Խորհուրդ ալերգոլոգից. Մի խառնեք  ոգելից խմիչքների տարբեր տեսակներ. դրանք կարող են...

Խորհուրդ ալերգոլոգից. Մի խառնեք  ոգելից խմիչքների տարբեր տեսակներ. դրանք կարող են թունավորում եւ ալերգիա առաջացնել

Հայկական ավանդական կերակրատեսակների բազմազանությանն ու գայթակղիչ համերին չդիմակայելը  կարող են տարատեսակ ալերգիաների առաջացման պատճառ դառնան:

Չի կարելի տարբեր մթերքները միաժամանակ ուտել կամ ուշ ժամերին ծանրամարս ու սպիտակուցներով հագեցած սնունդ ընդունել, նշում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ալերգոլոգ Հասմիկ Գյուրջյանը:

Նրա խոսքով, եթե մարդը սննդային ալերգիա ունի, նշանակում է, որ նրա աղեստամոքսային համակարգը խանգարված է, այնտեղ մանրէների քանակի պակաս կամ ավելցուկ կա, ինչպես նաեւ կարող են տարբեր ինֆեկցիաներ լինել: Ուստի սննդային ալերգիա ունեցողների մոտ դրանք կարող են ցան, մաշկի խիստ հիպերեմիա, քոր եւ նույնիսկ այտուցներ առաջացնել: Ալերգոլոգը խորհուրդ է տալիս հատկապես տոնական օրերի ընթացքում առավել դժվարամարս ու սպիտակուցներով հագեցած սնունդն օրվա առաջին կեսին ընդունել, իսկ երեկոյան ժամերին ուտել թեթեւ ու դյուրամարս մթերքներ:

«Չի կարելի միաժամանակ խառնել աղցանները, մրգերն ու սպիտակուցներով հարուստ սնունդը, քանի որ դրանք կարող են հանգեցնել ալերգիկ ռեակցիաների առաջացման: Նույնը վերաբերում է նաեւ խմիչքներին, քանի որ դրանց տարբեր տեսակների ու մեծ քանակությամբ օգտագործումը կարող է ոչ միայն թունավորման, այլեւ ալերգիայի պատճառ դառնալ»,- ընդգծեց ալերգոլոգը: