Հայաստանում կրծքագեղձի բիոպսիայի նոր մեթոդ է ներդրվել

Հայաստանում կրծքագեղձի բիոպսիայի նոր մեթոդ է ներդրվել

2850

Կրծքագեղձի գոյացությունները կարելի է հայտնաբերել մամոգրաֆիայի կամ այլ հետազոտությունների ժամանակ,  որոնք թույլ են տալիս ախտորոշել քաղցկեղը 98-100% ճշգրտութամբ։  Սակայն այդ բոլոր հետազոտությունները միշտ չեն ամբողջական տեղեկություն տալիս այդ գոյացությունների մասին։ Երբեմն հասկանալու համար, թե ուռուցքը բարորակ է թե չարորակ, պետք է բիոպսիա կատարել։ Դա հետազոտություն է, որի ընթացքում կասկածելի հատվածից  հյուսվածքի նմուշ են վերցնում, որը հետո ուսումնասիրում են մանրադիտակի տակ։

Եթե գոյացությունը շատ փոքր է, բայց տեսանելի է ՈՒԶՀ, բիոպսիան սովորաբար իրականացնում են ուլտրաձայնային հետազոտության հսկողությամբ, որպեսզի մասնագետը կարողանա տեսնել, թե որ հատվածից  է հյուսվածքի նմուշներ վերցնում։ Եթե գոյացությունն այնքան փոքր է, որ այն անգամ ուլտրաձայնային հետազոտությամբ  չի երևում, օգնության է գալիս մամոգրաֆիայի հսկողությամբ ստերեոտակսիկ վակումային բիոպսիան։ Դա նոր մեթոդ է, որը բոլորովին վերջերս է հասանելի դարձել Հայաստանում։

NEWS.am Medicine–ի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ–ի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար Նունե Մաշուրյանն ասաց, որ ստերեոտակտիկ Core բիոպսիան հնարավորություն է տալիս միկրոկալցինատներից նմուշներ  վերցնել հյուսվածաբանական  հետազոտության համար։ Միկրոկալցինատները կալցիումային կուտակումների փոքր օջախներ են, որոնք չեն երեւում ո՛չ ուլտրաձայնային հետազոտության, ո՛չ ՄՌ մամոգրաֆիայի ժամանակ։

60-70 տոկոս դեպքերում միկրոկալցիֆիկատները բարորակ են, եւ միայն 30-40 տոկոս դեպքերում են դրանք չարորակ, բայց երբեմն առանց բիոպսիայի դա տարբերակել հնարավոր չէ։

Ինչպե՞ս են կատարում ստերեոտակսիկ բիոպսիան

Հիվանդը նստում է մամոգրաֆիայի ապարատի մոտ, մասնագետը, ուսումնասիրելով նրա կրծքագեղձը, ընտրում է անհրաժեշտ հատվածը, որտեղից պետք է վերցնել հյուսվածքը։ Ընտրում են նաև ասեղի չափը, որով կատարում են բիոպսիան։ Սարքը ինքն է ընտրում է անհրաժեշտ տեղը եւ խորությունը, և մասնագետին մնում է միայն նմուշ վերցնել եւ ուղարկել հետազոտության։

Պրոցեդուրան բոլոր փուլերով տևում է մոտ 40 րոպե:

Բոլորովին վերջերս Նունե Մաշուրյանը մի հիվանդ ուներ, որի կրծքում փոքր, սակայն մամոգրաֆիայի ժամանակ հստակ երևացող միկրոկալցինատներ կային։ Բիոպսիան ցույց տվեց, որ այդ միկրոկալցինատներն իրականում չարորակ են։ Հիվանդության ընթացքը բարեհաջող ավարտ ունեցավ, քանի որ այդ գոյացությունները հայտնաբերվել էին ամենավաղ փուլում։ Նրան հարկ եղավ միայն փոքրիկ վիրահատություն՝ առանց  քիմիա և  ճառագայթային թերապիայի։

Իհարկե, եթե հիվանդությունն ավելի ուշ հայտնաբերվեր, նրան ավելի բարդ եւ երկարատեւ բուժում պետք կլիներ։ Առանց մաոգրաֆիայի, սակայն, անհնար կլիներ վաղ փուլում տեսնել նրա կրծքում միկրոկալցինատների առկայութնունը։ Իսկ առանց ստերեոտակսիկ բիոպսիայի անհնար կլիներ հասկանալ այդ միկրոկալցինատների բնույթը եւ հետագա գործողությունների ճիշտ ընտրությունը։ Այդպիսով՝ մամոգրաֆիայի հսկողությամբ ստերեոտակտիկվակումային բիոպսիան հնարավորություն է տալիս ամենավաղ փուլում ախտորոշել չարորակ նորագոյացությունները՝  խուսափելով  անհիմն  վիրահատություններից եւ բարձրացնելով հաջող բուժման շանսերը։

Մամոգրաֆիայի նպատակն է գտնել գոյացությունները, որոնք անհնար է շոշափել: Եթե ուռուցքը շոշափելի է, եթե այն երեւում է ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, դա, ամենայն հավանականությամբ, արդեն վաղ յհայտնաբերված ուռուցք չէ: Իսկ ստերեոտակսիկ բիոպսիայի նպատակն է հետազոտել այն գոյացությունները, որոնք չեն երեւում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, նշեց մասնագետը:

Նունե Մաշուրյանը նաև նշեց, որ Աստղիկ ԲԿ-ում, որտեղ ինքն աշխատում է, ժամանակակից թվային Siemens Mammomat Inspiration է տեղադրված, ճիշտ այնպիսին, ինչպիսին որ կա Հայդելբերգի համալսարանական կլինիկայում, որը Եվրոպայի ամենազարգացած համալսարանական կլինիկաներից  է եւ որտեղ հետազոտում են ամբողջ աշխարհի բարդ, վիճելի դեպքերը:

Այդ սարքը ոչ միայն 30 տոկոսով քիչ է ճառագայթում, այլ նաեւ հնարավորություն է տալիս եռաչափ պատկեր ստանալ, որպեսզի այդ ռեժիմով ավելի մանրամասն տեսնել ուռուցքն ու փոփոխությունները: Բացի այդ, այն անմիջապես փոխանցում է պատկերն մասնագետի մոնիտորին, առանց միջանկյալ էտապների: Ստացված պատկերները հիվանդը կարող է ստանալ սկավառակով կամ այլ կիիչով կամ էլ ժապավենի վրա տպած: