետ նույն անկողնային սպիտակեղենի կամ սրբիչի գործածումը:

Նյութը՝ Նոնա Դավթյանի