Կորտիզոլ. Ինչու՞ է այս հորմոնն այդքան կարեւոր

Կորտիզոլ. Ինչու՞ է այս հորմոնն այդքան կարեւոր

260

Կորտիզոլը  մակերիկամների կեղևի ստերոիդ հորմոն է, որն արտադրվում է մակերիկամների կեղևի խրձային հատվածում ACTH-ի հսկողության  ներքո: Կորտիզոլը առնցքային դեր ունի օրգանիզմի սթրեսի նկատմամբ պաշտպանողական ռեակցիաների ժամանակ: Այն բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի քանակությունը,նվազեցնում է ճարպերի առաջացումը և խթանում քայքայումը՝ նպաստելով հիպեր-լիպիդեմիաների և հիպերխոլեսթերինեմիաների զարգացմանը: Մեր օրգանիզմը ի պատասխան սթրեսի արտադրում է կորտիզոլ: Դա լավ է այն դեպքում, երբ մեզ վտանգ է սպառնում: Սակայն շարունակական սթրեսը, որում այսօր ապրում է մարդը, լրջորեն վնասում է ոչ միայն նյարդային համակարգը, այլ նաև կառուցվածքը:

Բարձր կորտիզոլի ժամանակ նկատվում է՝

  • բարձր ճնշում, կամ արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացում
  • այնպիսի զգացողություն, կարծես շարունակ վազքի մեջ եք
  • նիհարելու դժվարություն, գիրացումը նկատվում է հատկապես գոտկատեղի շրջանում
  • տրամադրության հաճախակի փոփոխություն
  • թույլ եղունգներ, մաշկի որակի վատացում
  • հիշողության վատացում, ցրվածություն
  • աղի կամ քաղցր մթերքների պահանջ

Կորտիզոլը ստիպում է օրգանիզմին ծանրաբեռնված աշխատել,որն էլ մեծացնում է ինսուլինի և սրտային պրիստուպների ռիսկը: Բարձր կորտիզոլը իջեցնում է Ca-ի յուրացման պրոցեսը՝ ոսկրերը դարձնելով էլ ավելի փխրուն: Իջեցնում է իմունիտետը և օրգանիզմը էլ ավելի ընկալունակ է դառնում տարբեր հիվանդությունների և ինֆեկցիաների նկատմամբ: Բարձր կորտիզոլի ժամանակ խախտվում է նյութափոխանակությունը: Հորմոնի կոնցենտրացիան արյան մեջ կարող է բարձրանալ մինչև 85 մգ (նորմայում օրեկան արտադրվում է 15-30 մգ), երբ մարդը  սկսում է անհանգստանալ և նյարդայնանալ: Շոկային վիճակներում կորտիզոլի քանակությունը կարող է հասնել 175 մգ (նորմայից 6-10 անգամ բարձր ): Այսպիսի թռիչքային բարձրացումները կրիտիկական չեն օրգանիզմի համար,քանի որ 1.5-2.0 ժամ հետո տեղի է ունենում այս հորմոնի կիսատրոհման պրոցեսը: Կորտիզոլի բարձրացումը կարող է կապված լինել տրավմաների, վիրահատությունների, ինֆեկցիոն հիվանդությունների, արյան մեջ գլյուկոզայի իջեցման հետ:

Արյան շիճուկում կորտիզոլի բարձրացում դիտվում է հետևյալ դեպքերում՝

  • հիպոֆիզի բազոֆիլ ադենոմա
  • իցենկո-Կուշիկի համախտանիշ
  • մակերիկամների ադենոմա
  • մակերիկիամների քաղցկեղ
  • հիպոթիրեոզ
  • հիպոգլիկեմիա
  • գիրացում
  • դեպրեսիա
  • ՁԻԱՀ
  • լյարդի ցիրոզ
  • չկոմպենսացված շաքարային դիաբետ

Կանանց մոտ սթրեսների ժամանակ կորտիզոլի հետ միաժամանակ բարձրանում է պրոլակտինի կոնցենտրացիան: Սա սեռական հորմոն է,բայց արագացված արտադրվում է էքստրեմալ դեպքերում: Երբ պրոլակտինը շատ բարձր է դա կարող է պատճառ դառնալ օվուլյացիայի խանգարման, չհղիանալու, մաստոպատիաների: Կորտիզոլը և պրոլակտինը արտադրվում են նույն դեպքերում:

Կորտիզոլին բնորոշ է սեկրեցիայի օրական ռիթմը: Արյան շիճուկում առավելագույն մակարդակին հասնում է առավոտյան 06:00-08:00 ժամերին, իսկ նվազագույնին՝ երեկոյան ժամերին  20:00-21:00: Առավոտյան ժամերին կորտիզոլի նորման 101.2-535.7 նմոլ/լ:

՛Աստղիկ՛՛ ԲԿ-ում կորտիզոլի հետազոտությունները կատարվում են Roche ֆիրմայի Cobas e 411 անալիզատորով:Մեթոդը՝ էլեկտրոքեմոլյումիսցենտային է, որը համարվում է ամենահուսալի և ճշտգրիտ մեթոդներից ամբողջ աշխարհում: ՛՛Աստղիկ՛՛ ԲԿ-ի լաբորատորիայում  կատարվել է կորտիզոլի  որոշման 1135 հետա-զոտություն:

Արդյունքների ամփոփումից պարզ դարձավ որ հետազոտվողների 20%-ի մոտ նկատվել է ցուցանիշների բարձրացում,իսկ 7%-ի մոտ ստացված արդյունքները եղել են նորմայից ցածր: Հետազոտությունների 61%-ը կանայք են, իսկ 39%-ը՝ տղամարդ: Հետազոտությունների ուղիղ կեսը բաժին է ընկնում նյարդային ստացիոնար բաժնում բուժվող հիվանդներին:

Այս հիվանդների մոտ կորտիզոլի բարձրացում դիտվում է 24%-ի մոտ, իսկ իջեցում՝ ընդհամենը 3.6%-ի մոտ: Կորտիզոլի ամենաբարձր ցուցանիշը ունեցել ենք 28 ամյա տղայի մոտ,արդյունքն է 1750 nmol/l (նորմաները՝ առավոտյան 171-536 nmol/l,) որը խոսում է մակերիկամների ուռուցքի մասի: Երբ դիտարկում ենք ըստ տարիքային խմբերի, ապա պարզվում է  հետազոտվողների 70%-ը մինչև 40 տարեկան անձինք են,իսկ 40-ից բարձր տարիք ունցնողները կազմում են 29%-ը:

Այս փոքրիկ՝ 26-28 գ կշռով մակերիկամները,որոնք 3000 անգամ փոքր են միջին մարդու կշռից, ուղղակի կամ անուղղակի ձևով ազդում են շատ օրգանների, հյուսվածքների և օրգան համակարգերի վրա:

Կորտիզոլի ցուցանիշները նորմայի սահմաններում պահելով մարդն իրեն զերծ է պահում առողջության հետ կապված լուրջ խնդիրներից: Դա ապահովում է առողջ քուն, սլացիկ մարմին, աշխույժ և լավ տրամադրություն: