ԿՈԼՈՌԵԿՏԱԼ ՔԱՂՑԿԵՂ. կանխարգելում, ախտորոշում եւ բուժում

ԿՈԼՈՌԵԿՏԱԼ ՔԱՂՑԿԵՂ. կանխարգելում, ախտորոշում եւ բուժում

1486

Կոլոռեկտալ քաղցկեղՆ ուռուցքային հիվանդությունների շարքում տարածվածությամբ ներկայումս զբաղեցնում է երրորդ տեղը` թոքերի եւ կրծքագեղձի քաղցկեղներից հետո, մինչդեռ 90-ական թթ. գտնվում էր 6-րդ տեղում,-ասում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի ծառայության ղեկավար, ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Ալեքսանդր Աղավելյանը:

Բժշկի խոսքով, վիճակագրության այդ փոփոխությունը տեղի է ունեցել երկու պատճառով. հաճախացել է ինչպես հիվանդացությունը, այնպես էլ հիվանդությունների հայտնաբերումը` պայմանավորված արդիական տեխնոլոգիաների շնորհիվ ախտորոշման բարելավմամբ: Ընդ որում, բժշկի խոսքով, այդ տիպի քաղցկեղի մահացության աստիճանը բարձր չէ, բայց այդ հարցում շատ կարեւոր է հիվանդության վաղ հայտնաբերումը: Կոլոռեկտալ քաղցկեղը նախնական փուլում բուժելի է, բայց ցավոք Հայաստանում հիվանդները դիմում են բժշկին երրորդ կամ չորրորդ փուլում: «Հայաստանում տարվա ընթացքում ախտորոշվում է առաջին, երկրորդ փուլերի հաստ աղու քաղցկեղի 2-3 դեպք, ինչը վկայում է, որ դեռեւս լիարժեք չէ կանխարգելումը եւ ախտորոշումը»,- նշեց նա:

Ի՞նչ է հարկավոր անել կոլոռեկտալ քաղցկեղի ախտորոշումը բարելավելու համար

Բժշկի կարծիքով, իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են հատուկ սկրինինգային ծրագրեր: Հարկավոր է նաեւ բարձրացնել բնակչության տեղեկացվածության աստիճանը: Մարդիկ պետք է իմանան, թե որոնք են առաջին կլինիկական նշանները, որոնց ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագետի: Հարկավոր է նաեւ բարձրացնել առաջին օղակի բժիշկների զգոնությույնը օնկոլոգիայի հանդեպ: «Եթե հիվանդը դիմում է բժշկին որովայնի ցավերի գանգատով` անկայուն կղանք (փորկապություն, ապա փորլուծություն), արտաթորանք, արյուն, ապա դրանք այն հիմնական նշաններն են, երբ պետք է ուշադրություն դարձնել հաստ աղիքին»,- նշեց Ալեքսանդ Աղավելյանը: Սակայն, շարունակեց նա, այդ ախտանիշներով հիվանդը դիմում է առաջնային օղակին, այնտեղ նրան մանրամասնորեն չեն հետազոտում, քանի որ պոլիկլինիկայում չկան ախտորոշիչ այդպիսի հնարավորություններ: «Քանի որ պոլիկլինիկայի բժիշկը զգոն չէ օնկոլոգիայի հանդեպ, հիվանդը կորցնում է ժամանակ: Նրան շատ հաճախ առանց աղիքը ստուգելու բուժում են նշանակում աղիքային դիսբակտերիոզի, թութքի դեմ եւ այլն»,- նշեց մասնագետը: Մինդեռ, նրա խոսքով, առաջնային օղակի բժիշկն այդ դեպքում պետք է հիվանդին պարտադիր ուղարկի կոլնոսկոպիայի կամ ռեկտոսկոպիայի, անոսկոպիայի: «Բայց այդ օղակը մեզ մոտ դեռեւս թույլ է, եւ ի հետեւանք հիվանդը կորցնում է թանկարժեք ժամանակ: Սա գլխավոր հարցն է, որ անհրաժեշտ է լուծել»,- ասաց նա:

Ախտորոշման մեթոդները

Կոլոռեկտալ քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդները կոլոնոսկոպիան է եւ իռիգոսկոպիան (ռենտգեն կոնտրաստ նյութով): Բայց երբեմն ուռուցքը հնարավոր է հայտնաբերել առաջնային զննությամբ` մատներով շոշափելով ուղիղ աղիքը` անուսկոպիայով եւ ռեկտոսկոպիայով: Եթե աղիքում արդեն գոյացել է ուռուցք, պետք է անել նաեւ համակարգչային տոմոգրաֆիա` պարզելու, թե արդյոք կան ցրված մետաստազներ հարեւան օրգաններում ու լիմֆոհամակարգում եւ գնահատելու աղիքը շրջապատող բջջանյութի վիճակը:

Ցուցումներ կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման համար

Ալեքսադր Աղավելյանի խոսքով, 40 տարեկանից հետո պարտադիր պետք է անցնել կոլոնոսկոպիա` թեկուզ մեկ անգամ, այնուհետեւ 5 տարին մեկ հետազոտվել պրոկտոլոգի մոտ: Մասնագետը նշեց, որ այսօր աշխարհում կիրառվում է սկրինինգային շատ պարզ մեթոդ` գաղտնի արյան առկայության թեստ կղանքում: Դրանք թեստային շերտեր են, հղիության թեստերի նմանությամբ, որոնք փոխում են գույնը, եթե կղանքում կա արյուն: Հայաստանում այդ մեթոդը մասամբ ներդրվել է, բայց լայնորեն չի կիրառվում:

Կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկի գործոնները

• Տարիքը, թեեւ կոլոռեկտալ քաղցկեղը վերջին շրջանում խիստ երիտասարդացել է

• Սննդակարգը (ճարպային, տապակած կերակուրներ)

• Հաստ աղիքի պոլիպները

• Աղիների քրոնիկ բորբոքային հիվանդությունները

• Քրոնիկ փորկապությունը

Հաստ աղիքի քաղցկեղի բուժումը

«Հաստ աղիքի քաղկեղը բուժվում է 100%-ով»,- հավաստիացրեց պրոկտոլոգը: Բայց խնդիրը հիվանդների կյանքի որակն է: Որքան վաղ հայտնաբերվի քաղցկեղը, այնքան բարձր կլինի հիվանդի կյանքի որակը բուժումից հետո: Օրինակ, ուղիղ աղիքի դիստալային հատվածի քաղցկեղը առաջնային փուլերում կարելի է եւ չվիրահատել` ըստ այն հանգամանքի, թե ինչպես է ուռուցքը հակազդում քիմիական եւ ճառագայթային թերապիային: Սակայն ուշ փուլերում արվում է ստանդարտ վիրահատություն` բարակ աղիքի էքստիրպացիա. այն հեռացվում է հետանցքի հետ միասին: Աղիքը դուրս է բերվում մակերես, վրան դրվում է կոլոստոմա: Միայն այն մտքից, որ մնացած ողջ կյանքը պետք է անցկացնեն կղանքընդունիչով, բազմաթիվ այցելուներ հրաժարվում են վիրահատությունից:

Ի դեպ, 1999 թվականին առաջին անգամ Հայաստանում հենց պրոֆեսոր Աղավելյանն է առաջարկել նոր վիրահատական մոտեցում` բուժելու ուղիղ աղիքի դիստալային հատվածի քաղցկեղը, որը թույլ է տալիս հիվանդին խուսափել կղանքընդունիչից. այս մեթոդը ենթադրում է ուղիղ աղիքի էքստիրպացիա` սիգմաձեւ աղիքի իջեցմամբ շեքի մեջ եւ ազդրի նուրբ մկանային հյուսվածքից արհեստական սֆինկտերի ստեղծում:

Հայաստանում առ այսօր արվել է նմանատիպ 30 վիրահատություն, եւ թեեւ արհեստական սֆինկտերը 100 տոկոսով չի փոխարինում բնականին, բայց մոտավարապես 60-70%-ով աշխատում է, հավաստիացնում է պրոֆեսորը:

2009 թվականին Ալեքսանդր Աղավելյանը առաջարկեց պլաստիկայով ուղիղ աղիքի էքստիրպացիայի մեկ այլ մեթոդ, սակայն արդեն ոչ թե ազդրի մկանների, այլ հենց ուղիղ աղիքի հետանցքը պահող մկանների՝ լեւատորների մնացորդի օգտագործամբ: Արվել է շուրջ 20 այդպիսի վիրահատություն: