Ո՞րն է դաշտի 3 Տեսլա հզորությամբ ՄՌ տոմոգրաֆիայի առավելությունը

Ո՞րն է դաշտի 3 Տեսլա հզորությամբ ՄՌ տոմոգրաֆիայի առավելությունը

2293

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի կլինիկական օգտագործումը միանշանակ հրաժարվում է սովորաբար օգտագործվող դաշտի 1,5 Տեսլա հզորությամբ համակարգերի օգտագործումից եւ անցնում է 3 Տեսլա հզորությամբ համակարգերին: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայության ղեկավար Արտաշես Շիգանյանը:

Նրա խոսքով՝ մագնիսական դաշտի հզորության մեծացումը հանգեցնում է ազդանշան-աղմուկի ցուցանիշների եւ սքաների բարձրճշգրտության հատկության բարելավման, ավելի բարակ շերտեր ստանալու հնարավորության եւ վերջնարդյունքում՝ հիվանդների ավելի արագ եւ մանրակրկիտ հետազոտության:

«Զարգացած երկրներում ՄՌ տոմոգրաֆիայի «կյանքի» միջին տեւողությունը կազմում է մոտ 10 տարի: Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր եւ ռադիոլոգիայի ամբիոնի վարիչ Ուիլյամ Բրեդլիի հեղինակավոր կարծիքով՝  այն կլինիկան, որն այսօր հին 1,5 Տեսլա տոմոգրաֆի փոխարեն ձեռք չի բերում նոր 3 Տեսլա տոմոգրաֆ, կա՛մ բավարար թվով հիվանդներ չունի, որպեսզի տնտեսապես արդարացվի նման նորամուծությունը, կա՛մ պարզապես վախենում է բարձր դաշտի ֆիզիկայից:

Գործնականում համանման իրավիճակ էր դիտվում նաեւ գրեթե 15 տարի առաջ, երբ առաջին 1,5 Տեսլա տոմոգրաֆները սկսեցին փոխարինել դաշտի ցածր հզորությամբ համակարգերին»,- նշել է Արտաշես Շիգանյանը:

Կոնկրետ ինչպիսի՞ նոր հնարավորություններ է ընձեռում ավելի մեծ հզորությամբ ՄՌՏ-ն:

Արտաշես Շիգանյանի խոսքով՝ դաշտի 3 Տեսլա հզորությամբ համակարգերի օգտագործման շնորհիվ՝

1. Մեծացել է բոլոր հյուսվածքների, առաջին հերթին նյարդային, ոսկրային, աճառային, տեսանելիության որակը, նվազագույն հաստության շերտի (մինչեւ 0,5-1 մմ) դեպքում բարձր ճշգրտության պատկերներ ստանալու հնարավորություն է ստեղծվել, ինչը թույլ է տալիս հայտնաբերել հյուսվածքներում մանրագույն ախտաբանական փոփոխությունները: Դա էլ թույլ է տալիս ավելի մեծ ճշգրտությամբ ախտորոշել նյարդային համակարգի ախտահարումները, մասնավորապես՝ երեխաների եւ նորածինների շրջանում:

2. Ձեռք է բերվում գլխուղեղի եւ ողնուղեղի դիրքի եւ հաղորդման ուղիների կառուցվածքի ավելի հստակ տեսանելիություն. դիֆուզիոն-տենզորային տրակտոգրման մեթոդ:

3. Լավացել է հյուսվածքների միկրոշրջանառության (պերֆուզիայի) հետազոտության որակը, մասնավորապես՝ կաթվածի, ուռուցքների եւ այլ ախտահարումների դեպքում գլխուղեղի, այդ թվում նաեւ առանց կոնտրաստային նյութերի կիրառման:

4. Ֆունկցիոնալ ՄՌՏ մեթոդի օգնությամբ մեծացել է գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակի գնահատման ճշգրտությունը:

5. Փոքր կոնքի օրգանների օնկոլոգիական հիվանդություններով տառապողների հետազոտման առումով 3 Տեսլա տոմոգրաֆիան թույլ է տալիս անատոմիապես անթերի պատկերներ ստանալ հիվանդների բուժման հետագա պլանավորման համար:

6. Մեծացել է պատկերների ստացման արագությունը, ինչը զգալիորեն կրճատում է հիվանդի մագնիսական դաշտում գտնվելու ժամանակը: Եթե նախկինում մեկ անատոմիական հատվածի հետազոտությունը մոտ կես ժամ էր տեւում, ապա այժմ հնարավոր է հետազոտության երկարատեւության կրճատում մինչեւ 15-20 րոպե եւ ավելի պակաս (եթե խոսքն ամբողջ մարմնի սքանավորման մասին չէ):

7. Մագնիսի մեծությունը լավագույնն է փակ տարածքից վախ ունեցող (կլաուստրոֆոբիա) հիվանդների համար:

8. Դաշտի հզորությունը թույլ է տալիս բարձրորակ պատկերներ ստանալ նույնիսկ խոշորաչափ հվանդների դեպքում:

9. Ամբողջ մարմնի օնկոլոգիական սքրինինգի ՄՌՏ անցկացնելու մեթոդը դյուրացել է բարձր դաշտի հնարավորությունների եւ մասնագիտացված ծրագրային ապահովման համադրման շնորհիվ:

Նշենք, որ «Աստղիկ» ԲԿ-ում ՄՌՏ երկու սարք է տեղադրված՝  3 Տեսլա հզորությամբ Magnetom Skyra (Հայաստանում միակն է) եւ 1,5 Տեսլա հզորությամբ Magnetom Aera: Ռադիոլոգները այս կամ այն համակարգի օգտագործումը որոշում են հետազոտությանը ներկայացվող պահանջներից կախված: