Վարիկոզը բուժելիս ո՞րն է սկլերոթերապիայի առավելությունը. պարզաբանում է ֆրանսիացի վիրաբույժը

Վարիկոզը բուժելիս ո՞րն է սկլերոթերապիայի առավելությունը. պարզաբանում է ֆրանսիացի վիրաբույժը

2710

12040

Hopital Jean Mermoz բժշկական կենտրոնից (Լիոն, Ֆրանսիա) անոթային վիրաբույժ Բենիամին Պեյրաշոնը Երեւան կատարած եռօրյա այցելության ընթացքում ստորին վերջույթների երակների վարիկոզային լայնացման բուժում է կատարեց միկրոսկլերոթերապիայի եւ փրփուրային սկլերոթերապիայի միջոցով:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մասնագետը նշեց, որ երեւանյան այցը երկու կարեւոր նպատակ է հետապնդում. իրեն ընդունած «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետների հետ փորձի եւ գիտելիքների փոխանակում եւ վարիկոզով հիվանդների բուժում՝ սկլերոթերապիայի նոր տեխնիկայով՝ դեղերի օգտագործմամբ, որոնք բժիշկը Ֆրանսիայից է իր հետ բերել:

Ո՞րն է երակների վարիկոզային լայնացումը բուժելիս սկլերոթերապիայի առավելությունը:

Ժամանակակից բժշկությունն առաջարկում է երակների վարիկոզային լայնացման բուժման մի քանի արդյունավետ միջոց. սկլերոթերապիան դրանցից մեկն է: Միջամտության ընթացքում ուլտրաձայնային հետազոտության հսկողությամբ անոթի բացվածքի մեջ փրփուրե դեղամիջոց են ներարկում, որը սոսնձում է անոթի պատերը, իսկ հետագայում՝ ներծծվում: Այդ կերպ սխալ «աշխատող» անոթը դադարում է գործել, իսկ գեղագիտական թերությունն անհետանում է:

Բենիամին Պեյրաշոնի խոսքով՝ այս մեթոդի հիմնական առավելությունն այն է, որ կատարվում է ամբուլատոր պայմաններում՝ առանց ընդհանուր անզգայացման, եւ հիվանդը միջամտությունից անմիջապես հետո կարող է տուն կամ աշխատանքի վերադառնալ, իսկ մեկ շաբաթ անց՝ սպորտով զբաղվել:

Ըստ մասնագետի՝ ներկայում սկլերոթերապիան երակների վարիկոզային լայնացման բուժման անվտանգ մեթոդ է համարվում, եթե, իհարկե, պահպանվում են միջամտության բոլոր կանոնները եւ հաշվի են առնվում բոլոր ցուցումներն ու հակացուցումները (ինչպիսիք են հղիությունը, երակների խորը թրոմբոզը եւ այլն): Այս թեմայով բազմաթիվ հետազոտությունների վերլուծության համաձայն՝ սկլերոթերապիայից հետո ծանր բարդացումների հավանականությունը, ինչպիսիք են սրտի կամ ուղեղի կաթվածը, 0.001 տոկոս է, այսինքն, մասնագետի հավաստմամբ, եզակի դեպքեր են գրանցվում:

«Աստղիկ» ԲԿ-ի անոթային վիրաբույժ Էդուարդ Աղիյանը նշեց, որ Պեյրաշոնի այցը շատ կարեւոր է, քանի որ եվրոպացի հայտնի մասնագետի հետ փորձի փոխանակման, նրա հետ հիվանդների խնդիրների քննարկման եւ նրանից վարիկոզի բուժման նոր տեխնիկայի եւ մոտեցումների մասին գիտելիքներ ստանալու հնարավորություն է ընձեռում:

Եռօրյա այցելության ընթացքում մասնագետն իրականացրեց շուրջ 50 միջամտություն, իսկ մեկ ամիս անց նա կվերադառնա՝ այդ միջամտությունները գնահատելու, հետագա բուժումը որոշելու (բարձիթողի վարիկոզով մարդկանց համար, հնարավոր է, անհրաժեշտ լինի 2-3 միջամտություն) եւ նոր հիվանդների ընդունելու համար:

Պեյրաշոնը նշեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան: «Աստղիկ» բժշկական կենտրոնում, նրա խոսքով, մեծ թվով լավ, իրենց գործի գիտակ բժիշկների է հանդիպել: Նրան բավարարել է նաեւ կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը: Իսկ Երեւանում նրան ամենից շատ դուր է եկել բարեհաճ մթնոլորտը եւ մարդկանց սիրալիրությունը:

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու եւ մասնագետի հետ հանդիպելու նպատակով գրանցվելու համար կարելի է զանգահարել 091 23-35-32 հեռախոսահամարով:

20161010_1615291

 20161010_1619221

 20161010_1621211

 20161010_1659331

NEWS.am Medicine