«Նա երազումս հայտնվեց եւ ասաց, որ եղբայրն իրեն նման կլինի». փոքրիկ Արտյոմին...

«Նա երազումս հայտնվեց եւ ասաց, որ եղբայրն իրեն նման կլինի». փոքրիկ Արտյոմին անվանակոչել են դիրքերում զոհված եղբոր պատվին (ֆոտո, տեսանյութ)

1180

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում 20-ամյա Արտյոմ Վարդերեսյանի մահվանից կարճ ժամանակ անց նրա մայրն անսովոր երազ տեսավ. նրան էր հայտնվել զոհված որդին` զինվորական համազգեստ հագած, եւ իր կողքին գտնվող փոքր տղային ցույց տալով` ասել էր. «Մա՛մ, այս փոքրիկը նույնպես Արտյոմ է, նա շատ նման կլինի ինձ»:

Այս երազից կարճ ժամանակ անց Արմինե Վարդերեսյանը տեղեկացավ, որ հղի է: Հղիության ընթացքում նա երազում զոհված որդուն եւս մի քանի անգամ տեսավ, եւ նա մշտապես ընդգծում էր, որ եղբայրը պետք է իր անունը կրի: Այդ պատճառով, երբ փոքրիկը ծնվեց, ծնողներն առանց երկար մտածելու նրան Արտյոմ անվանակոչեցին: Նրանց խոսքով` փոքրիկն իսկապես նման է մեկ տարի առաջ զոհված եղբորը`նույնպիսի շիկահեր, սպիտակամաշկ, կապտաչյա:

Արմինեի հղիությունն այնքան էլ հարթ չի ընթացել. ավագ որդու զոհվելուց հետո ապրումների պատճառով նրա մոտ վիժման վտանգ կար, ուստի վերջին ամիսները նա անցկացրեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի բարձր վտանգավորության հղիների բաժանմունքում: Բարեբախտաբար, երեխան առողջ ծնվեց: NEWS.am Medicine-ի հետ զրույցում մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Սելիմյանը նշեց, որ փոքրիկն այսօր առավոտյան է ծնվել, հասակը 49 սմ է, քաշը` 2800 գրամ:

Երեխայի հայրը` Արսեն Վարդերեսյանը նշեց, որ իր ավագ որդու ձեռքից ամեն ինչ գալիս էր, եւ ինքը կցանկանար, որ փոքրիկ Արտյոմը նրա նման լինի` համարձակ, ազնիվ եւ խելացի:

Բանակում ծառայելիս Արտյոմը հորը հաճախ էր զանգահարում: Զրույցներից մեկի ժամանակ նա ասել է, որ ընկերոջ հետ միասին պատրաստվում է իրենց զորամասի կողքին ոչ մեծ մատուռ կառուցել, որտեղ զինվորները կկարողանան աղոթել եւ մոմեր վառել: Արտյոմը եւ նրա ընկերը մատուռն իսկապես կառուցեցին, եւ այսօր մերձակայքում ծառայող զինվորները հաճախ են այնտեղ գալիս: Արտյոմի հայրը նույնպես գնացել է մատուռ` մոմ վառելու որդու հոգու հանգստության համար:

  

Արսեն Վարդերեսյանը 1-2 տարի առաջ Լոռու մարզի հայրենի Կաթնաջուր գյուղում սկսել է ավտոարհեստանոց կառուցել` հույս ունենալով, որ ծառայությունն ավարտելուց հետո որդին կկարողանա այնտեղ ավտոմեխանիկ աշխատել. այդ ժամանակ Արտյոմը, ի տարբերություն հոր, որը երկար ժամանակ Ռուսաստանում է աշխատել, ստիպված չէր լինի հայրենիքից հեռանալ:

Երկար ժամանակ ավտոարհեստանոցի կառուցումն անավարտ էր, բայց հիմա Արսենը մտածում է այն վերջապես ավարտել, որից հետո ինքը կսկսի այնտեղ աշխատել եւ մեծացնել փոքրիկ Արտյոմին: Արհեստանոցը դեռեւս տանիք, դարպաս, պատուհաններ, նաեւ աշխատանքի համար անհրաժեշտ որոշ սարքեր չունի: Արսենը վստահ է, որ եթե միջոցներ գտնի եւ կառուցումն, ի վերջո, ավարտի եւ արհեստանոցը բացի, իր աշխատանքը մեծ պահանջարկ կունենա. գյուղում շատ են մեքենա ունեցողները, իսկ արհեստանոց չկա, իսկ երբ մեքենաների հետ կապված խնդիրներ են առաջանում, մարդիկ ստիպված են գնալ հարեւան քաղաքների արհեստանոցներ:

Հիշեցնենք, որ 20-ամյա Արտյոմ Վարդերեսյանը 2016 թվականի մարտի 17-ին զոհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանական բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում` ադրբեջանական կողմից արձակված կրակոցով: