Նոր մոտեցումների շնորհիվ կոտրվածքներով հիվանդներն ավելի շուտ են ոտքի կանգնում․ վնասվածքաբան

Նոր մոտեցումների շնորհիվ կոտրվածքներով հիվանդներն ավելի շուտ են ոտքի կանգնում․ վնասվածքաբան

3799

11948Կյանքն առանց շարժման հնարավոր չէ պատկերացնել. այս սկզբունքն է գերակայող բոլոր կոտրվածքների բուժման ժամանակ, ասում է «Աստղիկ» ԲԿ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար Խորեն Պետրոսյանը: NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ բժշկության առաջընթացն այսօր թույլ է տալիս շատ արագ ոտքի կանգնեցնել կոտրվածքներով հիվանդներին` խուսափելով շարժունակության տեւական կորստից։

Ինչպես պարզաբանեց բժիշկը, ցանկացած կոտրվածքի դեպքում գործ ենք ունենում ոչ միայն ոսկրի, այլ նաեւ շրջակա փափուկ հյուսվածքների, մկանային, կապանային ապարատի վնասման հետ: Ինչպես անմիջապես կոտրվածքից հետո, այնպես էլ վերականգնողական փուլում նաեւ հանդիպում  ենք  զգացողության  եւ արյան շրջանառության տեղային խանգարումների:

Այս ամենը` առաջացած ցավը, տեղային բորբոքումը, ըստ բժշկի,  հանգեցնում է անշարժության: «Նորագույն սարքավորումներ եւ գործիքներ ձեռք բերելու, ինչպես նաեւ արտասահմանյան հայտնի կլինիկաներում մասնագետների  պարբերաբար վերապատրաստումների շնորհիվ «Աստղիկ» ԲԿ-ում հնարավոր եղավ կիրառել ոսկրերի կոտրվածքների բուժման նվազ ինվազիվ վիրահատական մեթոդներ, որոնք փոքր կտրվածքի միջոցով ապահովում են վիրահատական ծավալուն միջամտություն», – ասաց նա։

Եվրոպական արտադրության որակյալ  մետաղական կոնստրուկցիաների օգտագործումը թույլ է տալիս կրճատել վիրահատության տեւողությունը` միաժամանակ ապահովելով ոսկրաբեկորների կայուն ֆիքսացիա, ինչը իր հերթին թույլ է տալիս հիվանդին անմիջապես ոտքի կանգնեցնել եւ խուսափել այն բոլոր բարդություններից, որոնք հարուցում է երկարատեւ անշարժությունը:

Նա նշեց, որ վիրահատությունների զգալի մասը կատարվում է ոչ թե ընդհանուր անզգայացմամբ, այլ ռեգիոնար: Այս ամենը հատկապես կարեւոր է տարեց մարդկանց համար, որոնց բուժումը եւ խնամքը պահանջում են հատուկ մոտեցում եւ ուշադրություն:

NEWS.am Medicine