Գրի՞պ, թե՞ մրսածություն. ինչպես տարբերակել

Գրի՞պ, թե՞ մրսածություն. ինչպես տարբերակել

Գրիպը և այդքան տարածված մրսածության հարուցիչները վիրուսներ են:  Գրիպի ախտանշանները զարգանում են ավելի ինտենսիվ և կտրուկ, քան մրսածությանը, որոնք հակում ունեն աստիճանաբար զարգանալու: Փորձենք պարզել՝ ինչ են իրենցից ներկայացնում այս երկու վիրուսները:

Գրիպը սպեցիֆիկ տիպի ինֆեկցիա է, հարուցիչը հիմնականում գրիպի A կամ B տեսակի վիրուսներն են: Մրսածությունը, ի տարբերություն վերը նշվածի, կարող է հարուցվել հազարավոր այլ տեսակի վիրուսներով: Հիմնական տարբերակիչ փաստն այն է, որ գրիպը ավելի սիստեմային ախտանիշներ է ի հայտ բերում, ինչպես օրինակ՝ ջերմության բարձրացումը, մարմնի ջարդվածության զգացումը, իսկ մրսածությունը կարող է սահմանափակվել միայն քթի արտահոսքով, կոկորդի ցավով կամ որոշակի հազային ախտանիշով:

Գրիպի նշաններն  են

  • Ջերմության բարձրացում 37 և ավելի
  • մկանային ցավ՝ կենտրոնացված ոտքերում և մեջքի շրջանում
  • քրտնարտադրություն
  • գլխացավ
  • չոր հազ
  • հոգնածություն և թուլություն
  • քթարտադրություն
  • կոկորդի ցավ
  • ախտանիշների հանկարծակի ի հայտ գալը

 

Եթե Դուք ունեք վիրուսային ինֆեկցիա, հավանականությունը մեծ է բակտերիալ վարակ ձեոք բերելու: Ռիսկային գործոնը հատկապես կբարձրանա սինուսիտ, բակտերիալ թոքաբորբ կամ թոքային ինֆեկցիա ձեռք բերելու հարցում:

Եթե Ձեզ թվացել էր, որ գնում եք դեպի լավացում, գրիպից կամ մրսածությունից հետո, սակայն տեղի է ունենում ջերմության բարձրացում կամ կրկին ինքնազգացողության վատացում, դիմեք բժշկի. այս նշանները կարող են վկայել բակտերիալ ախտահարման մասին: Անտիբիոտիկների օգտագործումը գրիպի շրջանում չի օգնի Ձեզ խուսափել երկրորդային բակտերիալ ախտահարումից, և հակավիրուսային պրեպարատների օգտագործումը ազդեցություն կունենա միայն գրիպի  А, В հարուցիչների դեմ, բայց ոչ մրսածության վիրուսի դեմ:

Մրսածության նշաններն են

  • Արտադրություն քթից
  • Ցավ կոկորդում
  • Հազ
  • Ախտանշանների աստիճանաբար զարգացում

Ինչպես նշում են մասնագետները՝ մրսածության դեմ բուժում չկա, սակայն կան բաներ, որոնք անելով Դուք ավելի լավ կզգաք Ձեզ:

Առաջնային խորհուրդներից են

-շատ հանգիստը,

-առատ հեղուկների օգտագործումը,

-ախտանշանային բուժումը, օրինակ՝ հակաբորբոքային պրեպարատների օգտագործումը:

Մրսածության 10-14 օրից ավել ձգվելու դեպքում այցելեք բժշկի, քանի որ հնարավոր է որոշակի բարդություններ են զարգացել: Իսկ վիրուսի տարածումից խուսափելու համար հետևեք հիգիենայի կանոններին և ուշադիր եղեք Ձեր անձնական օգտագործման իրերին: