Հեմոդիալիզի ֆինանսավորման խնդիրը կար տարեսկզբից. պարզաբանում է «Աստղիկ» ԲԿ տնօրենը

Հեմոդիալիզի ֆինանսավորման խնդիրը կար տարեսկզբից. պարզաբանում է «Աստղիկ» ԲԿ տնօրենը

2621

«Աստղիկ» բժշկական կենտրոնը դեռ տարեսկզբից Հայաստանի Առողջապահության նախարարությանը տեղյակ է պահել այն մասին, որ 2017 թվականին հեմոդիալիզի համար հատկացված ֆինանսավորումը չի համապաստախանում կլինիկային կցված հիվանդների թվին։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը։

Նա ընդգծեց, որ խնդիրն այսօր չի ծագել, տարեսկզբից բժշկական կենտրոնը նամակներ է հղել Առողջապահության նախարարությանը, սակայն դրանք անպատասխան են մնացել։ Այդ պատճառով Ասատուր Ասատրյանի համար անհասկանալի է զարմանքը, որով Առողջապահության նախարարությունում ընդունեցին լուրն այն մասին, որ «Աստղիկ»-ում հեմոդիալիզի պետպատվերը սպառվել է։

Ասատուր Ասատրյանը հստակեցրեց, որ արդեն տարեսկզբին «Աստղիկ» ԲԿ-ում հեմոդիալիզի հաշվարկային դեֆիցիտը 2017 թվականի համար 100-120 մլն դրամ է կազմել։ Իր նամակներում բժշկական կենտրոնի աշխատակազմն առաջարկել է կամ համաֆինանսավորել պրոցեդուրան, կամ ավելացնել «Աստղիկ» ԲԿ-ի ֆինանսավորումը, կամ էլ այնտեղից հիվանդներին այլ բժշկական կենտրոններ տեղափոխել։ Սակայն այդ նամակներին չեն պատասխանել, իսկ նախարարի հրամանով բժշկական կենտրոն շարունակել են նոր հիվանդներ ուղեգրել։ Հրամանում ասվում էր, թե հիվանդին պետք է ընդունել առկա բյուջեի շրջանակում։ ԲԿ-ն ստիպված է եղել մերժել նոր հիվանդների ընդունումը։

«Բայց խնդիրը ծագել է ոչ թե նոր հիվանդների պատճառով, ինպչես փորձում է ներկայացնել նախարարությունը, այլ այն արդեն գոյություն ուներ։ Նախորդ տարիներին եւս նման խնդիրներ ծագել են, բայց սեպտեմբերին նախարարությունը վերաբաշխում էր միջոցները, եւ կոմպենսացնում էր հեմոդիալիզի ծախսերը։ Սակայն 2016 թվականին դա չարվեց, եւ մենք չգիտեինք՝ ինչի սպասել այս տարի։ Մեր նամակներին չէին պատասխանում, Առողջապահության նախարարությունը ոչ մի լուծում չէր առաջարկում։ Մենք ստիպված նման քայլի դիմեցինք եւ զգուշացրեցինք, որ սեպտեմբերից հեմոդիալիզի համար հատկացված ֆինանսավորումը սպառվել է, եւ հիվանդներն իրենք պետք է վճարեն։ Իսկ ադմինիստրացիան էլ ի՞նչ կարող էր անել»,-ասաց Ասատուր Ասատրյանը։

Կլինիկայի տնօրենի խոսքով՝ նա հասկանում է, որ երկրի միջոցները սուղ են, բայց ՀՀ Առողջապահության նախարարությունը պետք է այդ թեմայի շուրջ բանակցեր կլինիկայի հետ, ինչը չի արվել։

Հեմոդիալիզի համար լրացուցիչ ֆինանսավորման հատկացման վերաբերյալ կառավարության՝ օգոստոսի 24-ի որոշման մասին բժշկական կենտրոնը պաշտոնական ծանուցում չի ստացել՝ այդ մասին իմանալով միայն հիվանդների՝ մամուլում աղմուկ բարձրացնելուց հետո:

Ասատուր Ասատրյանը հավելեց, որ չնայած հեմոդիալիզի մեկ սեանսի համար պետության կողմից հատկացված 18100 դրամը շատ ավելի քիչ է, քան դիալիզի մեկ սեանսի ծախսն է, այնուամենայնիվ ԲԿ-ն հեմոդիալիզի  որակյալ ծառայություններ է մատուցում՝ նորագույն սարքավորումներով, կլինիկայի այլ գումարային մուտքերի հաշվին։

Հիշեցնենք, որ վերջերս սոցկայքերում հեմոդիալիզի պետպատվերի չեղարկման մասին լուրեր են տարածվել։ Տեղեկության համաձայն՝ սեպտեմբերի 1-ից հեմոդիալիզի յուրաքանչյուր սեանսի համար հիվանդներն իրենք 18100 դրամ պետք է վճարեին։ Տեղեկությունը տարածել էին «Աստղիկ» ԲԿ-ի հիվանդները։

Ավելի ուշ Առողջապահության նախարարությունն իր հայտարարությունում հերքել է այդ տեղեկությունը՝ հաղորդելով, որ հիվանդները կշարունակեն դիալիզ ստանալ պետպատվերի շրջանակում։ Նշվում է, որ դեռ օգոստոսի 24-ին կառավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ 216 մլն 820 հազար դրամ հատկացնել՝ հեմդոիալիզով հիվանդներին ապահովելու համար, ինչը կբավականացնի մինչեւ տարեվերջ։