Մայրության դպրոց. ի՞նչ է այն տալիս կանանց

Մայրության դպրոց. ի՞նչ է այն տալիս կանանց

12215

Այս դպրոցում չկան ստուգարքներ եւ քննություններ, չկան դասախոսություններ եւ դասամիջոցներ: Բայց հենց այստեղ հղի կինը կարող է ստանալ գիտելիքներ, որոնք կօգնեն նրան պատրաստվելու ծննդաբերությանը:

Խոսքը մայրության դպրոցի մասին է: Ապագա մայրերի դպրոցներ այսօր կան քաղաքի մի շարք հիվանդանոցներում: Այն մասին, թե «Աստղիկ» բժշկական կենտրոնի դպրոցում ինչպես են կազմակերպված պարապմունքները, եւ այդ դպրոցը ինչ է տալիս հղիներին, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի ղեկավար Իննա Պերսոյանը:

Մայրության դպրոցի դասերը տեւում են 5 օր եւ անվճար են «Աստղիկ» բուժկենտրոնում հաշվառված հղիների համար: Իհարկե, սա չի նշանակում, որ 5 օր անց կանայք չեն կարող այցելել դպրոց կամ խորհուրդ հարցնել այնտեղ դասավանդող մասնագետներից. կինը ըստ իր ցանկության կարող է ցանկացած օր գնալ այլ խմբերի պարապմունքներին կամ հոգեբանի հետ կոնսուլտացիայի:

Իսկ ի՞նչ է արվում այդ դպրոցում

Նախ մանկաբարձ-գինեկոլոգը հղիների ոչ մեծ խմբի պատմում է, թե ինչ է հղիությունը, յուրաքանչյուր եռամսյակը ինչով է տարբերվում մյուս փուլերից, ինչ փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, ինչպես կարող է փոխվել ինքնազգացողությունը, ինչին պետք է ուշադրություն դարձնել, երբ չարժե անհանգստանալ, որ դեպքերում է անհրաժեշտ անմիջապես դիմել բժշկի:

Հատուկ ուշադրություն է դարձվում հղիների սննդակարգին եւ կենսակերպին: Մասնագետները պատմում են, թե ինչպես պետք է կինը սնվի հղիության ընթացքում, որպեսզի պտուղը ստանա բոլոր անհրաժեշտ սննդային նյութերը եւ նորմալ զարգանա, իսկ մայրը չհավաքի ավելորդ կիոլոգրամներ:

Մոտ ապագայում բուժկենտրոնում կմեկնարկեն նաեւ հատուկ հղիների համար նախատեսված յոգայի կուրսեր: Ինչպես հայտնի է, հղիության ընթացքում յոգայի պարապմունքներն օգնում են ոչ միայն պահպանելու ֆիզիկական եւ հոգեբանական առողջությունը, այլեւ շատ հաճախ ծննդաբերությունը դարձնում են ավելի հեշտ եւ անցավ: Այդպիսի պարապմունքներ խորհուրդ են տրվում բոլոր հղի կանանց` բացառությամբ նրանց, որոնց այս կամ այն պատճառով դրանք հակացուցված են (բժիշկը պետք է որոշի, թե կարելի է արդյոք կնոջը հղիության ժամանակ զբաղվել յոգայով կամ սպորտով):

Այնուհետեւ մասնագետը պատմում է հղիներին, թե ինչպես պետք է պատրաստվել ծննդաբերությանը, շնչառական որ վարժությունները կօգնեն նրանց հեշտ տանել ծննդաբերությունը: Կանայք անգամ դիտում են ծննդաբերության մասին պատմող ֆիլմեր. սա օգնում է նրանց ավելի հասու լինել, թե ինչ է իրենց սպասվում, եւ պատրաստ լինել դրան:

Կանանց նաեւ պատմում են ծննդաբերության ժամանակ կիրառվող ցավազրկման մեթոդների (ցավազրկման հիմնական մեթոդը, որ լայնորեն կիրառվում է«Աստղիկ» բուժկենտրոնում, էպիդուրալ անզգայացումն է), կեսարյան հատման եւ այդ վիրահատության ցուցումների մասին: Հետո մասնագետը կանանց պատմում է կրծքով կերակրելու մասին, թե ինչու է կրծքի կաթը փոքրիկի լավագույն սնունդը: Ինչպես նշեց բժիշկ Պերսոյանը, կինը արդեն իսկ հղիության շրջանում պետք է տրամադրվի նրան, որ երեխային կերակրելու է կրծքով:

