Ինչու՞ լուծվող ստենտները մեծ ժողովրդականություն չեն վայելում Հայաստանում

Ինչու՞ լուծվող ստենտները մեծ ժողովրդականություն չեն վայելում Հայաստանում

11641

Հայաստանում ձեւավորվել է լուծվող ստենտների տեղադրման որոշակի փորձ, մասնավորապես` «Ատղիկ» ԲԿ-ում կատարվել է այդպիսի մի քանի վիրահատություն, իսկ ամբողջ երկրում` 30-ի չափ: Այդ մասին NEWS.am Medicine-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց «Ատղիկ» ԲԿ սրտաբանական ստացիոնարի ղեկավար Միքայել Ադամյանը` մեկնաբանելով այն փաստը, որ վերջերս ամերիկյան FDA-ը թույլատրել է լուծվող ստենտների կիրառությունը ԱՄՆ-ում:

Նա բացատրեց, որ Դեղորայքի եվրոպական գործակալությունը (EMA) լուծվող ստենտներ թույլատրել էր դեռ մի քանի տարի առաջ, իսկ 2012 թվականին Վիեննայում տեղի էր ունեցել Abbott ընկերության արտադրած լուծվող ստենտների մեծ շնորհանդես, որին Հայաստանից մասնակցում էր Միքայել Ադամյանը: FDA պրոցեդուրաները, ինչպես պարզաբանեց բժիշկը, շատ խիստ են եւ տեւում են ավելի երկար, այդ իսկ պատճառով Եվրոպայում հաստատված բժշկական պարագան ԱՄՆ-ում նոր է ստացել թույտվություն:

Բայց, ինչպես նշեց բժիշկը, Հայաստանում լուծվող ստենտները չեն կարող վայելել մեծ ժողովրդականություն մի քանի պատճառով.

Բարձր գին,

Պահպանման կարճ ժամկետ,

Պահպանման հատուկ պայմաններ,

Տեղադրման երկրորդ փորձի անհնարինություն:

Ինչպես պարզաբանեց Միքայել Ադամյանը, պատահում է, որ առաջին փորձից չի հաջողվում ստենտը դնել ճիշտ տեղում: Մետաղական ստենտը կարելի է կրկնաբար փորձել ճիշտ տեղադրել անոթի մեջ: Լուծվող ստենտ կիրառելիս անհաջող փորձի դեպքում, արյան հետ շփումից հետո այն պետք է դեն նետել եւ վերցնել նորը: Իսկ դա չափազանց թանկ կարժենա:

Լուծվող ստենտների առավելությունն այն է, որ անոթի մեջ չի դրվում մետաղական կարկաս, եւ այն չի կորցնում իր էլաստիկությունը: Լուծվող ստենտը դեղորայքային է, այսինքն` այն ոչ միայն լայնացնում է անոթը, այլեւ բուժում է այն: Այն լուծվում է երկու տարվա ընթացքում:

«Չնայած, որ ես ստենտավորման մասնագետ եմ, չեմ սիրում պացիենտի սիրտը վերածել մետաղական կարկասի: Եթե զգում եմ, որ մետաղի քանակությունը չափազանց մեծ կլինի, պացիենտին ուղարկում եմ շունտավորման»,- ասաց նա:

Միքայել Ադամյանի խոսքով` մասնագետները հաճախ վիճում են` արդյո՞ք անհրաժեշտ է ստենտավորել տվյալ պացիենտին, թե՞ ոչ: «Աստղիկ» ԲԿ-ում մտադիր են մեկընդմիշտ լուծել այդ վեճը: Շուտով կլինիկայում կներդրվի նոր տեխնոլոգիա, որը թույլ կտա գնահատել անոթային պատերի վիճակը, նրանց էլաստիկության աստիճանը, եւ նաեւ չափել նեղացման պատճառով անոթների ներքին ճնշման անկումները: Ըստ այդ տվյալների` կարելի է հստակորեն որոշել` պե՞տք է ստենտավորել մարդուն, թե՞ լիովին հնարավոր է ապաքինել դեղորայքային թերապիայով:

NEWS.am Medicine