Անհատական սննդակարգ

Անհատական սննդակարգ

Հետազոտությունները փաստում են, որ անհատական կազմված սննդակարգին հետևելը արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում պահպանելու ամենալավ տարբերակն է: Անհատական սննդակարգը, որը հիմնված է անձի գենետիկական և ապրելակերպի առանձնահատկությունների վրա, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հսկման համար լավագույնն է համարվում: Հետազոտությունը հրապարակվել է 2019 թ. փետրվարի 8-ին, որտեղ ապացուցվում է, որ տարբեր մարդկանց մոտ նույն սննդի հանդեպ օրգանիզմը կարող է տալ տարատեսակ ռեակցիա: Այս ամենի մեջ կարևոր նշանակություն ունեն մեր մարսողական տրակտում առկա միկրոբակտերիաները, տարիքը, ֆիզիկական ակտիվ վիճակը և մի քանի այլ մանրուքներ, որոնք, ընստ վերջին հետազոտության արդյունքների, շաքարի մակարդակի վրա ավելի մեծ ազդեցություն ունեն, քան սննդի մեջ առկա ածխաջրերը և կալորիաները: Ինչպես նշում է հետազոտության գլխավոր հեղինակ՝ Հելենա Մենդես Սուարեսը, տարբերությունն այն է , որ այս դեպքում մենք հաշվի ենք առնում ոչ միայն սննդի առանձնահատկությունները, այլ նաև մարդու օրգանիզմի և մարսողական տրակտինը: Հենց այս հանգամանքով է պայմանավորված նույն մրգի տարբեր ազդեցությունը տարբեր օրգանիզմների վրա, օրինակ, ոմանք միրգ ուտելուց հետո, դառնում են ակտիվ և գործունյա, իսկ այլ մարդկանց մոտ այն արյան մեջ խիստ բարձրացնում է շաքարի քանակը և ճիշտ հակառակ ազդեցություն թողնում: Գլյուկոզան, որը էներգիայի հիմնական աղբյուրն է, մենք ստանում ենք սննդից: Արյան մեջ գլյուկոզայի քանակի կառավարումը կանխում է այնպիսի խնդիրների առաջացումը , ինչպիսիք են շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունները, ճարպակալումը, տեսողության և երիկամային հիվանդությունները: