Անքնություն

Անքնություն

Ապացուցված է, որ մարդն իր կյանքի 1/3-ն անց է կացնում քնած: Առա­ջին հայացքից զարմանալի, նույնիսկ՝ նյարդայնացնող այս փաստը տարօ­րինակ չի թվա, եթե հաշվի առնենք, որ նորմալ, լիարժեք քնի շնորհիվ է, որ մարդը կարողանում է կառավարելի ու հագեցած դարձնել իր արթուն ժամանակը:

Քչերը կասեն, որ իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ չեն տառապել անքնությունից և դրա արդյունքում ողջ ցերեկն անցկացրել բարկացած, դժգոհ կամ տառապել անա­սելի գլխացավից: Քունը մեր օրգանիզ­մի բնական պահանջն է: Ինչ-ինչ պատ­ճառներով մարդու քնի խանգարումն ու անքնությամբ տառապելն աստիճանա­բար դառնում է մտահոգիչ խնդիր: Եթե անքնությունը տևում է 1-2 օր, դրան կարելի է դիմանալ, բայց օրեր շարու­նակ ձգվող վիճակը կարող է բերել խիստ անցանկալի հետևանքների:               Անքնութ­յան պատճառները խիստ տարբեր են, և սխալ է խնդրի լուծումը տեսնել օրական քնաբերներ կուլ տալու մեջ: ♦ Անքնության պատճառներից առա­ջինը, թերևս, նյարդային համակարգի գերգրգռված վիճակն է. աշխատանքում, ընտանիքում ծագած խնդիրների պատճառով անձը սկսում է լարվել, ինչի արդյունքում օրգանիզմը չի կարողանում թուլանալ, լիցքաթափվել և հանգստա­նալ: Ներքին լարվածությունից օրգա­նիզմում շատանում են սթրեսի հորմոն­ները, բարձրանում է արյան ճնշումը, նյութափոխանակությունն ակտիվանում է, իսկ քունը դառնում անիրականա­նալի երազանք: Այս վիճակը հաճախ է նկատվում բռնկվող և զգացմունքային մարդկանց մոտ: ♦ Գերհոգնածության կամ քրոնիկ հոգնածության պատճառով կամ քունը չի տանում, կամ քնելու դեպքում էլ քունը մնում է մակերեսային, ինչի արդյունքում անձն արթնանում է հոգնածության զգա­ցումով: Լավ կլինի քնից առաջ մի բաժակ տաք կաթ կամ հարած մածուն խմել, հանգիստ երաժշտություն լսել կամ պար­զապես հիշողության մեջ վերականգնել որևէ հաճելի իրադարձություն: ♦ Ընկճվածության կամ վախի վի­ճակում մարդը կենտրոնանում է իր խնդիրների վրա՝ մոռանալով, որ խնդրի լուծման լավագույն տարբերակը կարե­լի է գտնել «սթափ», այսինքն՝ հանգիստ գլխով, իսկ վախեցողներին խանգարում է վախի պատճառով արյան մեջ ադրե­նալինի ավելացող քանակը: Կարելի է փորձել բժշկվել ծիծաղի միջոցով. մի քանի ուրախ պատմությունները կօգնեն լիցքաթափվել և թոթափել լարվածութ­յունը: ♦ Ընկճվածության պատճառ կարող է դառնալ անկանոն ապրելակերպը՝ քնից առաջ սուրճի չարաշահումը, հանգստյան օրերին անկողնում երկար մնալը, երեկոյան ուշ պառկելը, քնելուց առաջ ակտիվ ֆիզիկական վարժություներ կատարելը, ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը, քնելուց առաջ առատ ընթրիքը և այլն: Պետք չէ մոռանալ, որ էլեկտրականությունը մարդու հայտնա­գործությունն է, իսկ մարդն ի սկզբանե սովոր էր քնել մութն ընկնելուն պես, ուս­տի հարկավոր է քնել գոնե կեսգիշերից ոչ ուշ, իսկ ծխողները ճիշտ կանեն քնից առաջ գլանակը փոխարինեն կանաչ խնձորով կամ 30 րոպեանոց զբոսան­քով: ♦ Անքնության պատճառ կարող է հանդիսանալ մի շարք հիվանդությունների առկայությունն օրգանիզմում, օրինակ՝ լյարդի, երիկամների, աղինե­րի քրոնիկ հիվանդությունները կամ վա­հանաձև գեղձի գերգործունեությունը: Անքնության շրջաններ ունենում են նաև կլիմաքս տանող կանայք: ♦ Պատճառներից է նաև օրգանիզ­մում երկաթի և պղնձի անբավարարությունը: Այս խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել սննդի միջոցով. հարկավոր է ու­տել նուռ, ծիրան կամ ծիրանաչիր, դեղձ, դդում, հնդկաձավար, ձկնեղեն, մաղա­դանոս կամ տավարի լյարդ: ♦ Երբեմն անքնության պատճառ է դառնում արյան ցածր ճնշումը. մարմնի վերջույթներին արյունը դժվար է մատա­կարարվում. դրանք սկսում են սառչել, և քունն իսպառ անհետանում է: Նման դեպքերում կարելի է ոտքերն ընկղմել տաք ջրի մեջ (38-40 աստիճան) և անմի­ջապես պառկել քնելու:

Ժողովրդական բաղադրատոմսեր

Եթե վերոնշյալ տարբերակներից որևէ մեկը ձեզ չի համապատասխա­նում, կարող եգ օգտվել մի քանի ժո­ղովրդական բաղադրատոմսերից: Insomnia3

  •  Մի բաժակ տաք մեղրաջուր խմել քնելուց առաջ կամ քնից 1 ժամ առաջ տաք լոգանք ընդունել:
  •  Քնից առաջ մարմինը չափավոր սառեցնել. երբ մի փոքր սառած մար­մինը հայտնվում է տաք անկողնում, քունն անմիջապես տանում է:
  •  Երիցուկի ծաղիկների, անա­նուխի տերևների և կատվախոտի արմատների հավասար քանակի խառնուրդից մի ճաշի գդալ վերցնել և 10 րոպե ջրում եփելուց հետո խմել քնից առաջ:
  •  Անքնության դեմ այլընտրանքային տարբերակ է նաև ինքնաներշնչումը, երբ սկսում եք ձեզ տրա­մադրել, որ ձեր մարմինը սկսել է տաքանալ և ծանրանալ վերջույթնե­րից սկսած մինչև գլուխը:

Նյութը՝ Նոնա Դավթյանի «Ֆարմ Արմենիա» ամսագիր, համար 4