Առողջ գեղեցկություն

Առողջ գեղեցկություն

Գեղեցիկ լինելու առաջին և կարևոր պայմանն առողջ լինելն է:

34-35Գեղեցկությունն առաջին հերթին առողջ օրգանիզմի արտացոլումն է: Չէ՛ որ յուրաքանչյուր հիվան­դություն հետք է թողնում մեր արտաքինի վրա: Հիվանդ լյարդը կամ աղիներն ազ­դում են մաշկի գույնի, էլաստիկության, թարմության, ինչպես նաև մարդու ինք­նազգացողության և նույնիսկ տրամադ­րության վրա: Երիկամների աշխատան­քի խանգարումներն արտահայտվում են աչքերի տակ պարկերի առաջացումով, գլխացավերով և ընդհանուր անհան­գիստ վիճակով:

Հետևաբար, գեղեցիկ լինե­լու առաջին և կարևոր պայմանն առողջ լինելն է: Սա վերաբերում է ոչ միայն ֆիզիկա­կան, այլև հոգե­կան առողջությանը:

Կյանքի արագընթաց ռիթմը, իրար հաջորդող սթրեսային իրավիճակները կարող են խախտել հոգեկան հավա­սարակշռությունը, որը, անշուշտ, անդ­րադառնում է արտաքինի վրա: Որպես կանոն նման վիճակում գտնվող մարդու դեմքի մկանները լարվում են, մաշկը գու­նատվում է, աչքերի տակ առաջանում են փոսեր:

Երկրորդ ոչ պակաս կարևոր պայ­մանն ակտիվ, շարժուն ապրելակերպն է: Հայտնի է, որ շարժումը կյանք է: Ակ­տիվ կենսակերպ վարող, սպորտով զբաղվող մարդիկ շատ ավելի քիչ են հակված հիվանդանալու, քան նստակ­յաց, պասիվ ապրելակերպ վարողները: Հետևաբար շարժումն ապահովում է թե՛ լավ ինքնազգացողություն և թե՛ առողջ տեսք: Գաղտնիք չէ, որ գեղեցկությունն ու հմայքը կապված են նաև սննդի հետ: Վիտամիններով հագեցած և հավասարակշռված սնունդն ուղղակիո­րեն ազդում է մաշկի գույնի, մազերի ամ­րության ու գեղեցիկ տեսքի վրա: Սա ևս մի պայման է գեղեցիկ լինելու և ամենա­կարևորը՝ առույգ ու լավ տրամադրութ­յուն ունենալու համար:

Այսպիսով՝ գեղեցկությունը պահան­ջում է սիրել, փայփայել և խնամել մեր մարմինը, ուշադիր լինել օրգանիզմում կատարվող ցանկացած փոփոխության նկատմամբ:

Թե ինչպես պահպանել մաշկի երիտասարդությունն ու առողջ տեսքը և ինչպես պաշտպանել այն բացասական ազդեցություններից, պարզաբանեց բժիշկ-կոսմետոլոգ Աննա Հակոբյանը:

 – Տիկին Հակոբյան, նշեք խնդրեմ՝ ի՞նչ բացասական գործոններ են ազդում մաշ­կի վրա, ինչպե՞ս խուսափել դրանց ազդե­ցությունից:

– Հատկապես ամռանը մաշկի վրա ազդում են մի շարք բացասական գոր­ծոններ՝ արևը, փոշին, տրանսպորտի արտանետումները: Դրանցից խուսափել հնարավոր չէ, բայց կարելի է ձեռնարկել պաշտպանվելու որոշակի միջոցներ: Ամ­ռան շոգին հատկապես կարևոր է մաշկի մեջ ջրի պարունակությունը: Դրա հա­մար անհրաժեշտ է շատ հեղուկ օգտա­գործել կամ օրվա ընթացքում մի քանի անգամ խոնավ անձեռոցիկով սրբել՝ խոնավացնել մաշկը: Ինչքան մաշկը խո­նավ լինի, այնքան այն ավելի անվնաս կլինի: Պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Սա հիմնականն է, ինչ կարելի է անել ամենօրյա պրոֆիլակտի­կայի համար:

– Իսկ ի՞նչ կասեք հատուկ պաշտպա­նիչ քսուքների մասին:

cache_21323045– Ինչ վերաբերում է այդ քսուքներին, ապա դրանք ունեն թե՛ բացասական, թե՛ դրական ազդեցություն: Բացասական են այն առումով, որ դրանց զգալի մասն իր մեջ պարունակում է քիմիական նյութեր՝ կոնսերվանտներ, որոնք բոլորը տոքսիկ են կամ ուռուցքածին: Որպես մաշկա­բան ես նմանատիպ քսուքների կողմնա­կից չեմ: Հատկապես պետք է խուսափել ֆերմենտ պարունակող քսուքներից: Վերջին տարիների ընթացքում հաճախ գովազդում են պլացենտար էքստրակտների հիմքի վրա պատրաստված քսուքներ, որոնք ներկայացվում են որպես շատ արդյունավետ միջոցներ՝ հատկապես ծերացող մաշկի համար: Բայց դրանք անվնաս համարել չի կարելի, քանի որ պարունակում են քիչ թե շատ կանացի հորմոններ: Այդ հորմոնների ազդեցութ­յան տակ մաշկր մի փոքր կփոխվի, բայց ժամանա­կավոր: Մեր մաշ­կն այնպիսի կառուցվածք ունի, որ երբ արտաքինից նույնիսկ նվազագույն քանակությամբ հորմոն է ներարկում, սկսում է գոր­ծել հակառակ ազդեցությունը՝ ճնշվում են մեր սեփական հորմոնները: Հետևա­բար, մեր մաշկի ծերացումն արագանում է և ավելի ագրեսիվ դառնում: Խորհուրդ եմ տալիս ցանկացած քսուք օգտագոր­ծելուց առաջ խորհրդակցել բժիշկ-կոս- մետոլոգի հետ:

– Մաշկը խնամելիս բնական ի՞նչ միջոցների օգնությանը կարելի է դիմել:

– Մեր շրջապատում, նույնիսկ խո­հանոցում, կան շատ մթերքներ, որոնք կարելի է օգտագործել որպես բնական դիմակ: Հատկապես շատ օգտակար է կաթնամթերքը՝ կաթը, մածունը: Սրանք պահպանում են մեր մաշկի բնական թթվային միջավայրը, որը թույլ չի տա­լիս հիվանդածին օրգանիզմներին ներթափանցել մաշկի խորքը: Բավական է օրվա ընթացքում մեկ-երկու անգամ կաթով կամ մածունով մաքրել մաշ­կը կամ դիմակի տեսքով կես ժամ պա­հել դեմքի վրա, այնուհետև անպայման լվանալ գոլ ջրով: Հավատացնում եմ, որ դուք անմիջապես զգալի տարբերություն կնկատեք:

– Իսկ ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով մաքրել մաշկը:

– Մաշկը մաքրե­լու ամենալավ միջոցը ճարպն է, օրինակ՝ ձեթը, քանի որ ճարպը լավ մաքրվում է հենց ճարպով: Կարելի է շատ կարճ ժամա­նակով տաք կոմպրեսներ անել: Սա նպաստում է մաշկի մաքրմանը: Եթե դուք օգտագործում եք մաքրող կաթնուկներ, պետք է դրանց օգտագոր­ծումից հետո դեմքը լվանալ, որպեսզի դրանց մեջ եղած քիմիական նյութերը չվնասեն մաշկը: Իսկ մաքրման ամենա­լավ միջոցը սովորական շոգեբաղնիքն է. դեմքը մի քանի րոպե պահեք գոլորշու վրա, որից հետո սառը կոմպրես դրեք: Այսպես մաշկը ներսից լիարժեք կմաքրվի: Եթե դուք օրվա ընթացքում մեկ ժամ տրամադրեք մաշկի խնամքին, հավատացեք՝ ձեր դեմքն իդեալական տեսք կունենա:

Նյութը՝ Հասմիկ Մանուչարյանի
«Ֆարմ Արմենիա» ամսագիր, համար 1

NO COMMENTS

Թողնել պատասախան