Մուլտիդիսցիպլինար մոտեցում «Աստղիկ» ԲԿ-ում. Ոչ վիրահատական ուռուցքով կնոջը քիմիաթերապիայից հետո հաջողությամբ վիրահատել...

Մուլտիդիսցիպլինար մոտեցում «Աստղիկ» ԲԿ-ում. Ոչ վիրահատական ուռուցքով կնոջը քիմիաթերապիայից հետո հաջողությամբ վիրահատել են

2249

«Աստղիկ» բժշկական կենտրոնում ձվարանների քաղցկեղով 65-ամյա կինը բավական բարդ վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունից առաջ կինը քիմիաթերապիայի վեցամսյա կուրս է անցել, քանի որ նախապես ուռուցքը վիրահատության ենթակա չէր: «Աստղիկ» ԲԿ-ի օնկոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Ղազարյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ այս կլինիկական դեպքը բուժկենտրոնում ցուցաբերվող մուլտիդիսցիպլինար մոտեցման լավ օրինակ է:

Նրա խոսքով՝ այս հիվանդի բուժմանը մասնակցել են ախտորոշող մասնագետ, քիմիաթերապեւտ, գինեկոլոգ, օնկոպրոկտոլոգ եւ ուրոլոգ: Եվ բավական կարճ ժամանակահատվածում՝ մի քանի ամսում, բժիշկներին հաջողվել է լավ արդյունքների հասնել:

Գայանե Ղազարյանը պատմեց, որ կինը հիվանդանոց է ընդունվել ձվարանների քաղցկեղով. ուռուցքը հասել էր մինչեւ աղիներ եւ վիրահատության ենթակա չէր: «Հսկայական ուռուցք էր՝ ցավերով, ասցիտով: Նա նույնիսկ քայլել չէր կարողանում: Քիմիաթերապիայի երկրորդ կուրսից հետո համակարգչային տոմոգրաֆիա կատարեցինք, տեսանք, որ ուռուցքը լավ է արձագանքում քիմիային: Հասկացանք, որ հարկավոր է շարունակել նույն մեթոդով»,- նշեց մասնագետը:

6 ամիս տեւած քիմիաթերապիայից հետո կնոջ մոտ օնկոմարկերները նվազել են, իսկ ուռուցքը փոքրացել է երեք անգամ: Մեկամսյա դադարից հետո կինը վիրահատության է ենթարկվել:

«Աստղիկ» ԲԿ-ի օպերատիվ գինեկոլոգիայի ու մամոլոգիայի բաժնի վարիչ Արման Նազինյանի խոսքով՝ կնոջ մոտ ձվարանների չարորակ ուռուցք էր ախտորոշվել՝ ավշային հանգույցների մեծացմամբ, ինչպես նաեւ հաստ աղիքի հետ ուռուցքի սերտաճմամբ:

Հաշվի առնելով, որ հետորովայնամզային ինֆիլտրատիվ պրոցեսի հավանականություն կար, որոշվել է երկկողմանի ադնեքսէկտոմիայից առաջ միզածորանների ստենտավորում կատարել՝ միզածորանները ինֆիլտրատիվ պրոցեսից անջատելու եւ դեպի խորանիստ ավշային հանգույցներ հասանելիություն ապահովելու համար: Վիրահատությանը երեք մասնագետ է մասնակցել. գինեկոլոգ Արման Նազինյանը, օնկոպրոկտոլոգ, կոլոպրոկտոլոգիայի ծառայության ղեկավար Ալեքսանդր Աղավելյանը եւ ուրոլոգ, ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմեն Ավոյանը։

Վիրահատության ընթացքում աղիների կպումները հեռացնելուց հետո հեռացվել է հեշտոցից մինչեւ աղիները հասնող ծավալուն գոյացությունը: «Փառք Աստծո, գոյացությունն ամբողջությամբ չէր սերտաճել աղիներին, հաջողվեց այն հեռացնել՝ չվնասելով հաստ աղիքը, հետո մենք երկու կողմից հեռացրեցինք ավշային հանգույցները փոքր կոնքի բջջանքի հետ միասին»,- նշեց Արման Նազինյանը: Նրա խոսքով՝ նման պատկեր ստացվել էր քիմիաթերապիայի շնորհիվ, իսկ մինչ այդ համակարգչային տոմոգրաֆիան երկկողմանի որովայնամզային ինֆիլտրատիվ պրոցես էր ցույց տվել:

Աղիների կրկնակի ռեվիզիայից հետո վիրաբույժները հեռացրել են մեծ ճարպոնը, քանի որ այն մետաստազների օջախ էր: Այնուհետեւ ամբողջ որովայնային խոռոչի ռեվիզիա է անցկացվել, ուրոլոգը զննել է նաեւ միզապարկի հատակը եւ վիրահատությունն ավարտվել է: «Տեխնիկապես սա բավական բարդ եւ ծավալուն վիրահատություն էր, ընդհանուր առմամբ, մենք 5 խումբ ավշային հանգույց ենք հեռացրել: Իրավիճակը բարդացել էր նաեւ այն պատճառով, որ քիմիաթերապիայից հետո կնոջ իմունիտետը նվազել էր, բացի այդ՝ մինչ այդ նա միոմայի պատճառով արգանդի հեռացման վիրահատություն էր տարել: Այս վիրահատությունը շուրջ հինգ ժամ տեւեց»,- ասաց բժիշկը:

Գայանե Ղազարյանն էլ հավելեց, որ մեկ ամիս անց կինը հյուսվածքաբանական անալիզի կենթարկվի եւ կորոշվի, արդյոք քիմիաթերապիան շարունակելու կարիք կա: Նրա գնահատմամբ՝ ամենայն հավանականությամբ, եւս երեք-չորս կուրս անցնելու կարիք կլինի:

««Աստղիկ» բժշկական կենտրոնում յուրաքանչյուր հիվանդի մուլտիդիսցիպլինար մոտեցում է ցուցաբերվում: Բուժկենտրոնում ե՛ւ անհրաժեշտ սարքավորումներ, ե՛ւ պրոֆիլային մասնագետներ կան, ինչը թույլ է տալիս ծանր պաթոլոգիաներով հիվանդների, մասնավորապես՝ օնկոհիվանդների փուլային բուժում կազմակերպել: Դա ոչ միայն հարմար է հիվանդին, այլեւ ավելի գրագետ է բժշկական տեսանկյունից»,- ամփոփեց Գայանե Ղազարյանը: