Ի՞նչ է լապարոսկոպիկ գերնիոպլաստիկան

Ի՞նչ է լապարոսկոպիկ գերնիոպլաստիկան

12188

Այսօր ճողվածքի պլաստիկայի համար (գերնիոպլաստիկա) հաջողությամբ կիրառվում է լապարոսկոպիկ մեթոդը, որը հիվանդի համար ավելի պակաս վնասվածքային է…

Այսօր ճողվածքի պլաստիկայի համար (գերնիոպլաստիկա) հաջողությամբ կիրառվում է լապարոսկոպիկ մեթոդը, որը հիվանդի համար պակաս վնասվածքային է: Նման վիրահատությունից հետո հիվանդներն արագ են ոտքի կանգնում: Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վարդան Բորոզանը:

Մասնագետի պարզաբանմամբ՝ լապարոսկոպիկ պլաստիկա հիմնականում կատարվում է աճուկի ճողվածքի դեպքում, սակայն մեթոդը կիրառելի է նաեւ պորտի, սպիտակ գծի ճողվածքի, նաեւ հետվիրահատական եւ կրկնվող ճողվածքների դեպքերում: Սա ստանդարտ լապարոսկոպիա է. բացվում է երկու կամ երեք անցք, խոռոչ է լցվում CO2 գազ, մտցվում են էնդոսկոպն ու գործիքները, արվում է աղիքի պլաստիկան: Վիրահատությունը կատարվում է գերնիոպլաստիկ ցանցի օգտագործմամբ, որը փաթաթվում եւ նույնպես մտցվում է անցքի միջով:

Նրա խոսքով՝ մեթոդը մի շարք սահմանափակումներ ունի, մասնավորապես՝ մեծ չափերի ճողվածքների դեպքում նպատակահարմար է բաց վիրահատության կատարումը: Այն հակացուցված է նաեւ սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց պարագայում, քանի որ վիրահատության ժամանակ ներարկվող գազը կարող է ճնշում գործադրել ստոծանու վրա, ինչն այդպիսի հիվանդների դեպքում ցանկալի չէ:

Մինչդեռ լապարոսկոպիան նախընտրելի մեթոդ է աճուկային երկկողմանի ճողվածքի դեպքում. կարելի է պլաստիկան կատարել միանգամից երկու կողմից՝ առանց լրացուցիչ անցքեր բացելու, իսկ բաց վիրահատության դեպքում երկու կտրվածք է պահանջվում:

Վարդան Բորոզանը նշեց, որ լապարոսկոպիկ գերնիոպլաստիկան վիրաբույժի բարձր որակավորում է պահանջում, քանի որ, օրինակ, աճուկի ճողվածքի դեպքում պետք է պատկերացնել, թե աճուկային հատվածը ներքին ինչ տեսք ունի, այլ ոչ թե վերին հատվածը, ինչպես այն երեւում է բաց վիրահատությունների ժամանակ:

«Այս վիրահատության միակ բացասական կողմը բարձր ինքնարժեքն է: Օգտագործվող բոլոր գործիքները, որոնցով ամրացվում է պատը, մեկանգամյա օգտագործման են եւ բավական թանկ արժեն: Արդյունքում՝ լապարոսկոպիկ վիրահատությունը բացից գրեթե 2 անգամ թանկ է»,- հավելեց բժիշկը:

Վարդան Բորոզանը նշեց, որ լապարոսկոպիկ վիրահատություններն արդեն սովորական են «Աստղիկ» կլինիկայի ամենօրյա աշխատանքի համար. դա եւ խոլիցիստեկտոմիան է (լեղապարկի հեռացում), եւ ապենդէկտոմիան (կույր աղիքի ոստանման ելունի հեռացում): «Գինեկոլոգիայում այս մեթոդն ամբողջ ծավալով է կիրառվում, կատարվում է նաեւ ախտորոշման լապարոսկոպիա: Կան նաեւ այլ վիրահատություններ, որոնք ոչ շատ հաճախ, բայց կատարվում են՝ սպլինէկտոմիա (փայծաղի հեռացում), լյարդի էխինոկոկային պարկերի հեռացում, բարիատրիկ վիրահատություններ»,- ասաց նա:

Մասնավորապես՝ շատ գեր հիվանդները նիհարելու համար ենթարկվում են ստամոքսի մասնահատման, այսպես կոչված, թեւքային գաստրէկտոմիայի:

NEWS.am Medicine