ԿՅԱՆՔ՝ ԱՌԱՆՑ ԳԼՅՈՒՏԵՆԻ 

ԿՅԱՆՔ՝ ԱՌԱՆՑ ԳԼՅՈՒՏԵՆԻ 

Հաճախ սննդամթերքի վրա տեսնում ենք նշում՝ «գլյուտեն չի պարունակում» և նույնիսկ ուշադրություն չենք դարձնում դրա վրա, քանի որ գլյուտեն պարունակող սնունդը մեզ համար որևէ խնդիր չի ներկայացնում: Մինչդեռ երկրագնդի բնակչության մի մեծ մասի համար գլյուտեն պարունակող սնունդը լուրջ վտանգ է, և շատ կարևոր է դրա բացառումը սննդից:

ՑԵԼԱԿԻԱ.
ինչ հիվանդություն է դա

Ինչպես պարզաբանում է Աստղիկ բկ-ի գաստրոէնթերոլոգ Նանա Մալխասյանը, այս հիվանդությանը բնորոշ է հացահատիկներում պարունակվող սպիտակուցի` գլյուտենի նկատմամբ անտանելիությունը: Այն պարունակվում է ցորենի, գարու և աշորայի մեջ: Երբ ցելիակիայով հիվանդն ընդունում է գլյուտեն պարունակող սննդամթերք, առաջանում է իմուն միջնորդավորված պատասխան, որը կլինիկորեն դրսևորվում է լուծով, վքնածությամբ, քաշի կորստով, որովայնի ցավով, թուլությամբ և հոգնածությամբ, վիտամինային անբավարարության տարբեր երևույթներով, նյարդաբանական խանգարումներով, մաշկային հիվանդություններով, այտուցներով և բազմաթիվ այլ կլինիկական դրսևորումներով:

Հաճախ գործիքային հետազոտությունները (որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ, ԷԳԴՍ, Կոլոնոսկոպիա, ԿՏ) որևիցե շեղումներ նորմայից չեն հայտնաբերում, և հիվանդները երկարատև բուժվում են աղիքային ինֆեկցիայի և գոյություն չունեցող ախտորոշում «դիսբակտերիոզի» դեմ, սակայն ապարդյուն:

Հիվանդության ախտորոշմանն օգնում է արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների որոշումը` բավականին ինֆորմատիվ և մատչելի մեթոդ: Իսկ «Ոսկե ստանդարտ» է համարվում ԷԳԴՍ-ն` բիոպսիայով:

Բուժումը խիստ սպեցիֆիկ է. անհրաժեշտ է սննդում բացառել գլյուտենը, օրինակ՝ ցորենի ալյուրը, հացամթերքը:
Մեծամասամբ ճիշտ սննդակարգով սնվելու դեպքում հիվանդների մոտ դիտվում է լիարժեք լավացում, հազվադեպ` կարիք է լինում դեղորայքային բուժման:

Ցելիակիայով հիվանդների մոտ բարձր է ՍԱՏ-ի ադենոկարցինոմայի և լիմֆոմայի ռիսկը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է դրա վաղաժամ հայտնաբերումն ու ճիշտ բուժման նշանակումը: