«Աստղիկ» ԲԿ-ում ներդնում են լապարոսկոպիկ կոլոռեկտալ վիրաբուժություն (ֆոտո)

«Աստղիկ» ԲԿ-ում ներդնում են լապարոսկոպիկ կոլոռեկտալ վիրաբուժություն (ֆոտո)

2047

«Աստղիկ» ԲԿ-ում ներդնում են հաստ աղու լապարոսկոպիկ վիրահատություններ։ Ամերիկահայ մասնագետ, Kaiser Permanente հիվանդանոցի վիրաբույժ Արմեն Աբուլյանը՝ կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Աղավելյանի հետ համատեղ մշակել են տվյալ ոլորտում լապարոսկոպիա ներդնելու ծրագիր ու արդեն  հաստ աղու չարորակ ուռուցքի հեռացման մի քանի համատեղ վիրահատություն են իրականացրել։  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշել են, որ լապարոսկոպիկ կոլոպրոկտոլոգիական վիրահատություններ Հայաստանում առաջին անգամ են իրականացվում։

Արմեն Աբուլյանը պատմել է, որ լապարոսկոպիկ մեթոդն արդյունավետ է հաստ աղու քաղցկեղի վաղ փուլերում, նաեւ դիվերտիկուլիտի, խոցային կոլիտի ու այլ ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման համար։ Հաստ աղու վերջին փուլերում գտնվող քաղցկեղի դեպքում լապարոսկոպիկ մեթոդը նվազ արդյունավետ է, բայց հնարավոր է դրա համակցված գործածումը՝ բաց վիրահատության հետ միասին։

Վիրաբույժը պարզաբանեց, որ լապարոսկոպիկ մեթոդի իմաստն այն չէ, որ այդ միջոցով արվում են վիրահատություններ, որոնք անհնար է անել բաց ճանապարհով, այլ այն, որպեսզի հիվանդի համար նվազ տրավմատիկ լինի, այսինքն՝ հիվանդի շուտ ապաքինում, հիվանդանոցում անցակցրած ժամերի նվազեցում, հետվիրահատական ավելի թեթեւ վիճակ եւ այլն:

Ամերիկացի վիրաբույժի խոսքով, լապորոսկոպիան կիրառվում է նաեւ որպես ախտորոշիչ մեթոդ, եթե համակարգչային տոմոգրաֆիան ու ՈՒՁՀ-ն չեն տալիս հիվանդության ամբողջական պատկերն  ու բժիշկների մոտ ախտորոշման կապակցությամբ կասկածներ են մնում։

Արմեն Աբուլյանը միաժամանակ հավելեց, որ ցավոք Հայաստանում հիվանդները բժշկին շատ ուշ են դիմում, երբ հիվանդությունն արդեն շատ զարգացած է լինում ու այդ դեպքում ստիպված են անել մեծ, բաց ու շատ տրավմատիկ վիրահատություններ։ Նա Հայաստանի բնակչությանը կոչ է արել ավելի ուշադիր լինել իրենց առողջության հանդեպ, ավելի շատ վստահել բժիշկներին ու ժամանակին դիմել նրանց։ Չէ՞ որ նրա խոսքով, վաղ փուլում հայտնաբերված կոլոռեկտալ քաղցկեղը արդյունավետորեն ենթարկվում է բուժման, ու ժամանակակից տեսակետն այն է, որ այդ քաղցկեղից մարդիկ առհասարակ չպետք է մահանան։ Մինչդեռ Հայաստանը քաղցկեղից մահացության ցուցանիշով աշխարհում առաջին դիրքերն է զբաղեցնում։

Ամերիկահայ բժիշկը Հայաստանի բոլոր 50-ն անց բնակիչներին խորհուրդ է տալիս անցնել հաստ աղու քաղցկեղի հայտնաբերման սքրինինգային հետազոտություն, դա կարող է լինել կամ կոլոնոսկոպիա, կամ կղանքի անալիզ՝ թաքնված արյան համար, իսկ առհասարակ պետք է սկսել պարզապես պրոկտոլոգի մոտ առաջնային զննումից, որն էլ անհրաժեշտության դեպքում կուղարկի հետագա հետազոտությունների։

Ալեքսանդ Աղավելյանն իր հերթին հավելեց, որ լապարոսկոպիկ կոլոռեկտալ վիրաբուժությունը վիրաբուժության մյուս տեսակներից տարբերվում է ու շատ ավելի բարդ է։ Լապարոսկոպիկ վիրահատությունների մյուս տեսակները Հայաստանում, այդ թվում «Աստղիկ» ԲԿ-ում, վաղուց են յուրացված, իսկ հիմա բուժկենտրոնը կներդնի նաեւ լապարոսկոպիայի այս տեսակը։

Նա հայտնեց, որ Արմեն Աբուլյանի հետ համագործակցությունը շարունակական կլինի, ամերիկահայ մասնագետի հաջորդ այցելությունը նոյեմբերին է ծրագրված։