ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍՏԱՆԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍՏԱՆԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

IMG_1503Ինչպես հայտնի է` «Իրավունք» թերթը ամեն տարի ընտրում է տարվա լավագույններին եւ վատագույններին տարբեր բնագավառներում: Փորձում է գտնել այն մարդկանց, այն հաստատությունները, ովքեր իրենց ոլորտում մեր երկրի համար ինչ-որ լավ բան են արել, ջանք են ներդրել մեր ժողովրդի բարօրության համար: Թերթի կողմից հանրության շրջանում անցկացված հարցումների, ինչպես նաեւ ընթերցողների կարծիքների ամփոփման արդյունքում` հիվանդներին մատուցած որակյալ եւ բարձրակարգ բուժսպասարկման համար «Իրավունք» թերթի կողմից տարվա լավագույն բուժհաստատություն է ճանաչվել «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնը:
Վերոնշյալի կապակցությամբ զրուցեցինք «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն ԱՍԱՏՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:
-Պարոն Ասատրյան, ո՞րն է Ձեր կողմից ղեկավարվող բժշկական կենտրոնի որդեգրած քաղաքականությունը, որն էլ հիվանդներին, այսպես ասած, ձգում է դեպի ձեր կենտրոն:
– «Նատալի ֆարմ Մալաթիա» ԲԿ-ի որդեգրած քաղաքականության ուղղվածությունն առավելապես դեպի գերմանական տեխնոլոգիաներն ու առողջապահական չափանիշներն են: Մեր նպատակն է ձեւավորել բժշկական ծառայությունների մատուցման նոր եւ առավել զարգացած համակարգ:
Համագործակցում ենք Գերմանիայի առաջատար կլինիկաների հետ եւ պատրաստ ենք կազմակերպել ցանկացած բուժօգնություն` արտերկրից հրավիրված մասնագետների մասնակցությամբ: Բժշկական անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի բժշկական կենտրոն դիմած ցանկացած հիվանդի բարձր մակարդակի` եվրոպական ուղեցույցներին համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերենք, ինչ արվում է մեր կլինիկայում` արվում է հարյուր տոկոսով:
– Ունե՞ք համագործակցության եզրեր այլ երկրների հետ, որտեղ մասնագետները մեկնում են վերապատրաստման  կամ իրականացնում փորձի փոխանակում` արտերկրի լավագույն մասնագետների հետ:
– Բնականաբար ունենք համագործակցության եզրեր այլ երկրների հետ, մասնավորապես` Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Ավստրիայի եւ ԱՄՆ-ի հետ: Մեր կենտրոնի մասնագետները հաճախ են մեկնում արտերկիր, որտեղ անցնում են վերապատրաստում, ինչպես նաեւ այնտեղից Հայաստան են գալիս մասնագետներ, ովքեր կատարում են բազմաթիվ վիրահատություններ, այսինքն` տեղի է ունենում փորձի փոխանակում: Կենտրոնի մասնագետների` արտերկրում վերապատրաստման հետ  կապված բոլոր ծախսերը հոգում է տնօրինությունը: «Նատալի ֆարմ Մալաթիա» ԲԿ-ն ձգտում է եւ այսօր արդեն բավականին քայլեր է ձեռնարկում  մոտ ապագայում մատուցելու բժշկական համալիր ծառայություններ, ամեն ինչ անում ենք, որպեսզի այն բուժօգնությունները, որոնք այսօր Հայաստանում չեն մատուցվում կամ թերի են մատուցվում, հասցնենք բարձր մակարդակի, որ մեր քաղաքացիները եւս կարողանան ստանան այնպիսի որակյալ եւ բարձր մակարդակի բուժօգնություն, ինչպիսին ստանում է եվրոպացին:
– Պարոն Ասատրյան, մի պահ հետադարձ հայացք գցեք դեպի տարիների խորքը. ի՞նչ վիճակում ընդունեցիք կենտրոնը, եւ ինչպիսի՞ն է այն այսօր: Որո՞նք են այն ակնառու փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Ձեր ղեկավարության ընթացքում:
–  Երբ ձեռք բերեցինք «Մալաթիա» ԲԿ-ն, այն բավական անմխիթար վիճակում էր, գնել էինք մոտ 15 հազար քառակուսի մետր շենքային տարածք, որտեղ չկար ոչ մի բուժսարքավորում: Երբ ընկերությունը, որի սեփականատերը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, ձեռք բերեց բժշկական կենտրոնը, նույնիսկ մամուլում հրապարակումներ եղան, թե իբր բժշկական կենտրոնի փոխարեն երշիկի կամ մակարոնի արտադրամաս է կառուցվելու: Բայց այսօր ինքներդ եք ականատես լինում, որ կենտրոնը ծառայեցվում իր նպատակներին, եւ չար լեզուների սպասելիքներն այդպես էլ չարդարացան: Պարոն Ալեքսանյանի հովանու ներքո մշակվեց բժշկական կենտրոնի զարգացման հեռանկարային ծրագիր, որի արդյունքում ունենք միջազգային չափանիշներին համապատասխան  բժշկական կենտրոն` ի շահ մեր ժողովրդի եւ երկրի: Առաջին իսկ օրերից սկսեցինք համագործակցել գերմանական նախագծային ընկերություններից մեկի հետ, որն օգնեց ճիշտ գծագրել շենքը` հին ու նոր մասնաճյուղերը միմյանց ճիշտ կապելու համար, քանի որ կարեւոր է, որ հիվանդանոցում ճիշտ կազմակերպվի բժիշկների, բուժանձնակազմի, հիվանդների, հիվանդատերերի շարժերը: Ու այսօր նախկին խարխլված բժշկական կենտրոնին փոխարինելու է եկել գեղեցիկ, նորաոճ, հարմարավետ, մասնագիտորեն հագեցած բժշկական կենտրոն, իհարկե, պարոն Ալեքսանյանի կատարած ներդրումներով: Միայն նախագծային աշխատանքների վրա 200 հազար եվրոյից ավելի գումար է ծախսվել: Նախագծային աշխատանքներին մասնակցել են նաեւ հայ մասնագետներ, սակայն հիմնական ուղղությունները տվել են գերմանացի մասնագետները: Նախկինում հիվանդանոցը  բաղկացած է եղել ծննդատնից, պոլիկլինիկայից, հիվանդանոցից, առանձին միավորներից, սակայն այսօր այն հայտնի է մեկ վերամիավորված անունով` «Մալաթիա» բժշկական կենտրոն, որն ունի եվրոպական չափանիշներին համապատասխան` շատ լավ դիալեզի բաժանմունք: Այն ՀՀ-ում առաջին կենտրոնն է, որտեղ ֆիլտրերը մեկ անգամ է օգտագործվում` խուսափելով տարատեսակ հիվանդությունների ձեռքբերումից:
– Գիտենք, որ «Նատալի ֆարմ Մալաթիա» ԲԿ-ում որոշակի զիջումների են գնում` սոցիալապես անապահով հիվանդներին աջակցելու համար, կմանրամասնե՞ք:
– Մենք սերտ աշխատում ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի հետ, ով պարբերաբար` օրը մի քանի սոցիալապես անապահով անձանց ուղարկում կենտրոն անվճար բուժզննում անցնելու համար: Նմանատիպ անվճար բուժօգնություն են ստանում կենտրոն դիմած նաեւ այլ վարչական շրջանների, մարզերի բնակիչներ: Հնարավորության սահմաններում համապատասխան բժշկական օգնություն ենք ցուցաբերում, անհրաժեշտության դեպքում անվճար` պարոն Ալեքսանյանի ֆինանսավորմամբ կատարում ենք նաեւ վիրահատություններ:
ատալի ֆարմ Մալաթիա՚ ԲԿ-ի առավելությունների մասին զրուցեցինք ԲԿ-ի ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բ. գ. թ. ՌՈՒԲԵՆ ԲՈՐՈՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց.
– «Նատալի ֆարմ Մալաթիա» ԲԿ-ում ինձ, ոչ միայն զարմացրեց, այլեւ կարող եմ ասել` ապշեցրեց այն, որ լավ աշխատանքի, ազգաբնակչությանը որակյալ բուժօգնություն ցուցաբերելու, երիտասարդ բժիշկներին կրթելու բոլոր հարցերը լուծվում են շատ արագ: Հաշվի է առնվում մասնագետի կարծիքը, որը շատ կարեւոր է, բժշկական զարգացման վերաբերյալ բոլոր հարցերը լուծվում են լայն քննարկումների արդյունքում: Իհարկե, դա բոլոր լուրջ հիվանդանոցների համար բնորոշ մոտեցում է` խստապահանջությունը, բոլոր ուղեցույցներին հետեւելը, բոլոր ստորաբաժանումների ղեկավարները, բոլոր բժիշկները այս կենտրոնում պարտավոր են առաջնորդվել միջազգային ուղեցույցներով: Այստեղ շատ արագ եւ արդյունավետ լուծվում են նյութատեխնիկական հարցերը, ԲԿ-ի ղեկավարության հայացքն ուղղված է դեպի ապագա, դեպի զարգացում, այլ բուժհիմնարկներում եւս կա այդ զարգացումը, բայց այստեղ այդ զարգացումը զգացվում է ամեն օր: ԲԿ-ում աշխատում է երկու լրջագույն սրտաբանական կլինիկա, որտեղ բացի սրտի վիրահատությունից, մնացած բոլոր կարդիոինվազիվ միջամտություններին մեր մասնագետները տիրապետում են եւ ունեն մեծ փորձ: Գործում է նաեւ ունիկալ` առիթմոլոգիայի կենտրոն: Չեմ կարող չնշել նաեւ, որ կենտրոնի դիալեզի բաժանմունքը այսօր լավագույնն է ոչ միայն մեր հանրապետությունում, այլեւ տարածաշրջանում` եւ դա ոչ միայն իմ այլեւ բժշկական ոլորտում ականավոր մասնագետների գնահատականն է: Դիալեզի բաժանմունքը զինված է նոր եւ ժամանակակից լավագույն սարքավորումներով` հեմոդիալեզ ստացող հիվանդների համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Աղբյուրը՝ Իրավունք թերթ