Ձախլիկությունն արատ չէ

Ձախլիկությունն արատ չէ

Հին հույները կարծում էին, որ տղաները զարգանում են մոր արգանդի աջ մասում, աղջիկները՝ ձախ,  հին Եգիպտոսում ձախլիկի տուն մտնելը համարվում էր լավ նշան և բարեկեցության երաշխիք. էսկիմոսները ձախլիկներին վերագրում էին կախարդի հատկա­նիշներ, ճապոնիայում ամուսինն իրա­վունք ուներ բաժանվել կնոջից, եթե պարզվեր, որ վերջինս ձախլիկ է (նրանք հավատում էին, որ դա դժբախտություն կբերի):

Թերևս դա է պատճառը, որ ձախլիկությունը հաճախ նույ­նացվում է ձախորդության հետ: Այսպես՝ հոլանդերենից «ձախլիկ» թարգմանաբար նշանակում է «սատա­նա», նորվեգերենից՝ «սխալ ձեռք», իսկ ռուսների մոտ երազում ձախլիկ տեսնե­լը նախանշում է ընկերոջ կորուստ: Քիչ չեն նաև ձախլիկության հետ կապված հավատալիքները.

Հավանաբար այս հավատալիքների պատճառով է, որ ծնողները կամ ուսու­ցիչները փորձում են երեխային «փրկել» այդ «թերությունից»: Աշխարհի բնակ­չության մոտ 20%-ը ձախլիկ է: Շատ հան­րահայտ մարդիկ են ձախլիկ եղել, ինչը նրանց ամենևին չի խանգարել նշանա­վոր դառնալ: Ձախլիկ լինելը Լեոնարդո դա Վինչիին չխանգարեց նկարել, Տոլս- տոյին՝ գրել, իսկ Բիլ Քլինթոնին՝ ղեկա­վարել ԱՄՆ-ն: Ձախլիկ է Գարի Կասպարովը: Չարլի Չապլինը ձախլիկ է եղել: Այսօր մի շարք հանրահայտ մարզիկներ, ինչպես օրինակ՝ ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը, մեծ թենիսի վարպետ Ռաֆայել Նադալը կամ հայազգի բռնցըամարտիկ Վիկ Դարչինյանը, ձախլիկ են: Ինչ վերաբերում է բռնցըամարտին, ապա սա արդեն առանձին թեմա է, քանի որ այս մարզաձևում ձախլիկի հաղթանա­կի հավանականությունն աջլիկի նկատ­մամբ ավելի մեծ է, այդ իսկ պատճառով շատ բռնցքամարտիկներ խուսափում են ձախլիկների հետ մրցել:

Մարդու մոտ ձախլիկությունը ձևա­վորվում է կյանքի 1-2րդ տարում, երբ ուղեղն արդեն բավականաչափ զար­գացած է, և հստակ երևում է համա­պատասխան կիսագնդի դոմինանտությունը: Ձախլիկների մոտ առավել զարգացած է աջ կիսագունդը, որը պա­տասխանատու է աբստրակտ և ստեղ­ծագործական մտածողության համար, հետևապես՝ ձախլիկներն ավելի տպա­վորվող են ու զգացմունքային (օր.՝ ձախլիկն ավելի արագ է արձագանքում շրջակա միջավայրում կատարվող ցան­կացած իրադարձության, քան նույն տարիքի աջլիկը): Իսկ աջլիկների հույզերն ու զգացողությունները կառավարում է ուղեղի ձախ կիսագունդը, ինչն իր մեջ ներառում է տրամաբանության ու դա­տողության կենտրոնները:

– Ձախլիկությունն ի վերջո հիվան­դություն չէ, և երեխային «ձախից աջ փոխելու» յուրաքանչյուր փորձ հղի է մի շարք վտանգներով, – մանրամաս­նում է «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկա­կան կենտրոնի մանկական հոգենյարդաբանական դիսպանսերի վարիչ Կարինե Լյուլեջյանը, – երբ մեծահասակ­ները ձախլիկին ստիպում են գրել աջ ձեռքով, նրանք ճնշում են երեխայի մոտ առավել լավ զարգացած կենտրոնը՝ արհեստականորեն արգելակելով երեխայի ճանաչողական զարգացումը: Չէ՛ որ յուրաքանչյուր շարժում, անգամ մեխա­նիկական, հետադարձ ազդակներով հետ է գնում ուղեղ, իսկ երբ ձախլիկ երեխան փորձում է գրել աջով, ավելի շատ ժամանակ է պահանջվում ինֆոր­մացիան տեղ հասցնելու համար, բանի որ վերջինիս բռնի կերպով ստիպում են «ընկնել» ուղեղի հակառակ կիսագունդ և «փնտրել, թե ուր գնալ»: Արդյունքում բազմաթիվ բացասական երևույթներ են ի հայտ գալիս՝ տուժում է երեխայի հիշո­ղությունը, խոսքի և շարժումների դանդաղացում է նկատվում (ընդհուպ մինչև կակազում), փոքրիկին ավելի երկար ժամանակ է պահանջվում մտածելու և կենտրոնանալու համար, էլ չենք խոսում հոգեկան գործառույթների խանգարման մասին՝ մշտական գրգռվածություն, լալ­կանություն, դիմամկանունքի կծկում­ներ և գիշերային մղձավանջներ Նախադպրոցական և դպրոցական տարիքի որոշ երեխաներ ան­գամ հրաժարվում են գրել և սովորել:

Դեռ դա էլ բավա­կան չէ, երեխայի մոտ մեծահասակների հա­մառ ու հետևողական ջանքերի արդյունքում ձևավորվում է թերարժեքության բարդույթ (ինչո՛ւ ես նման չեմ մյուսներին, ես լավը չեմ, ձախլիկ եմ, ձախլիկությունն արատ է):

Տ. Լյուլեջյանը փաստեց, որ անցած տարի Հայաստանի ողջ տարածքում կա­տարված բժշկական հետազոտության ընթացքում մարզերում հանդիպել են կեցվածքի շեղումով երեխաներ, որոնք ձախ ուսն աջից ներքև են պահել: Պարզ­վել է, որ այդ երեխաներն աջլիկ դարձած ձախլիկներ են, որոնք իրենց վրա գործադրված ճնշման տակ ենթագիտակցորեն ձախ ուսն իջեցրել են և հետ տարել:

– Թույլ տվեք երեխային ինքնուրույն կողմնորոշվել, քանի որ նրա օրգանիզմն ավե­լի լավ գիտի, թե ինչ է անհրաժեշտ իրեն: Անգամ եթե երեխան երկու ձեռքն էլ հավասարաչափ է օգտա­գործում, ոչ մի դեպքում մի միջամտեք՝ թողնելով, որ ձեր փոքրիկը դրսևորի իր ողջ ներուժը: Վերջիվերջո ի՛նչ իմաստ ու­նի, եթե բնությունը ձեր երեխային այդ­պես է ստեղծել, չէ՛ որ ձախլիկին աջլիկ դարձնելն այնքան անիմաստ է, որքան բացասական արյան խումբ ունեցողի արյունը դրական դարձնելը,- խորհուրդ է տալիս մասնագետը:

Նյութը՝ Նոնա Դավթյանի
«Ֆարմ Արմենիա» ամսագիր, համար 1

NO COMMENTS

Թողնել պատասախան