«Աստղիկ» բժշկական կենտրոնում հուլիսի 7-10 բելգիացի պրոֆեսորը պանկրեատիտով եւ խպիպով հիվանդներ կընդունի

«Աստղիկ» բժշկական կենտրոնում հուլիսի 7-10 բելգիացի պրոֆեսորը պանկրեատիտով եւ խպիպով հիվանդներ կընդունի

Hayrapet-BarseghyanԱռաջին անգամ Հայաստան, «Աստղիկ» բժշկական կենտրոն կայցելի Եվրոպական վիրաբուժական ընկերության ընդհանուր վիրաբուժության գծով փոխնախագահ, Բելգիայի Լյուվենի համալսարանի պրոֆեսոր, ընդհանուր վիրաբույժ Լյուկ Արթուր Միշելը: Այցի ընթացքում, հուլիսի 7-10–ը անվանի բժիշկը մի շարք դասախոսություններ կկարդա, ինչպես նաեւ հիվանդներ կընդունի եւ անհրաժեշտության դեպքում վիրահատություններ կկատարի։ Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցին հայտնեց «Աստղիկ» ԲԿ–ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Հայրապետ Բարսեղյանը։

Ըստ նրա, դա յուրահատուկ փորձի փոխանակում կլինի, որովհետեւ հայ մասնագետներն էլ իրենց մոտեցումների մասին կպատմեն հյուրին։ Սա մասնագետի առաջին այցն է, եւ նրա հայ գործընկերները հույս ունեն երկարատեւ համագործակցության սկիզբ դնել։

«Հատկապես մեզ հետաքրքիր է պանկրեատիտի բուժման վերաբերյալ դասախոսությունը, ինչպես նաեւ վիրահատությունները», – ասաց Ա. Բարսեղյանը։ «Կա շատ ծանր պաթոլոգիա՝ պանկրեոնեկրոզ, այդպիսի հիվանդների մեծ մասին մենք չենք կարողանում դուրս բերել այդ վիճակից։  Հիմա բավականին արդյունավետ մեթոդներ կան, դեղեր կան, մոտեցումներ կան, եւ մենք ուզում ենք համեմատել մեր մեթոդները նրանց մեթոդների հետ», – ասաց նա։

Հետաքրքիր են նաեւ հետկրծոսկրային խպիպների բուժման մոտեցումները, ինչպես նաեւ ռադիոալիքային աբլյացիայի կիրառումը լյարդի քաղցկեղի մետաստազների բուժման դեպքում, ինչը Հայաստանի համար լրիվ նորություն է։ «Այդպիսի սարքավորում մենք դեռ չունենք, բայց նախատեսում ենք ձեռք բերել նոր մասնաշենք տեղափոխվելուց հետո», – ասաց նա։

Դասախոսությունները կազմակերպվելու են բժիշկների համար հետեւյալ թեմաներով.

“Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից մոտեցումները”,

“Էնդոկրին վիրաբուժություն, ժամանակակից դիագնոստիկան եւ բուժումը”,

“Լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա , վիդեոդասեր”,

“Լյարդի քաղցկեղի ռադիոալիքային աբլյացիա”:

Դասախոսություններին գրանցվելու համար զանգահարել` 055 11 77 48:

Այցի շրջանակում կատարվելու են  հիվանդների  կոնսուլտացիաներ հետեւյալ պաթոլոգիաներով` քրոնիկ պանկրեատիտներ, որովայնի ուռուցքներ, որովայնի վնասվածքներ, էնդոկրին վիրաբուժական պաթոլոգիաներ` թիրեոիդիտ, պարաթիրեոիդիտ, մակերիկամի ուռուցքներ: Հիվանդների կոնսուլտացիայի հերթագրման համար զանգահարել`  055 11 77 48: Կոնսուլտացիաները կլինեն անվճար։