Մարդու պապիլոմա վիրուս՝ մաշկի և միզասեռական օրգանների առողջական խնդիրներից մինչև քաղցկեղ. Հարցազրույց

Մարդու պապիլոմա վիրուս՝ մաշկի և միզասեռական օրգանների առողջական խնդիրներից մինչև քաղցկեղ. Հարցազրույց

Հարցազրույց մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանի հետ:
-Բժիշկ Վարդանյան, Ի՞նչ է իրենից ներկայացնում մաշկի պապիլոման:
-Մաշկի պապիլոմա հասկացողության ներքո հասարակության մեջ ընդունված է կոչել գրեթե ցանկացած բարորակ գոյացություն: Սակայն իրականաում պապիլոման վիրուսային ծագման խնդիր է` պայմանավորված մարդու պապիլոմա վիրուսով (HPV), որն ի դեպ, կարող է ախտահարել ոչ միայն մաշկը, այլ նաև լորձաթաղանթը:
-Այսինքն, դրանք տարբերակելու կարիք կա՞:
-Այո, միանշանակ, քանզի բուժական մոտեցումը, որ կիրառվում է պապիլոմա վիրուսով պայմանավորված խնդրի ժամանակ, հնարավոր է, որ կիրառելի չէ այլ ծագման գոյացությունների դեպքում:
-Իսկ ինչպե՞ս տարբերել դրանք:
-Բժշկագիտական բնագավառում պապիլոմա վիրուսով պայամանավորված խնդիրները, ըստ կլինիկական արտահայտությունների բաժանվում են չորս հիմնական ենթախմբերի:
Առաջինը՝ հասարակ կամ վուլգար գորտնուկներն են: Առավելապես հանդիպում են երիտասարդների մոտ, բայց կարող են արձանագրվել ցանկացած տարիքում: Հիմնականում տեղակայված են լինում ափերի վրա, և իրենցից ներկայացնում են հանգուցիկավոր գոյացություններ: Որևէ սուբյեկտիվ զգացողությամբ չեն ուղեկացվում, եթե չեն վնասվում, բորբոքվում կամ ճնշվում:
Երկրորդը՝ տափակ կամ պատանեկան գորտնուկներն են: Սրանք ևս հանդիպում են երիտասարդների մոտ: Հիմնականում տեղակայված են լինում դեմքի շրջանում: Ունեն, աննշան մաշկից տարբերվող գունավորում ու բարձրություն: Չեն ուղեկցվում որևէ զգացողությամբ, երբեմն կարող են թեփոտվել: Առավելապես պատճառում են կոսմետիկ տհաճություն:
Երրորդը՝ ներբանային գորտնուկներն են: Առանձնացվում են հիմնականում տեղակայումից ելնելով: Ի տարբերություն այլ տեսակների, սրանք գտնվելով անընդհատ ճնշման տակ, մաշկից գրեթե չեն բարձրանում ու բնորոշ է ներսփռանքային աճը: Գրեթե միշտ ուղեկցվում են ցավի զգացողությամբ, մինչև անգամ ստիպելով սահմանափակել քայլքը: Արտաքին տեսքով շատ նման են կոշտուկների:
Մյուսը սեռական գորտնուկներն են, կամ սրածայր կոնդիլոմաները: Սրանք մի մեծ խումբ են, որոնք ախտահարում են սեռական օրգաններն և հարսեռական հատվածների մաշկն ու լորձաթաղանթները: Վաղուց ի վեր, դիտարկվում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շարքում:
-Իսկ հատկապես ի՞նչ վտանգ են դրանք ներկայացնում մարդու առողջության համար:
–Նախ լինելով վիրուսային ծագման ու վարակիչ խնդիրներ, դիտարկվում են նաև էպիդեմիոլոգիական տեսանկյունից: Անգամ հասարակ ու տափակ գորտնուկների դեպքում, որոնք սուբյեկտիվ զգացողություններով չեն ուղեկցվում, խոսել միայն կոսմետիկ տհաճության մասին չի կարելի, քանզի ունեն տարածվելու նույն մարդու, և/կամ այլ անձանց մոտ հպավարակելիթյան հատկությամբ պայմանավորված:
Սեռական գորտնուկների դեպքում, բացի կոսմետիկ տհաճությունից, որևէ զգացողությամբ զուգակցվել կամ չզուգակցվելուց զատ, կարևոր մի հանգամանքի վրա կուզեմ ուշադրություն դարձնենք: Տարբեր գրականությամբ միջինում 50 ենթատիպեր են նշվում պապիլոմա վիրուսի, որոնցից որոշներն ունեն խիստ օնկոգեն հատկություն, այսինք հակում ունեն չարորակ գոյացություններ առաջացնելու:
Մասնավորապես` վիճակագրական տվյալներով, արգանդի վզիկի քաղցկեղ ունեցող կանանց գրեթե 100%-ի մոտ դրական են մարդու պապիլոմա վիրուսի նկատմամբ լաբորատոր թեստերը: Կա նաև ապացուցված կապ առնանդամի քաղցկեղի ու պապիլոմա վիրուսի միջև:
Առանձնահատուկ զգուշավորություն է պետք դրսևորել կանանց դեպքում, քանզի խնդիրը տեղակայված լինելով արգանդի վզիկի վրա, տեսանելի չէ պացիենտի համար, ու չուղեկցվելով որևէ զգացողությամբ, կարող է երկար ժամանակ մնալ չբացահայտված և հայտնաբերվել ավելի ուշ փուլերում: Տղամարկանց մոտ խնդիրը հիմնականում առավել վաղ փուլում է ախտորոշվում, քանզի տեսանելի է լինում սեռական օրգանների շրջանում:
-Իսկ ինչպե՞ս ախտորոշել և բուժել այն:
–Ախտորոշման տարբեր մեթոդներ կան, սկսած պացիենտի զննումից, անամնեստիկ տվյալների հավաքագրումից, ու դրանց համադրումից բժշկի կողմից, մինչև լաբորատոր ու գործիքային հետազոտություններ: Ամեն դեպքում հստակ ախտորոշում դրվում է բուժ հաստատությունում ու բժշկի կողմից: Շատ կարևոր է դրանք տարբերակել նման կլինիկական պատկեր ունեցող, բայց սկզբունքորեն այլ ծագում ունեցող խնդիրներից, ինչն այնքան էլ դյուրին գործ չէ, անգամ բժիշկների համար: Նման դեպքերում օգնության են հասնում ախտորոշման լաբորատոր ու գործիքային մեթոդները: Որպես օրինակ նշեմ լայն կոնդիլոմաները երկրորդային սիֆիլիսի ժամանակ: Ունենալով քիչ, թե շատ նման տեսք և տեղակայվելով նույն տեղամասերում, հաճախ կարող են շփոթություն առաջացնել, առաջ բերելով ախտորոշման հաստատման լրացուցիչ մեթոդների կիրառման անհրաժեշտություն:
Բուժական մոտեցումներն ունեն երկու հիմնական ուղղություն: Գերաճական հյուսվածքի (գորտնուկի) դեստրուկտիվ միջամտություններ, որոնք խորհուրդ է տրվում իրականացնել բացառապես բժշկի կողմից: Նման միջամտությունների տեսակներն էլ են բազմազան ու մանրամասն ներկայացվելով պացիենտին՝ կայացվում է համատեղ որոշում բժշկի ու պացիենտի կողմից, հենվելով դրանց դրական ու բացասական կողմերի վրա, ու յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ընտրվում մաքսիմալ ընդունելին:
Այդ ամենն իհարկե հիմնականում զուգակցվում է դեղորքային բուժման հետ, որը ներառում է հակավիրուսային միջոցներ և իմուն համակարգի սպեցիֆիկ խթանիչներ: Նշեմ, որ ցանկացած մեթոդի դեպքում, այնուամենայնիվ կա կրկնման հավանականություն, ուստի խորհուրդ է տրվում սահմանել դինամիկ հսկողություն առնվազն 6 ամսից մինչև 1 տարի, անգամ կլինիկական լավացումից հետո: Դինամիկ հսկողություն սահմանվում է նաև զուգընկերոջ, կամ զուգընեկերուհու համար, քանզի չկա հստակ սահմանաված գաղտնի շրջան (վարակումից մինչև կլինիկական ախտանիշների դրսևորման ժամանակահատվածն է):
–Ամփոփելով, Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:
–Ցանկացած գանգատի, կամ անգամ կասկածի դեպքում ստանալ մաշկաբան–սեռավակաբանի խորհրդատվություն: Սեռական խնդիրներից խուսափելու համար ունենալ փոխադարձ հավատարիմ զույգ, զերծ մնալ անպաշտպան սեռական հարաբերություններից:
Մաղթում եմ քաջ առողություն բոլորին, ու ցանկանում հիշեցնել, որ ցանկացած խնդրի կանխարգելում առավել դյուրին է, քան հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներն ամբողջությամբ վերցված:
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը