Վիրուսային հեպատիտը պակաս վտանգավոր չէ, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը. լյարդաբան

Վիրուսային հեպատիտը պակաս վտանգավոր չէ, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը. լյարդաբան

3105

11771Վիրուսային հեպատիտը պակաս սպառնալիք չէ մարդկության համար, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, սակայն միջազգային կառույցների կողմից այդ հիվանդության բուժման համար չի նախատեսվում նույնիսկ 1/10-ը այն ֆինանսավորման, ինչը հատկացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժմանը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ լյարդաբան, բ.գ.թ.Վիոլետա Սարգսյանը` մեկնաբանելով անգլիացի եւ ամերիկացի գիտնականների վեջերս կատարած հետազոտությունը, ըստ որի` վիրուսային հեպատիտը աշխարհում դարձել է մահվան եւ հաշմանդամության հիմնական պատճառներից մեկը` հավասարվելով տուբերկուլոզին, մալարիային եւ ՄԻԱՎ-ին:

Նա նշեց, որ վիուսային հեպատիտները, հիմնականում B եւ C, անախտանիշ ընթացքի եւ ուշ դրսեւորման պատճառով պակաս կարեւոր սոցիալական խնդիր չեն մարդկության համար, քան ՁԻԱՀ-ը: Ճիշտ է, հեպատիտ B-ով հիվանդացությունը աշխարհում եւ Հայաստանում նվազել է` շնորհիվ պետական ծրագրով զանգվածային պատվաստումների:

Բայց հեպատիտ C-ի դեպքում դրությունը մտահոգիչ է, քանի որ 80% դեպքերում հեպատիտ C-ն ունի քրոնիկ ձեւ, ընթանում է առանց կլինիկական նշանների, երբեմն հիվանդությունն ի հայտ է բերվում միայն այն ժամանակ, երբ լյարդի փոփոխություններն այլեւս անդառնալի են. զարգանում է ցիռոզ կամ հեպատոցելլյուլյար կարցինոմա: Եթե ցիռոզի ժամանակ պայքար է գնում հիվանդի կյանքի երկարատեւության (ապրելիության) համար, ապա կարցինոման ոչ հազվադեպ կորող է մահվան պատճառ հանդիսանալ: Փրկության ելքը լյարդի փոխպատվաստումն է, որը, սակայն, Հայաստանում դեռեւս չի կատարվում։ Բացի այդ, այն կապված է մեծ դժվարությունների հետ ոչ միայն դոնորական լյարդի սակավության, այլ նաեւ փոխպատվաստումից հետո առաջացող հնարավոր բարդությունների, այդ հիվանդների մոնիտորինգի վարման եւ, վերջապես ֆինանսական մեծ ծախսերի առումով:

Այնպես որ հիվանդության ժամանակին ախտորոշումն ու համապատասխան բուժումը հնարավորություն են տալիս խուսափել կյանքին վտանգ սպառնացող այնպիսի բարդություններից ինչպիսիք են լյարդի ցիռոզն ու հեպատոցելլյուլյար կարցինոման (լյարդի առաջնային քաղցկեղ)։

Ինչ վերաբերում է հեպատիտների տարածվածությանը, ապա Հայաստանը գտնվում է միջին տարածվածության գոտում։ Սակայն հեպատիտների ստույգ ավարտուն վիճակագրություն դեռեւս չկա։ Տվյալների հավաքագրումը շարունակվում է։ ՀՀ Առողջապահության նախարարության տարեկան հաշվետվության մեջ հեպատիտներն ընդգրկված են վարակային հիվանդությունների տողում: Մինչդեռ, մասնագետի կարծիքով, ճիշտ կլիներ, որ հեպատիտները ներկայացվեին առանձին տողով:

Հեպատիտների արդյունավետ բուժման համար շատ կարեւոր է վաղ հայտնաբերումը, իսկ այդ նպատակով անհրաժեշտ են սկրինինգային ծրագրեր: Մասնագետի խոսքով, վերջին տարիներին հայտնաբերման ցուցանիշն աճել է շնորհիվ պետական ծրագրերով մի շարք նախաձեռնությունների: Մասնավորապես, շատ կլինիկաներ ներդրել են հեպատիտի պարտադիր ստուգման կարգ` նախքան վիրահատությունները:

«Մալաթիա» բժշկական կենտրոնը (այժմ` «Աստղիկ»), բժշկի խոսքով, առաջինն էր, որ ներդրեց այդ պրակտիկան: Բացի այդ` հեպատիտի նկատմամբ պարտադիր հետազոտվում են հղի կանայք, դիալիզով հիվանդները, ինչպես նաեւ` բուժաշխատողները, որոնք գործ ունեն արյան հետ, եւ հետեւաբար ռիսկի մեծ խումբ են կազմում: Ռիսկի խմբում են նաեւ ներերակային թմրամոլները, հատկապես ՄԻԱՎ/ՁԿԱՀ-ով հիվանդները: Նրանք եւս պարտադիր հետազոտվում են հեպատիտների նկատմամբ: Ռիսկի խմբում են նաեւ մարմնավաճառները եւ միասեռականները, քանի որ հեպատիտ C-ի եւ հատկապես B-ի վիրուսները փոխանցվում են ոչ միայն արյան միջոցով, այլեւ սեռական ճանապարհով:

Երբեմն, Վիոլետա Սարգսյանի խոսքով, հեպատիտը հայտնաբերվում է պատահաբար` այլ հիվանդությունների հետ կապված հետազոտությունների ընթացքում: Արյան մեջ նախ հայտնաբերվում են հակամարմիններ, որից հետո PCR-մեթոդով հաստատվում է վիրուսի առկայությունը: Եթե հակամարմինները հայտնաբերվում են, իսկ վիրուսը` ոչ, նշանակում է` բուժման շնորհիվ տեղի է ունեցել վիրուսի էլիմինացիա (հեռացում), իսկ երբեմն էլ հեպատիտ C-ի վիրուսը կարող է հեռանալ օրգանիզմից ինքնուրույնաբար չախտահարելով լյարդը:

Ի դեպ, լյարդաբանի խոսքով, «Մալաթիա» ԲԿ (այժմ` «Աստղիկ») առաջիններից մեկն է, որ ներդրել է PCR-մեթոդը, ինչպես նաեւ լյարդի հյուսվածքի ախտահարման աստիճանի՝ ֆիբրոզի մասին կարեւոր տեղեկություն տվող հետազոտությունը էլաստոմետրիան, ինչը չափազանց կարեւոր է բուժման սխեմայի ընտրության, ինչպես նաեւ երկարատեւության որոշման առումով։

Սակայն հեպատիտների հայտնաբերումից բացի մյուս կարեւորագույն խնդիրը բուժման հասանելիությունն է: Այսօր կան շատ արդյունավետ դեղամիջոցներ եւ՛ բրենդային պրեպարատների եւ՛ ջեներիկների ձեւով: Վերջիններս անհամեմատ ավելի մատչելի են, քան մինչ այդ գոյություն ունեցող բուժման «ոսկե ստանդարտ» համարվող դեղամիջոցները, սակայն, այնուամենայնիվ, դեռեւս մատչելի չեն հեպատիտով բոլոր հիվանդների համար։

Պետական պատվերը հոգում է միայն ստացիոնար պաթոգենետիկ բուժումը հիվանդության սուր շրջանում։ Ինչպես արդեն նշվեց, հեպատիտ C-ն հազվադեպ է հայտնաբերվում սուր շրջանում, իսկ քրոնիկ C եւ B հեպատիտով հիվանդների համար անհրաժեշտ է տեւական հակավիրուսային բուժում, որի ծախսը շատ հիվանդների կարողությունից վեր է։ Ցավոք, շատերը բուժում չեն ստանում, նույնիսկ տեղյակ լինելով իրենց հիվանդության մասին, բացի այդ շատ դեղամիջոցներ դեռեւս գրանցված չեն Հայաստանում:

Եւ հենց այդ պատճառով, կարծում է մասնագետը, միջազգային կառույցները եւ ազգային կառավարությունները պետք է ոչ պակաս ուշադրություն դարձնեն հեպատիտի խնդրին, քան տուբերկուլյոզին եւ ՄԻԱՎ-ին:

NEWS.am Medicine