ՄԱՐԶՎԵ՞Լ, ԹԵ ՈՒՏԵԼ

ՄԱՐԶՎԵ՞Լ, ԹԵ ՈՒՏԵԼ

Ինչպե՞ս ավելի հեշտ հաղթահարել սթրեսը

Որոշ մարդիկ, հայտնվելով սթրեսի մեջ, սկսում են շատ քաղցր եւ յուղոտ ուտելիք ուտել։ Մյուսներն առհասարակ ոչինչ ուտել չեն ուզում, դրա փոխարեն սկսում են մարզվել կամ ուղղակի պատեպատ խփվել։

Ի՞նչն է ավելի լավ օգնում հաղթահարել սթրեսը՝ սպո՞րտը, թե՞ ուտելիքը։ Այս հարցի պատասխանն օգնեց գտնել Աստղիկ բկ-ի հոգեբան Արեգնազ Ավետիսյանը:

Մասնագետը նշեց, որ արտաքին աշխարհի բոլոր երեւույթները հանգեցնում են օրգանիզմում որոշակի կենսաքիմիական ռեակցիաների։ Այսպես, սթրեսի ժամանակ օրգանիզմում սկսվում է արտադրվել կորտիզոլ կոչվող հորմոնը։ Այդ հորմոնի նպատակը սթրեսին պատասխան ռեակցիա տալն է, մարդուն օգնելը։

Նախամարդիկ սթրես էին ապրում, երբ նրանց վտանգ էր սպառնում։ Նրանց օրգանիզմում կորտիզոլ էր արտադրվում, որի ազդեցությամբ արյունը սրտից անցնում էր մկաններին եւ վերջույթներին, որպեսզի մարդը կարողանար փախչել կամ մարտում հաղթել թշնամուն։ Հենց այդ մեխանիզմի շնորհիվ մարդը սթրեսի վիճակում կարող է շատ արագ վազել կամ լավ կռվել։ Նրա ֆիզիկական հնարավորությունները լավանում են։

Ժամանակակից մարդը սթրեսի վիճակում հաճախ հարձակվում է սառնարանի վրա։ Նա հույս ունի սթրեսը հաղթահարել ուտելիքով, սակայն դա սխալ է, նշում է մասնագետը։ Ո՛չ ուտելիքը, ո՛չ ալկոհոլը իրականում չեն կարող օգնել հաղթահարել սթրեսը։ Դրա փոխարեն պետք է անել այն, ինչ անում էին մեր նախնիները՝ աշխատել մկաններով, որպեսզի էնդորֆինները նվազեցնեն կորտիզոլի քանակը եւ օգնեն հաղթահարել սթրեսը։

Եթե Դուք սթրեսի մեջ եք եւ Ձեզ ծանր մտքեր ու վատ տրամադրությունն է տանջում, մասնագետը խորհուրդ է տալիս փողոց դուրս գալ եւ սկսել շատ արագ քայլել կամ գնալ մարզասրահ եւ մարզվել։ Ընդամենը 30-40 րոպե անց Դուք կզգաք, որ Ձեր մտքերը պարզվում են, իսկ օրգանիզմը թուլանում է եւ հանգստանում։

«Եթե մարդը սթրեսից դուրս գալու համար ընտրում է ալկոհոլն ու ուտելիքը, դա նրան չի օգնի, միայն ավելի վատ կլինի»,– ասում է մասնագետը։

Սթրեսի դեմ պայքարելու տեխնիկային կարող եք տիրապետել՝ մասնակցելով մեր սեմինարին՝ https://www.facebook.com/events/1503941323035442/