Նրան սովորեցնում են նաեւ, թե ինչպես պետք է հագցնել տակդիրներ եւ խնամել երեխային: Մայրության դպրոցի պարապմունքների մի կարեւոր մասը էքսկուրսիան է բժշկական կենտրոնի ծննդատանը, որին կարող են մասնակցել նաեւ հղի կանանց ամուսինները եւ ազգականները: էքսկուրսիայի ժամանակ նրանք շրջում են ծննդատան բոլոր հարկերով, մտնում են ծնարաններ (դրանք «Աստղիկ» բուժկենտրոնում անհատական են), պալատներ, նեոնատոլոգիայի բաժանմունք, տեսնում են, թե այնտեղ ինչ պայմաններ են եւ որտեղ են նրանք ծննդաբերելու: Հետաքրքիր է, որ շատ կանանյք ծնարանները պատկերացնում են սարսափելի եւ խավար սենյակներ: Իսկ երբ նրանք տեսնում են, որ ծնարանը իրականում լուսավոր եւ գեղեցիկ սրահ է (որտեղ ծննդաբերության ժամանակ կարող է նույնիսկ ներկա լինել կնոջ ամուսինը կամ մի որեւէ ազգական), նվազում է նրանց տագնապը գալիք ծննդաբերությունից:

Մայրության դպրոցում իրականացվող ուսուցման հաջորդ կարեւոր փուլը հոգեբանի հետ աշխատանքն է: Շատ հղիներ մեջ կան խորը նստվածք թողած վախեր, որոնք հաճախ նրանք չեն էլ գիտակցում: Սակայն այդ վախերը նկատելիորեն վատթարացնում են նրանց կյանքի որակը եւ կարող են ազդել հղիության եւ ապագա երեխայի նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա: Բոլոր այդ վախերը պետք է շատ նրբորեն քննել, որպեսզի հղիությունը լինի երջանիկ եւ հանգիստ: Հենց դրանով էլ պարապմունքի ընթացքում զբաղվում է հոգեբանը:

Խմբակային թերապիայի ժամանակ կանայք զբաղվում են art-թերապիայով, նկարում են պատկերներ, որոնց միջոցով հոգեբանը կարող է ախտորոշել նրանց այլեւայլ վախերը կամ խնդիրները: «Աստղիկ» բուժկենտրոնի մայրության դպրոցի հոգեբան Արեգնազ Ավետիսյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ ներկերը եւ պատկերները, որոնք հղիները օգտագործում են իրենց նկարներում, կարող են շատ բան պատմել նրանց մասին: Եւ եթե այդ նկարները բացահայտում են լուրջ վախեր, ուսումնասիրում են դրանք եւ քննարկվում կամ խմբակային պարապմունքներում, կամ եթե խիստ անհատական են, հոգեբանի հետ առանձին հանդիպումների ժամանակ:

Մասնագետները հիշեցին մի հետաքրքիր պատմություն. խմբերից մեկում կար մի կին, որն ատում էր իր դեռ չծնված երեխային, ինչը կարելի էր կռահել ինչպես նրա նկարած նկարներից, այնպես էլ հղիության նկատմամբ նրա վերաբերմունքից: Պարզվեց, որ կնոջն ամուսնացրել էին նրա կամքին հակառակ, նա չէր սիրում ամուսնուն եւ երեխային համարում էր ամուսնունը, եւ ոչ իրենը: Նույն խմբում կար մեկ այլ կին, որը պաշտում էր իր ապագա երեխային, անընդհատ շոյում էր իր որովայնը եւ զրուցում էր նրա հետ: Նրա հետ շփումը լիովին փոխեց առաջին կնոջ վերաբերմունքը հղիության նկատմամբ, եւ նա սկսեց անհամբերությամբ սպասել երեխայի ծնվելուն, եւ նրա հարաբերություններն էլ ընտանիքում բարձրացան նոր մակարդակի վրա:

Այդ օրինակը վկայում է, թե որքան կարեւոր են խմբակային պարապմունքները հոգեբանի հետ. երբ կինն իր խնդիրների, մտահոգությունների մասին պատմում է այլ մարդկանց, նրանք կարող են օգնել իրենց օրինակով, իրենց փորձով: Իսկ եթե պարզվի, որ միաժամանակ մի քանիսի մոտ կան միանման խնդիրներ եւ վախեր, նրանք միասին կարող են ավելի հեշտ հաղթահարել դրանք: Բացի այդ, նման պարապմունքների ընթացքում կանայք գտնում են նոր ընկերուհիներ, եւ նրանց ընկերությունը պահպանվում է եւ մայրության դպրոցն ավարտելուց հետո, եւ նույնիսկ նրանց երեխաների ծնվելուց հետո:

NEWS.am Medicine