Ակնո՞ց, թե՞ լինզա

Ակնո՞ց, թե՞ լինզա

Նկատելի է, որ վերջին տարիներին մեր շրջապատում շատացել են օպտիկական ակնոց կրողներր: Օպտիկական ակնոց կրում են հիմնականում աչքի երեք հիվանդության դեպքում՝ կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի (աչքի շլդություն):

Օպտիկական ակնոցին զուգահեռ տեսողական խնդիրներ ունեցող հիվանդին առաջարկվում է նաև օպտիկական լինզա:

Ակնաբույժ Մանուկ Մանուկյանի հավաստմամբ՝ աչքի այս հիվանդությունները մեծամասամբ Ժառանգական են, հետևաբար վերջին շրջանում ստեղծված տպավորությունը, թե շատացել է տեսողական խնդիրներ ունեցող հիվանդների քանակը, սխալ է: Պարզապես մարդիկ առաջ օպտիկական ակնոց չլինելու, ամոթխածության, իրենց հիվանդությունը թաքցնելու կամ այլ պատճառներով չէին կրում այն:

– Մարդիկ հավանաբար ամաչում էին օպտիկական ակնոց կրել, բժշկի դիմում էին միայն այն ժամանակ, երբ կարճատեսության շեմն անցնում էր – 6-ը,- ասում է «Լուսածին» ակնաբուժական կլինիկայի օպտիկ էդգար Կիրակոսյանը:
– Իսկ պատվիրելիս հիմնականում գունավոր օպտիկական ակնոց էին խնդրում, որ թաքցնեին իրենց տեսողական խնդիրներըները: Այսօր մարդիկ ավելի հանգիստ են վերաբերվում օպտիկական ակնոց կրելուն, նույնիսկ նորաձև է դարձել: Հատկապես Երիտասարդների շրջանում հաճախ են դիմում 0\0 ապակիների խնդրանքով:

Օպտիկական ակնոցին զուգահեռ տեսողական խնդիրներ ունեցող հիվանդին առաջարկվում է նաև օպտիկական լինզա: Առաջին հայացքից թվում է, թե այդ երկուսի տարբերությունը միայն կրելու մեջ է: Սակայն օպտիկական լինզան և ակնոցն ունեն մի շարք տարբերություններ: Լինզան, ի տարբերություն ակնոցի, հատուկ խնամք է պահանջում: Որպես կանոն՝ լինզան քնելուց առաջ հարկավոր է հանել: Լինզայով արգելվում է լողալ կամ լոգանք ընդունել. ջրի կաթիլներն ընկնելով լինզայի արտաքին շերտի վրա՝ կվնասեն այն և կգրգռեն աչքը:Չի կարելի կրել լինզա հատկապես հարբուխի կամ սուր մրսածության բնույթի հիվանդությունների ժամանակ, երբ աչքերն անընդհատ արցունքոտվում են: Այդ դեպքերում ևս լինզան գրգռում է աչքը, ինչը կարող է առաջացնել լուրջ բարդություններ: Աչքի խնձորակի կարմրությունը, աչքերի առաջ մշուշվելը լինզայի վնասվածության առաջին նշաններն են: Նման դեպքում անհրաժեշտ է լինզան մաքրել հատուկ լուծույթով կամ փոխարինել: Լինզա կրելու ժամանակ չի կարելի աչքի կաթիլներ կամ աչքի շուրջ քսուքներ օգտագործել: Աչքի կոսմետիկա պետք է գործածել միայն լինզաները հագնելուց հետո: Հագած ժամանակ չի կարելի տարաբնույթ դեզոդորանտներ օգտագործել, քանի որ դրանց կաթիլները, ընկնելով լինզայի վրա, անդառնալի կվնասեն այն: Արևային տոթ կամ չոր եղանակին հարկավոր է լինզան պաշտպանել արևային ակնոցով:

Pharm-Armenia-N-4-for-web-2– Հիմնականում հիվանդներն օպտիկական լինզա պատվիրում են իրենց տեսողական խնդիրը թաքցնելու պատճառաբանությամբ,- ասում է էդգար Կիրակոսյանը:
– Լինզա նախընտրող իմ հաճախորդներին ես խորհուրդ եմ տալիս գործածել այն օպտիկական ակնոցի հետ զուգահեռ: Երեկոյան, նախընտրելի է աշխատանքից կամ դասերից տուն վերադառնալուց անմիջապես հետո, հանել լինզան, որպեսզի աչքերը հանգստանան, չէ՞ որ այն օտար մարմին է աչքի մեջ: Իսկ ընդհանրապես, ես խորհուրդ կտայի լինզա կրել միայն որոշակի անհրաժեշտ իրավիճակներում, օրինակ՝ ֆիզկուլտուրայով զբաղվելիս, երբ ակնոցը կարող է անհարմարություն առաջացնել: Այսօր արտադրվում են նաև լավ որակի շնչող լինզաներ, որոնք ունեն ծակոտիներ և թույլ են տալիս աչքի թաղանթին շնչել, բայց միևնույնն է, օրերով կրել չես կարող, օտար մարմին է, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն կառաջանա հանել: Ակնոցը, բոլոր տարբերակներում, անվնաս է:

– Թե՛ ակնոցները և թե՛ լինզաներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները,- ասում է Մանուկ Մանուկյանը:
– Օրինակ՝ -16 կամ -18 կարճատեսություն դեպքում մարդկանց հաճելի չէ կրել հաստ ապակիներով ակնոց: Հաստ ապակիներն առաջացնում են նաև կորդինացիոն խախտումներ և դիսֆոկուս: Այս դեպքում օգնության է հասնում կոնտակտային լինզան: Իսկ ցածր կարճատեսության կամ հեռատեսության դեպքում ընդհանրապես խորհուրդ չի տրվում օգտագործել կոնտակտային լինզա:

ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱԿՆՈՑԻ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ
Աչքի հետ անմիջական շփում չունենալով՝ այն առավել անվտանգ է աչքի հիվանդությունները չխթանելու առումով: Կարիք չկա հետևողական և ուշադիր խնամքի: Անհամեմատ մատչելի է, իսկ գործածման երկարատևության առումով՝ անժամկետ: Ակնոցը շատ անհրաժեշտ պահի կարող է կորել կամ կոտրվել: Եղանակի փոփոխության դեպքում ապակին քրտնում է՝ առաջացնելով անհարմարավետություն: Բացի այդ, օպտիկական ակնոցով տեսողությունն այդքան էլ իրական չէ. առարկայի ձևերն ու չափսերն աղավաղված են, իսկ աջ կամ ձախ ուղղությամբ նայելիս՝ տեսողությունը սահմանափակվում է: Ակնոցը հարմար չի հատկապես նրանց համար, ում աչքերի տեսողության միջև տարբերություն կա:

Աչքի խնձորակի կարմրությունը, աչքերի առաջ մշուշվելը լինզայի վնասվածության առաջին նշաններն են:

Pharm-Armenia-N-4-for-web-3ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԼԻՆԶԱՅԻ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ
Տեսողությունն ավելի իրական է, քան ակնոցներով: Կոնտակտային լինզան, ձուլվելով աչքի բիբին, տեսողական խախտումներ չի առաջացնում: Լինզան չի քրտնում և չի քերծվում: Շատ հարմար է բոլոր նրանց համար, ում աչքերի տեսողության միջև տարբերություն կա: Հպվելով աչքի բիբին՝ լինզան կարող է խորացնել հիվանդությունը: Լինզան ամբողջովին չի փոխարինում ակնոցին, այն պետք է գործածել զուգահեռաբար: Երկարատև գործածման լինզաներ խորհուրդ չեն տրվում, դրանք պետք է պարբերաբար նորացվեն: Լինզան հատուկ խնամք է պահանջում: Հարկավոր է խիստ ուշադիր և հետևողական լինել գործածման ժամկետի հարցում, հակառակ պարագայում այն կառաջացնի աչքի բորբոքային լուրջ բարդություններ, ինչն արտահայտվում է աչքերի կարմրությամբ և այտուցվածությամբ: Լինզայի երկարատև գործածումից նույնպես աչքը կարող է բորբոքվել: Մինչև բորբոքման գործընթացի ավարտը հարկավոր է ակնոց կրել, որովհետև ակնոցի դեպքում աչքը ֆիզիոլոգիապես հանգիստ վիճակում է գտնվում: Լինզայի տևական առկայությունն աչքի հյուսվածքի բջիջների վրա թողնում է իր բացասական ազդեցությունը:

ԻՆՉՊԵՍ ԴՆԵԼ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԼԻՆԶԱ
Լինզա դնելիս կամ հանելիս ձեռքերը պետք է լինեն մաքուր և չոր, պետք է ուշադիր լինել, որ այլ նյութեր չընկնեն դրա վրա, իսկ անհաջող փորձից հետո՝ կրկին լվանալ այն լուծույթի մեջ: Լինզան հարկավոր է դնել ցուցամատի բարձիկի վրա, իսկ մյուս ձեռքով մաքսիմում բարձրացնել վերևի կոպը: Աչքին մոտեցնելիս խուսափել այն կոպերին կպցնելուց: Ձախ աչքի դեպքում բիբը տանելով աջ և վերև (աջի դեպքում՝ հակառակը)՝ լինզան հպել աչքին: Որպեսզի լինզան նստի իր ճիշտ տեղում, հարկավոր է փակել աչքը և մերսել կոպի վրայից:

ԻՆՉՊԵՍ ՀԱՆԵԼ ԼԻՆԶԱՆ
Երկու մատով հարկավոր է որքան հնարավոր է ցած իջեցնել ներքևի կոպը կամ նայել վերև, իսկ ցուցամատի բարձիկով լինզան հրել դեպի ակնակունք: Չի կարելի հանել լինզան՝ սեղմելով այն եղունգներով: Երկարատև գործածման համար հարկավոր է ամեն օր հանելուց հետո ափի մեջ լվանալ այն հատուկ լուծույթով: Անհրաժեշտ է ուշադիր լինել թե՛ լինզայի, թե՛ խնամքի համար հատկացված լուծույթի ժամկետներին: Եթե լինզա կրելիս նկատում եք ինքնազգացողության վատթարացում, աչքի մեջ հիվանդագին երևույթներ կամ լինզայի ախտոտվածություն, անհապաղ դիմեք բժշկի: Ինքնազգացողության վատթարացում և գլխացավ կարող է նկատվել նաև օպտիկական ակնոցի դեպքում: Ինչպես վստահեցնում է էդգար Կիրակոսյանը՝ այդ խնդիրներն առաջանում են հիմնականում ոչ ճիշտ ընտրված շրջանակից, անորակ կամ սխալ մշակված ապակուց:
– Օպտիկական ակնոցի ապակիներն ունեն կենտրոններ, որոնք պայմանավորված են յուրաքանչյուր մարդու աչքի բիբերի հեռավորությամբ,- բացատրում է է. Կիրակոսյանը: Ակնոցի շրջանակն ընտրելիս հարկավոր է դա հաշվի առնել, հակառակ պարագայում օպտիկական ապակու կենտրոնի մեկ միլիմետր խախտման դեպքում անգամ հիվանդը կտեսնի ֆոկուսից դուրս: Այս խնդիրը շատ հաճախ առաջանում է, երբ հաճախորդը տուրք է տալիս ակնոցի շրջանակի գեղեցկությանը և ոչ թե հարմարավետությանը: Լավ կլիներ, որ մարդիկ ավելի գրագետ մոտեցում ցուցաբերեին իրենց խնդրին: Ինչպես ակնոցը, այնպես էլ գունավոր օպտիկական և ոչ օպտիկական լինզաները մտել են նորաձևության մեջ՝ լրացնելով երիտասարդ աղջիկների արտաքին կերպարը: Մի կողմ թողնելով գունավոր լինզաների էսթետիկական կողմր՝ անդրադառնանք դրանց տարբերություններին և բացասական կողմերին:

Լինզան ամբողջովին չի փոխարինում ակնոցին, այն պետք է գործածել զուգահեռաբար:

1000x1000ԳՈՒՆԱՎՈՐ ԱԿՆՈՑ
Ի տարբերություն լինզայի՝ աչքի հետ անմիջական շփում չունենալու պատճառով գունավոր օպտիկական ակնոցի վտանգն այդքան մեծ չէ: Իհարկե, դա կախված է գույնի ընտրությունից և խտությունից: 30-40% խտությամբ մոխրագույնը, շագանակագույնը և կանաչն այն հիմնական երանգներն են, որ մասնագետները խորհուրդ են տալիս կրել: Աչքի համար ամենահանգիստ գույնը համարվում է կանաչը: Ընդհանրապես խորհուրդ չեն տրվում կարմիրի, դեղինի երանգները: Գունավորը հարմարավետ է հատկապես ցերեկային ժամերին՝ աչքն արևից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար: Օպտիկ Կիրակոսյանի խոսքով գունավոր կամ անգույն օպտիկական ակնոց նշանակվում է նաև բժշկի կողմից՝ հաշվի առնելով հիվանդի աշխատանքային գրաֆիկը. եթե մարդն իր աշխատանքային օրվա մեծ մասն անցկացնում է դրսում, ապա նախընտրելի է գունավորը, իսկ եթե ոչ, ապա պետք չէ աչքը ծանրաբեռնել գունային երանգով:
Անտեղյակ հաճախորդին պետք է ճիշտ ցուցումներ տրվեն նաև օպտիկական ակնոց կամ լինզա վաճառող խանութներում, որոնց թիվն այսօր օրեցօր ավելանում է, ընդ որում՝ առանց լիցենզավորման: Մինչդեռ բոլորին չէ, որ պետք է թույլատրվի զբաղվել օպտիկական ակնոցի վաճառքով:

Գունավոր լինզան հատկապես վտանգավոր է գունավորման քիմիական նյութերի առումով:

ԳՈւՆԱՎՈՐ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԼԻՆԶԱՅԻ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ
Գունավոր լինզան, անկախ այն բանից, օպտիկական է այն, թե ոչ, առավելություններ չունի, եթե չասենք, որ ունի մի շարք թերություններ: Բացի այն, որ լինզան օտար մարմին է աչքի մեջ, այս դեպքում այն առավել վտանգավոր է, քանի որ միաժամանակ գունավորված է քիմիական նյութերով: Աչքի բորբոքման և հիվանդության խորացման հավանականությունն այս դեպքում մի քանի անգամ ավելի մեծ է: Այնպես որ, գունավոր լինզա ընտրելուց առաջ նախ պետք է լավ մտածել՝ արժէ՛ արդյոք վտանգել տեսողությունը։

Նյութը՝ Սիլվա Խաչատրյանի
«Ֆարմ Արմենիա» ամսագիր, համար 4