ՀԵՊԱՏՈԲԻԼԻԱՐ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԱՍՏՂԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԵՊԱՏՈԲԻԼԻԱՐ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԱՍՏՂԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

4900

Վերջերս Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժներ դոցենտ, բ.գ.թ. Ա.Ա. Ոսկանյանը և բ.գ.թ. Հ.Վ. Հարությունյանը գտնվում էին Թայվանում: Նրանք  վերապատրաստում էին անցնում Թայչունգի China Medical University Hospital-ի Լյարդի փոխպատվաստման կենտրոնում, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես բազմապրոֆիլ հսկայական կենտրոն և համագործակցում է Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի խոշորագույն բժշկական հաստատությունների հետ: Այնտեղ տարեկան 100-120 լյարդի փոխպատվաստում է իրականացվում:

Լյարդի փոխպատվաստման կենտրոնի հիմնադիր-ղեկավարն է Թայվանում որպես  <<ամենակարող>> տրանսպլանտ վիրաբույժ հայտնի պրոֆեսոր Լոնգ-Բին Ջենը, ով եղել է աշխարհահռչակ ամերիկացի պրոֆեսոր Թոմաս Էրլ Սթարզլի աշակերտը (վերջինս իրականացրել է լյարդի առաջին փոխպատվաստումն աշխարհում):

Վերջին տարիներին նկատվում է լյարդի հիվանդությունների տարածվածության աճ (հեպատիտներ, պարազիտար բշտեր, թարախակույտեր, ուռուցքներ, ժառանգական և վնասվածքային ախտահարումներ և այլն), ընդ որում՝ դրանք մեծամասամբ  հայտնաբերվում են բարդությունների զարգացումից հետո: Ուստի կարևոր է ինչպես լյարդի հիվանդությունների վաղ հայտնաբերումը, այնպես էլ կոնսերվատիվ և ժամանակին իրականացված վիրահատական բուժումը:

Մեր վիրաբույժները Թայվանում մասնակցել են լյարդի բաց և լապարասկոպիկ վիրահատություններին, որոնց ընթացքում կատարելագործել են լյարդի տիպիկ և ատիպիկ ռեզեկցիաներ իրականացնելու հմտությունները: Բացի այդ, ներկա գտնվելով լյարդի փոխպատվաստումներին՝ ծանոթացել են ինչպես դոնորների մոտ հեպատէկտոմիաների առանձնահատկություններին, այնպես էլ ռեցիպիենտների մոտ լյարդի դիսսեկցիաների առանձնահատկություններին:

Վիրաբույժներ Ա.Ա. Ոսկանյանի և Հ.Վ. Հարությունյանի՝ վերապատրաստման արդյունքում ձեռք բերած արժեքավոր փորձը կնպաստի Աստղիկ բժշկական կենտրոնում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում լյարդի վիրաբուժության զարգացմանը, այդ ոլորտում բուժման նորագույն մեթոդների ներդրմանը, ինչպես նաև ճանապարհ կհարթի առաջիկայում Հայաստանում լյարդի փոխպատվաստում իրականացնելու համար:

Կարևոր է նաև այն, որ մեր վիրաբույժների և China Medical University Hospital-ի վիրաբույժների միջև համագործակցությունը լինելու է շարունակական: Ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան իրականացնել կլինիկական դեպքերի համատեղ վերլուծություն, մասնագիտական փորձի և գիտելիքների փոխանակում, ինչպես նաև կընձեռեն  երկարաժամկետ վերապատրաստումների հնարավորություն, որոնց վերջնանպատակն է  լյարդի փոխպատվաստման իրականացումը: