ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԹԱՐԱԽԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «KROKODIL» ԹՄՐԱՄԻՋՈՑՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԹԱՐԱԽԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «KROKODIL» ԹՄՐԱՄԻՋՈՑՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Պողոսյան Յուրի Միքայելի

Բ.գ.դ. պրոֆեսոր, ԵՊԲՀ ՀՇԿ ֆակուլտետի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, Մալաթիա Բկ. դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար

Թմրամիջոցների օգտագործումը Հայաստանում ձեռք է բերել զանգվածային բնույթ: Ըստ ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և նարկոլոգիական կլինիկայի տվյալների՝ վերջին 5 տարվա ընթացքում թմրանյութեր օգտագործողների թիվը Հայաստանում աճել է մոտ  4  անգամ:

Թմրամոլները երիտասարդ տարիքի անձինք են, և պետք է նշել, որ այդ հանգամանքը խնդիրներ է առաջացնում ազգային անվտանգության առումով: Դրանով պայմանավորված՝  կարևորվում է ցանկացած բուժմիջոցառման ներդրում, որը կարող է տալ կայուն բուժական արդյունավետություն:

Թմրամոլների թվի մշտական աճը Հայաստանում, այդ թվում նաև ամբողջ աշխարհում, հանգեցրել է վիրաբուժական ստոմատոլոգիական հիվանդությունների ընդհանուր կառուցվածքում նման հիվանդների թվի աճի, որը մի շարք նոր սոցիալ-տնտեսական և  բժշկական խնդիրների առաջ է կանգնեցրել: Միևնույն ժամանակ սկսած 1995-ից՝ թմրամոլների շրջանում զգալիորեն աճել է ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների թիվը: Ըստ տարբեր սկզբնաղբյուրների՝ նրանց թիվը ընդհանուր թմրամոլների 14,8-38,7%-ն է (Ա. Ա. Տիմոֆեև, 2008):

Ինչպես հայտնի է, թմրամոլությունը նպաստում է իմուն համակարգի ճնշմանը և օրգանիզմի դիմադրողականության իջեցմանը, որը, ինքնաբերաբար, թմրամոլների շրջանում նպաստում է թարախաբորբոքային պրոցեսների զարգացմանը:

Վերջին տարիներին Հայաստանում լայն տարածում է գտել տնայնագործական պայմաններում պատրաստվող «Krokodil» թմրամիջոցը: «Krokodil»-ն օփիատների շարքի թմրամիջոց է, որի կազմի մեջ որպես թմրանյութ հանդես է գալիս դեզոմորֆինը: Սինթեզի համար օգտագործվում են կոդեին պարունակող ցավազրկողներ  (սեդալգին, պենտալգին և այլն), բենզին, անօրգանական թթուներ, կարմիր ֆոսֆոր (ստանում են լուցկուց), սոդա, յոդ և այլ ագրեսիվ նյութեր: Սինթեզից հետո ստացված խառնուրդը մաքրման չի ենթարկվում և անմիջապես օգտագործվում է ներերակային ճանապարհով: Բացի դեզոմորֆինից, օրգանիզմ են մտնում բազմաթիվ թունավոր նյութեր, որոնք կործանարար ազդեցություն են ունենում  մարդու օրգանիզմի վրա: Որպես բարդություն՝ նշված կոնտինգենտի մարդկանց շրջանում, զարգանում է ծնոտների օստեոնեկրոզ, որն ունի  յուրահատուկ կլինիկական պատկեր և չի ենթարկվում բուժման ավանդական մեթոդներին:

Պրակտիկ ստոմատոլոգները, դիմածնոտային վիրաբույժները դեռևս տեղյակ չեն «Krokodil» թմրամիջոցն օգտագործող հիվանդների դեմքի փափուկ հյուսվածքների և ծնոտների ատամնային բորբոքային հիվանդությունների կլինիկական ընթացքի առանձնահատկություններին:

Մեր կողմից փորձ է արվել հնարավորինս մատչելի ներկայացնել «Krokodil» թմրամիջոցն օգտագործող հիվանդների դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունների առանձահատկությունները և առաջարկել կանխարգելման միջոցներ:

Ծնոտների օստեոնեկրոզի զարգացման մեխանիզմը «Krokodil» թմրամիջոցն օգտագործող հիվանդների շրջանում քիչ է ուսումնասիրված:  Ըստ Ա. Ա. Տիմոֆեևի (2009)՝ թմրամոլների շրջանում,  ովքեր օգտագործում են այնպիսի թմրամիջոցներ, որոնց սինթեզի ժամանակ կիրառվում է կարմիր ֆոսֆոր, հայտնաբերվում է ֆոսֆորային ինտոքսիկացիա: Մասնագիտական գրականության մեջ հայտնի է ֆոսֆորի միացությունների ազդեցության հետևանքով զարգացած ծնոտների օստոնեկրոզ` ֆոսֆորային օստեոնեկրոզ, որն ունի նույն կլինիկական ընթացքը, ինչը դիտարկվում է «Krokodil» թմրամիջոցն օգտագործող թմրամոլների շրջանում է: Ֆոսֆորային օստեոնեկրոզը նկարագրված է նաև հետևյալ խմբի հիվանդների շրջանում`

1.Լուցկու գործարանի աշխատողներ, որոնք շփվում են կարմիր ֆոսֆորի հետ (Hughes J. P. W.  et al 1962):

2.Բիսֆոսֆոնատների շարքի դեղամիջոցներ օգտագործող հիվանդներ. բիսֆոսֆոնատները կիրառում են նյութափոխանակության և ոսկրային չարորակ տարբեր հիվանդությունների` բազմակի միելոմաի, թոքերի, կրծքագեղձի, շագանակագեղձի չարորակ նորագոյացությունների բուժման ժամանակ, ոսկրերում մետաստազների, ինչպես նաև օստեոպորոզի, Պաջեթի հիվանդության, մանկական անկատար օստեոգենեզի դեպքում: Առաջին անգամ բիսֆոսֆոնատային օստեոնեկրոզը մասնագիտական գրականության մեջ նկարագրվել է Marx R. E. -ի կողմից (2003):

Ֆոսֆորի միացություններն ունեն հակառեզորբտիվ ազդեցությունոսկրային հյուսվածքի վրա, ճնշելով անգիոգենեզը և վնասելով բերանի խոռոչի լորձաթաղանթը` դժվարացնում են ոսկրերի ռեմոդելինգը և վերականգնումը: Անգիոգենեզի ընկճումը հանգեցնում է ոսկրային հյուսվածքի թերսնուցման, իսկ լորձաթաղանթի վնասումը նպաստում է ոսկրի մերկացմանը, որը հայտնաբերվում է կլինիկական հետազոտմամբ:

Տեղային պայմանները, որոնք նպաստում են օստեոնեկրոզի զարգացմանը, հետևյալն են` ատամների հեռացում, ծնոտների վրա այլ վիրահատական միջամտություններ, էկզօստոզներ և տորուսներ, բերանի խոռոչի անբավարար հիգիենա, պերիօդոնտիտներ (շուրջատամնաբորբեր), պարօդոնտիտներ (հարատամնաբորբեր), թերի պատրաստված ատամնապրոթեզներ, ծնոտների վնասվածք, լնդերի մակրո- և միկրովնասվածք:

Օստեոնեկրոզի առաջացման և ընթացքի վրա մեծ ազդեցություն է թողնում նաև վարակը: Շատ դեպքերում օստեոնեկրոզը կարող է սկսվել որպես պերիօդոնտիտի, պարօդոնտիտի, օստեոմիելիտի բարդություն, և վարակը կարող է թողարկող ազդեցություն ունենալ: Սակայն հետագայում վարակը ստանում է երկրորդային բնույթ. տեղի է ունենում արդեն նեկրոզված (մեռուկացած) ոսկրի երկրորդային վարակում: Հիվանդության ընթացքում ձևավորվում են հարծնոտային շրջանների թարախակույտեր և ֆլեգմոնաներ, որոնք հանգեցնում են վերնոսկրի շերտազատման և ծնոտոսկրերի սնուցման խանգարման: Ծնոտի հաստության մեջ կուտակվող թարախը նպաստում է ներոսկրային ճնշման բարձրացման, որն էլ իր հերթին` ծնոտների թերսնուցման:

«Krokodil» օգտագործող թմրամոլների շրջանում զարգացող օստեոնեկրոզը բազմագործոնային ախտահարում է, և նշված մեխանիզմներն ու պատճառներն իրենց ուրույն դերն ունեն օստեոնեկրոզի զարգացման հարցում:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել որ «Krokodil» թմրամիջոցն օգտագործող անձանց շրջանում պերիօդոնտիտն (շուրջատամնբորբը) ունի քրոնիկական կամ սրացող քրոնիկական և հազվադեպ  սուր ընթացք, որն արտահայտվում է չափավոր կամ թույլ ընթացող կլինիկական դրսևորումներով: Հաճախ հիվանդները նշում են ցավ մեկ, երբեմն 2 և ավելի ատամների շրջանում: Քրոնիկական փուլում հիվանդները հիմնականում գանգատներ չեն նշում: Սրացման փուլում հաճախ առաջանում են ինտենսիվ և երկարատև ցավեր: Պերիօդոնտիտ կարող է հայտնաբերվել նաև արտաքինից առողջ ատամներում:  Ատամնաբնային ելունի և անցման ծալքի լորձաթաղանթն ունի կանգային կապտավուն երանգ, փխրուն է, ատամնաբնային ելունի շրջանում կարող են դիտվել խուղակներ՝ թարախային արտադրությամբ: Անցման ծալքի հարթվածություն չի նկատվում, քանի որ թարախը խուղակներից և մերկացած ոսկրի սահմաններից դուրս է գալիս: Անցման ծալքում սեղմելիս խուղակային անցքերում նկատվում է քիչ քանակությամբ թարախային արտահոսք: Ռենտգենաբանական պատկերում պերիօդոնտիտի դեպքում  առկա է ախտահարված ատամի պերիօդոնտալ ճեղքի լայնացում (որոշ դեպքերում կարող են լինել ծնոտոսկրերի օստեոպորոզի օջախներ): Ընդհանուր ընդունված բուժական միջոցառումները մեծ մասամբ արդյունավետ չեն:

Դեմքի փափուկ հյուսվածքների ու պարանոցի սահմանափակ և տարածված թարախաբորբոքային գործընթացները «Krokodil» թմրամիջոցն օգտագործող անձանց շրջանում հիմնականում ծնոտների օստեոնեկրոզի բարդություն են (նկ.1): Դրանք հաճախ ունեն ձգձգվող և հարաճող կլինիկական ընթացք, բնորոշվում են փափուկ հյուսվածքների ախտահարման լայնածավալությամբ, ինչպես նաև արտահայտված բորբոքային ներսփռանքով, մաշկի վրա մեկ կամ մի քանի խուղակների առկայությամբ (նկ.2),  որոնցով երբեմն նկատելի է մերկացած ոսկրը: Բացահատումից հետո նկատվում է գարշահոտ մեռուկացած հյուսվածք: Հետվիրահատական վերքերը միշտ ունենում են ձգձգվող, դանդաղ ապաքինման ընթացք:

Թարախաբորբոքային գործընթացների տարածվածությունն ուղիղ համեմատական է ծնոտոսկրի մերկացած հատվածին: Սկզբնական շրջանում դեմքի փափուկ հյուսվածքների  թարախաբորբոքային գործընթացների օջախներն իրենց չափերով ավելի սահմանափակ են և ունեն համեմատաբար քիչ ագրեսիվ ընթացք, գրավում են մեկ-երկուսից ոչ ավելի բջջային տարածություններ: Ծնոտներոսկրերի՝ ավելի մեծ չափով մերկացման դեպքում առաջնային բորբոքային օջախներն ունեն ավելի ագրեսիվ ընթացք և գրավում են ոչ քիչ, քան երեք բջջանքային տարածություն: Շատ հաճախ զարգանում են շճային կամ թարախային լիմֆադենիտներ, ավշագեղձաբորբի ձևավորվում են թարախակույտեր և ֆլեգմոնաներ (թարախաբորբեր):

Թմրամոլների շրջանում ավելի հաճախ զարգանում է սուր շճային լիմֆադենիտ (ավշագեղձաբորբ): Հիվանդների ընդհանուր վիճակը չի վատանում, միայն նկատվում է ջերմության բարձրացում մինչև 37,2°C: Զննման ժամանակ նկատելի է սահմանափակ ուռածություն համապատասխան շրջանում: Մաշկը հավաքվում է ծալքով, նրա գույնը փոփոխված չի լինում: Շոշափելիս հայտնաբերվում են պինդ առաձգական մի քանի ավշահանգույցներ, որոնք թեթև ցավոտ են և քիչ շարժուն: Թարախային լիմֆադենիտի դեպքում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38°C: Հիվանդներն ունենում են ընդհանուր թուլություն, ախորժակի վատացում, խանգարվում  է քունը: Ուռածության հատվածում մաշկը լարված է և գերարյունային: Ավշահանգույցը շրջապատող հյուսվածքներում առկա է ներսփռանք: Շոշափվող ներսփռանքը թույլ ցավոտ է: Ներսփռանքի կենտրոնում կարող է զգացվել ծփանք, որը վկայում է թարախային էքսուդատի  (բորբոքահեղուկի)  կուտակման մասին: Ավշահանգույցի պատյանի լուծման դեպքում զարգանում է ադենոֆլեգմոնա: Թարախային լիմֆադենիտի բացահատումից հետո հաճախ նկատվում է գարշահոտ հյուսվածք: Հետվիրահատական վերքերի լավացումը ընթանում է դանդաղ, հատիկային հյուսվածքի աճը նույնպես դանդաղած է, իսկ վերքի եզրերը ծածկված են լինում ֆիբրինային փառով:

Հետվիրահատական վերքերը թարախային լիմֆադենիտների, թարախակույտերի, ֆլեգմոնաների բացահատումից հետո ունենում են թույլ ձգձգվող ընթացք, դանդաղ են լցվում գրանուլյացիաներով (հատիկներով), որոնք հաճախ պարունակում են շճաթարախային բորբոքահեղուկ:  Հաճախ հետվիրահատական վերքերի եզրերը իրարից հեռացած են, իսկ խորքում նկատվում է արդեն ախտահարված ծնոտոսկրը, որն ունի դեղնավուն երանգ, անփայլ է և ծածկված է շճային էքսուդատով (արտաքիրտով): Մաշկի հետվիրահատական վերքերի եզրերը փխրուն են, գունատ կապտավուն, երբեմն գերարյունային երանգով, ձգման ժամանակ հեշտությամբ պատռվում են, մասամբ մեռուկացած են:

Ծնոտների օստեոնեկրոզի կլինիկան բնորոշվում է քրոնիկական և հարաճող ընթացքով: Հիվանդության ամենաբնորոշ կլինիկական ախտանիշը ծնոտների ոսկրերի մերկացումն է բերանի խոռոչում  (նկ.3): Ախտաբանական օջախի ոսկրային հյուսվածքը մերկացած է ատամնաբնային ելունի մակարդակով`նախկինում հեռացված ատամների շրջանում: Սկզբնական փուլում մերկացման ծավալը համապատասխանում է հեռացված ատամների քանակին` սովորաբար  1-3, սակայն, համապատասխան բուժում չստանալու դեպքում ախտահարման ծավալը գնալով մեծանում է և կարող է ընդգրկել ամբողջ ատամնաբնային ելունը (նկ.3.ա,գ): Վերին ծնոտի ախտահարման դեպքում գործընթացը կարող է տարածվել դեպի այտոսկրեր (նկ.2. բ,գ), քմոսկրեր (նկ.5.ա,բ), քթոսկրեր (նկ.2. բ), հանգեցնել քրոնիկական հայմորիտի զարգացման: Ստորին ծնոտի ախտահարման դեպքում, բացի ատամնաբնային ելունից, գործընթացի մեջ կարող է ներգրավվել ստորին ծնոտի մարմինը, անկյունը, ճյուղը, պսակաձև ելունները և հոդելունները (նկ.5.գ):  Ախտահարման շրջանում հստակ երևում են դատարկ ատամնաբները, միջարմատային և միջատամնային խտրոցները, որոնք տեղ-տեղ ունեն «ցեցը կերած» տեսք: Ախտաբանական օջախներում ոսկրային հյուսվածքը (մերկացած հատվածում) ունի կեղտոտ մոխրագույն, խամրած, անփայլ կամ դեղնագորշավուն երանգ, իսկ որոշ հատվածներում ծածկված է կեղտոտ կամ գորշականաչավուն փառով (նկ.3): Ոսկրի մերկացման հատվածներում հատիկավոր հյուսվածքի աճ գործնականում չի նկատվում: Մերկացած ատամնաբունը կարող է լցված լինել թարախային էքսուդատով (արտաքիրտով), իսկ որոշ հատվածներում կարող են լինել թվացյալ ինտակտ ատամներ (նկ.3.գ, դ, զ):

Ատամնաբնային ելունի մերկացած ոսկրային հյուսվածքը շրջապատված է մոխրավարդագույն  (հաճախ) կամ գերարյուն (հազվադեպ) լորձաթաղանթով: Անցման ծալքի լորձաթաղանթը գունատ վարդագույն է, որոշ չափով հաստացած և թույլ ցավոտ: Թարախային արտաքիրտի կուտակման հատվածներում լորձաթաղանթը գերարյունային է: Ախտաբանական օջախների շուրջ փափուկ հյուսվածքները ներսփռված են և քիչ ցավոտ:

Արտաքին զննմամբ երբեմն այտուցը բացակայում է, հատկապես վերին ծնոտի ախտահարման դեպքում: Ստորին ծնոտի ախտահարման դեպքում հաճախ նկատվում է այտուց, որը, եթե բարդացած չէ թարախակույտով կամ ֆլեգմոնայով, փափուկ է, ցավ նշվում է միայն ախտահարված ոսկրի պրոյեկցիայով շոշափելիս: Արտաքինից խուղակներ դիտվում են հիմնականում դեմքի ստորին 1/3-ի սահմանում, սակայն հանդիպում են նաև դեմքի միջին 1/3-ում: Խուղակների քանակը տարբեր է և տատանվում է 1-5-ի սահմանում: Արտաքին խուղակներից երբեմն երևում է ստորադիր մեռուկացած ոսկրը:

Ըստ մեր տվյալների՝ 88,9%-ի դեպքում ծնոտների օստեոնեկրոզի զարգացմանը հանգեցրել է ատամի հեռացումը: Ծնոտների օստեոնեկրոզի զարգացման պատճառ են նաև անորակ պատրաստված շարժական և անշարժ պրոթեզները, ոչ լիարժեք էնդօդոնտիկ բուժումը, պերիօդոնտիտները, պարօդոնտիտները, ատամնաբնային ելունի լորձաթաղանթի միկրո- և մակրովնասվածքները, ծնոտոսկրերի անատոմիական առանանձնահատկությունները (տորուսներ, էկզօստոզներ), ծնոտոսկրերի վնասվածքները: Մեր կողմից նկարագրված է դեպք, երբ ստորին ծնոտի օստեոնեկրոզը զարգացել է ծնոտի սխալ  սերտաճած կոտրվածքի հատվածում:

Հիվանդները նշում են ծնոտոսկրի մերկացում ատամի հեռացումից հետո` մի քանի օրից մինչև 10-12 ամիս անց: Սկզբում հայտնաբերվում է ոսկրի մերկացած փոքր հատված (ատամնաբունը մասամբ ծածկված է փափուկ հյուսվածքներով, այլ կլինիկական  նշաններ չկան),  որը գնալով մեծանում է: Այդ ընթացքում որոշ հիվանդներ նշում են թարախակույտերի և ֆլեգմոնաների զարգացում հարծնոտային փափուկ հյուսվածքներում, որոնց բացահատումը տվել է միայն ժամանակավոր դրական արդյունք:

Ատամը հեռացնելուց անմիջապես հետո հիվանդները հաճախ հայտնաբերում են դատարկ ատամնաբուն և նշում են ալվեոլիտին բնորոշ կլինիկական պատկեր: Ալվեոլիտը ատամնաբնի պատերի բորբոքումն է, որը հաճախ զարգանում է ատամի վնասվածքային հեռացումից հետո` հյուսվածքների պաշտպանական ֆունկցիաների նվազման հետևանով: Նրա զարգացմանը նպաստում են ատամի հեռացման ժամանակ ատամնաքարերի և կարիոզ (ատամնափուտային) խոռոչների պարունակության ներհրումը ատամնաբուն: Նրա մեջ ախտաբանական հյուսվածքների մնալը, վերքից տևական արյունահոսությունը, արյան մակարդուկի բացակայությունը ատամնաբնում կամ նրա մեխանիկական քայքայումը, հիվանդի կողմից հետվիրահատական վերքի խնամքի չպահպանելը և բերանի խոռոչի վատ հիգիենան նպաստում են հիվանդության զարգացմանը: Ալվեոլիտի պատճառ է նաև ատամնաբնում առկա վարակը, երբ ատամը հեռացնում են սուր կամ սրացած քրոնիկական պերիօդոնտիտի, բարդացած պարօդոնտիտի դեպքերում: Նախատրամադրող գործոններ կարող են լինել օրգանիզմի ընդհանուր իմունաբանական դիմադրողականության նվազումը ծերունական հասակում կամ տարած ընդհանուր հիվանդությունների ազդեցությունը: Սովորաբար ատամնաբնի շրջանում ցավն առաջանում է ատամի հեռացումից 2-4 օր անց:

«Krokodil» թմրամիջոցն օգտագործող անձանց շրջանում կարող է զարգանալ ալվեոլիտ (ատամնաբնային օստեոմիելիտ) նույնիսկ ատամի ոչ վնասվածքային հեռացման և բերանի խոռոչի պատշաճ հիգիենայի պահպանման դեպքում: Ալվեոլիտի սկզբնական փուլում ատամնաբնում առաջանում է ոչ մշտական մղկտացող ցավ, որն ուժեղանում է սնունդ ընդունելիս: Հիվանդի ընդհանուր վիճակը բավարար է, մարմնի ջերմաստիճանը բնականոնի սահմաններում: Ատամնաբունը մասնակիորեն լցված է կազմավորված մակարդուկով, որոշ դեպքերում մակարդուկը կարող է ամբողջությամբ բացակայել:Ատամնաբնում հայտնաբերվում են սննդի մնացորդներ և թուք, պատերը մերկացած են:  Ատամնաբունը շրջապատող լնդի եզրերը մոխրավարդագույն  են, նրա շոշափումը ցավոտ է: Բորբոքային գործընթացի հետագա շարունակումը ուղեկցվում է ցավերի ուժգնացմամբ, որոնք դառնում են մշտական, ճառագայթվում են դեպի ականջ, քունք: Հիվանդի վիճակը վատանում է, զարգանում է թուլություն, սուբֆեբրիլ (ենթատենդային) ջերմություն: Պայմանավորված ցավով՝ սննդի ընդունումը դժվարանում է: Ատամնաբնում հայտնաբերվում է արյան քայքայված մակարդուկ, նրա պատերը ծածկված են լինում տհաճ նեխահոտով, գորշ փառով: Ատամնաբնի շուրջ լորձաթաղանթը երբեմն գերարյուն է, այտուցված, շոշափումը ցավոտ է: Ենթածնոտային ավշահանգույցները մեծացած են, ցավոտ: Երբեմն հայտնաբերվում են շրջակա փափուկ հյուսվածքների այտուց, տրիզմ (ծնոտակարկամ) և ցավ կլլման ակտի ժամանակ: Իր հերթին ալվեոլիտը կարող է առաջացնել մի շարք բարդություններ` պերիօստիտ և օստեոմիելիտ, թարախակույտ և ֆլեգմոնա, լիմֆադենիտ:

Ալվեոլիտի ժամանակին և համապատասխան բուժում չիրականացնելու դեպքում որպես երկրորդային բարդություն՝  կարող է զարգանալ ատամնաբնային օստեոմիելիտ, որը բնորոշվում է ատամնաբնի պատերի ոսկրային հյուսվածքում մեռուկային գործընթացների զարգացմամբ: Ի տարբերություն ստոմատոլոգիական պրակտիկայում հանդիպող ալվեոլիտի՝ «Krokodil» թմրամիջոցն օգտագործող անձանց շրջանում ատամնաբնային օստեոմիելիտը (օստեոնեկրոզը) հաճախ ունի առաջնային բնույթ և հայտնաբերվում է ծնոտների օստեոնեկրոզի հարևանությամբ կլինիկորեն ինտակտ ատամների ատամնաբներում: Ատամնաբնում ինտակտ ատամի առկայության դեպքում կարող է զարգանալ սուր կամ քրոնիկական պերիօդոնտիտին բնորոշ կլինիկական պատկեր, իսկ քրոնիկական պերիօդոնտիտի առկայության դեպքում` երբեմն քրոնիկական պերիօդոնտիտի սրացման պատկեր:

«Krokodil» թմրամիջոցն օգտագործող անձանց օդոնտոգեն թարախակույտերի և ֆլեգմոնաների պատճառ է հիմնականում ծնոտների օստեոնեկրոզը: Նման հիվանդների վերջնական բուժումը ուղղակիորեն պայմանավորված է ծնոտների օստեոնեկրոզի օջախների բուժմամբ: Հակառակ դեպքում թարախակույտերի և ֆլեգմոնաների բացահատումից հետո ստացվում է ժամանակավոր դրական արդյունք:

Մեր կողմից առաջարկված է «Krokodil» թմրամիջոցն օգտագործող անձանց դիմածնոտային շրջանի թարախանեկրոտիկ հիվնդությունների բուժման ուղեցույց, որը ներկայացված է ստորև.

Իրականացվում է հիվանդների ընդհանուր հետազոտություն` ընդունված եղանակներով՝ որոշելով վիրուսակրությունը հեպատիտ B, C-ի , ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Վիրահատական բուժման արդյունավետությունը ուղղակիորեն պայմանավորված է նախա- և հետվիրահատական շրջաններում թմրամիջոցի օգտագործման դադարեցմամբ: Ծնոտների շրջանում վիրահատական միջամտություն իրականացվում է թմրամիջոցի օգտագործման դադարեցումից առնվազն 1 ամիս անց: Եթե նշված ժամանակահատվածը քիչ է 1 ամսից, ապա սպասում են 1 ամիսը լրանալուն, իսկ այդ ընթացքում իրականացնում են խնայողական վիրաբուժական (եթե զարգացել են բարդություններ) և պահպանողական բուժում, որը ներառում է`

  1. Բերանի խոռոչի հիգիենա:
  2. Մեռուկացած ոսկրի շարժուն հատվածների հեռացում:
  3. Թարախային օջախների բացահատում (եթե անհրաժեշտ է ընդհանուր անզգայացում, ապա միաժամանակ իրականացնում են արմատական վիրաբուժական միջամտություն ոսկրային հյուսվածքի շրջանում):
  4. Դեզինտոքսիկացիոն թերապիա:
  5. Դիսպանսերիզացում նարկոլոգիական (թմրաբանական) դիսպանսերում:

Վիրահատական միջամտություններն իրականացնում են ընդհանուր անզգայացմամբ, որը չի հետաձգվում մինչև սեկվեստրների ձևավորումը:

Հետվիրահատական շրջանում հիվանդներին նշանակում են`

  1. Հակաբակտերիային և հակասնկային բուժում (հակաբակտերիային բուժումից առաջ նպատակահարմար է իրականացնել թարախի մանրէաբանական հետազոտություն և մանրէների՝ հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշում, քանի որ շատ հաճախ հանդիպում է խառը ֆլորա):
  2. Բերանի խոռոչի հիգիենա:
  3. Վիտամինային կոմպլեքսներ:
  4. Դեզինտոքսիկացիոն բուժում:

Հիվանդները համարվում են առողջացած տեղային բորբոքային երևույթների (ոսկրի մերկացած հատվածներ, խուղակներ, թարախակույտեր, ֆլեգմոնաներ և այլն) բացակայության դեպքում:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բերանի խոռոչի հիգիենան ծնոտների օստեոնեկրոզով «Krokodil» թմրամիջոցն օգտագործող  հիվանդների շրջանում ծայրահեղ ցածր մակարդակ ունի:  Կարիեսի տարածվածությունը 100% է, իսկ ինտենսիվությունը` 20,38±1,71: Հիվանդների շրջանում բարձր են պարօդոնտի ախտահարումները: Մեր կողմից կատարված հետազոտությունների արդյունքները՝  կարելի է եզրակացնել, որ բերանի խոռոչի նման անմխիթար վիճակը «Krokodil» թմրամիջոցն օգտագործող անձանց շրջանում նպաստավոր պայմաններ է ստեղծում ախտածին միկրոֆլորայի զարգացման համար: Հեպատիտ C-ն և մնացած քրոնիկական հիվանդությունները զգալիորեն իջեցնում են օրգանիզմի դիմադրողականությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով ծնոտների օստեոնեկրոզի զարգացման համար: Հաշվի առնելով վերոհիշյալը՝  կարևորվում է ատամի հեռացումից հետո ծնոտների օստեոնեկրոզի զարգացումը կանխարգելող ուղիներ փնտրելը:

Կոսուլտացիայի և բուժման նպատակով զանգահարել 094458057

Էլ. հասցե՝ Poghosyan.yuri@mail.ru

ա. 1  բ.  2

Նկ.1.ա) ենթածնոտային շրջանի թարախակույտ, բ)ենթածնոտային, սուբմասետերալ, թևակերպծնոտային շրջանների ֆլեգմոնա

ա. 3 բ. 4

գ. 5  դ. 6

Նկ.2. Խուղակների տեղակայությունը «Krokodil» թմրամիջոցն օգտագործող դիմային ոսկրերի օստեոնեկրոզով հիվանդների շրջանում (նշված են սլաքներով). ա) ենթածնոտային, ենթակզակային շրջաններում, բ) քթի ենթաակնակապճային շրջաններում, գ) ենթաակնակապճային շրջաններում,              դ) բերանի խոռոչում:

ա. 7 բ. 8

դ. 9 գ. 10

ե.  11 զ. 12

Նկ.3. Ծնոտոսկրերի մերկացումը «Krokodil» թմրամիջոցն օգտագործող դիմոսկրերի օստեոնեկրոզով հիվանդների շրջանում ա, բ) վերին ծնոտի շրջանում գ,դ,ե,զ) ստորին ծնոտի շրջանում:

ա. 13 բ. 14

գ.15 դ. 16

Նկ.4. ա,բ,գ) «Krokodil» թմրամիջոցն օգտագործող հիվանդի ստորին ծնոտի օստեոնեկրոզի  կլինիկական պատկերը: Ռենտգենաբանական պատկերում առկա է ոսկրային հյուսվածքի դիֆուզ ռեզորբցիա առանց հստակ սահմանների, դ) «Krokodil» թմրամիջոցն օգտագործող հիվանդի ստորին ծնոտի օստեոնեկրոզի օջախների հստակ դեմարկացիա:

ա. 17 բ. 18

գ. 19 դ. 20

Նկ.5. «Krokodil» թմրամիջոցն օգտագործող ծնոտների օստեոնեկրոզով հիվանդների ծնոտների ռեզեկցված հատվածները, ա) վերին ծնոտի ռեզեկցիա, բ) ստորին ծնոտի ռեզեկցիա, գ)ստորն ծնոտի ռեզեկցիա հոդելունի էկզարտիկուլյացիայով: