Մանկական սրտաբան Կարեն Քուրդովը պտղի էխոկարդիոգրաֆիա է անցկացնելու «Աստղիկ» ԲԿ-ում

Մանկական սրտաբան Կարեն Քուրդովը պտղի էխոկարդիոգրաֆիա է անցկացնելու «Աստղիկ» ԲԿ-ում

«Ատղիկ» բժշկական կենտրոնի կանացի կոնսուլտացիայի բազայի վրա 2017-ի հունվարից անցկացվելու է պտղի էխոկարդիոգրաֆիա 18-22 շաբաթական հղիության ժամկետում։ Հետազոտությունն անցկացնելու է մանկական սրտաբան Կարեն Քուրդովը։

NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում Կարեն Քուրդովը հայտնել է, որ այդ հետազոտությունն անցկացվելու է երեքշաբթի ու ուրբաթ օրերին ժամը 16։00-ից մինչեւ 18։00-ն ՝ 077075639 հեռախոսահամարով նախապես գրանցվելով։ Պարտադիր զննումն անհրաժեշտ է այն հղիներին, որոնք ռիսկի խմբում են։ Հետազոտությունը կարող է իրականացվել նաեւ հղիի ու նրա ընտանիքի ցանկությամբ։ «Չէ՞ որ երեխայի սեռը որոշելու համար գալիս են։ Իմ կարծիքով երեխայի սրտի աշխատանքը գնահատելը շատ ավելի կարեւոր է, քան սեռը որոշելը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հղիները ռիսկի խմբի մեջ են մտնում, եթե

  • Հղի կինը կամ նրա ամուսինը սրտի բնածին արատ ունեն, նաեւ եթե նրանց մեկ կամ մի քանի երեխաները սրտի արատ ունեն
  • Հղի կինն ունի հետեւյալ հիվանդությունները՝ շաքարախտ, ֆենիլկետոնուրիա, կարմիր գայլախտ, կարմրախտ, էպիդեմիկ պարոտիտ։
  • Հղին ընդունել է հակաջղաձգական, հակահիպերտենզիոն, հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ ու լիթիումային դեղամիջոցներ
  • Եթե ՈՒՁՀ-ից հետո պտղի սրտի անոմալիայի կամ այլ արտասրտային անոմալիաների կասկածներ են առաջացել
  • Պտղի սրտի պաթոլոգիական առիթմիա կա
  • Եթե կինը նախկինում ունեցել է վիժումով ավարտված հղիություններ

Մանկական սրտաբանի խոսքով՝ ստեղծվել են հատուկ ուղեցույցներ այդ գործընթացում ներգրավված բոլոր մասնագետների՝ մանկաբարձ գինեկոլոգների, պրենատոլոգների, մանկական սրտաբանների, նեոնատոլոգների ու նույնիսկ պաթանատոմների համար, քանի որ եթե հղիությունը մինչեւ 22 շաբաթական ժամկետն ընդհատելու անհրաժեշտություն է առաջանում, ապա վերջնական գնահատականը պետք է տա պաթանատոմը դիահերձման ժամանակ՝ մանկական սրտաբանի ու պրենատոլոգ- սոնոգրաֆիստի ներկայությամբ։

Ինչպես նշել է Կարեն Քուրդովը, պտղի սրտի հիվանդություն ախտորոշելիս, պարզեցման համար սրտի բնածին արատները բաժանվում են երկու խմբի՝ պարզ ու բարդ արատներ։

«Առաջին խմբի արատները հիմնականում վաղ վիրահատական (որպես կանոն 6-12 ամսականից հետո) կամ որեւէ այլ միջամտության կարիք չունեն կամ այդ միջամտությունների դեպքում մահացությունը ցածր է։ Նման արատները, որոնցից են սրտի միջնապատի դեֆեկտները, կարող են նույնիսկ ինքնուրույն փակվել։ Սրտի պարզ արատների բացահայտման դեպքում հղիությունն ընդհատման ենթակա չէ նույնիսկ 18-22 շաբաթական ժամկետում»,- պարզաբանել է բժիշկը։

Առաջին խմբի արատներից են միջնախասրտային միջնապատի դեֆեկտները, միջփորոքային միջնապատի դեֆեկտները, փականային չափավոր հիվանդությունները, աննշան կոարկտացիա, թոքային երակների մասնակի անոմալ դրենաժը, մասնակիորեն բաց АV-ուղին։

«Ինչ վերաբերում է արատների երկրորդ խմբին՝ ապա դրանց մեծ մասը ծնվելուց հետո անհամատեղելի են կյանքի հետ։ Պտղի արյան շրջանառությունը հարմարավետ պայմաններ է ստեղծում նույնիսկ ամենաբարդ սրտի արատների համար, քանի որ պտուղն ունի երկու կեմպենսատորային մեխանիզմներ՝ օվալաձեւ պատուհանն ու զարկերակային հոսքը։ Ծնվելուց հետո այդ տարրերի փակումը որոշակի արատների դեպքում կարող է երեխայի մահվան պատճառ դառնալ»,- ասել է Կարեն Քուրդովը։

Երկրորդ խմբի արատներից են մագիստրալ անոթների տրանսպոզիցիան, ընդհանուր զարկերակային ցողունը, աջ կամ ձախ փորոքներից երկակի մագիստրալ անոթները, ձախ սրտի հիպոպլազիան, աջ սրտի հիպոպլազիան, կրիտիկական կոարտացիան, թոքային կրիտիկական ստենոզն ու աորտայի կրիտիկական ստենոզը։

Այս արատների հայտնաբերման դեպքում հղիության 18-22 շաբաթական ժամկետում մանկական սրտաբանը (ու միայն սրտաբանը, այլ ոչ թե մանկաբարձ գինեկոլոգը) կարող է ծնողներին խորհուրդ տալ ընդհատել հղիությունը։ Բայց որոշումը ծնողներն են կայացնում ու որպեսզի այն գիտակցված լինի՝ նրանք պետք է պատկերացնեն, թե ինչ հիվանդություն ունի պտուղը, ու ինչ փորձություններ են սպասում իրենց՝ ինչ վիրահատություններ, ինչ տարիքում եւ այլն»,- ասել է նա ՝ պարզաբանելով, որ այսօր սրտի այդ բոլոր հիվանդւոթյուններն էլ կարելի է վիրահատել։ Այլ բան է, որ մեկ փորոքի դեպքում սրտի նորմալ անատոմիան վերականգնելը հնարավոր չի, ու վերջնական վիրահատությունը կհանգեցնի Ֆոնտենի տիպի արյան շրջանառության։

Բժշկի խոսքով պտղի մոտ բնածին սրտի արատ կասկածելու դեպքում մանկական սրտաբանը հղիությունը վարելու վերաբերյալ ցուցումներ է տալիս։ Հազվադեպ բացառությամբ՝ հղիությունը վարում են սովորականի նման՝ այսինքն պտղի մոտ սրտի արատի առկայությունը չպետք է պատճառ դառնա վաղաժամ ծննդաբերության, կեսարյան հատման կամ այլ ոչ ստանդարտ ընթացակարգերի համար։

Կարեն Քուրդովը նշել է, որ ըստ վիճակագրության՝ սրտի բնածին արատով է ծնվում երեխաների 1 տոկոսը, ինչը Հայաստանում կազմում է տարեկան մոտ 450 երեխա, որից 15-20 տոկոսը երկրորդ տեսակի արատներն են։ Բայց, հավելեց բժիշկը, դա ընդամենը վիճակագրություն է, իսկ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մենք գործ ունենք ընտանիքի ողբերգության հետ։ Առաջ նման երեխաների մեծ մասը մահանում էր, բայց հիմա Հայաստանում մանկական սրտաբանական ծառայություն կա։

Բժիշկը նշել է, որ պտղի էխոկարդիոգրաֆիան վճարովի է, բայց երեխայի ծնվելուց հետո մինչեւ նրա 18 տարեկանը լրանալը մանկական սրտաբանական ու կարդիովիրահատական բոլոր ծառայություններն անվճար են։

NEWS.am Medicine